Անաքսիմանդրոս
Անաքսիմանդրոս (հին հունարեն` Άναξίμανδρος, մ.թ.ա. 610-546), հին հույն փիլիսոփա, աստղագետ, աշխարհագետ։
Ծնվել է Միլեթոս քաղաքում։ Նա շարունակում է Թալեսի գիտական հետազոտությունները և առաջին անգամ իր եզրակացությունները շարադրում արձակ ձևով իր մի գրվածքի մեջ, որ անվանել է «Բնության մասին»։ Այս գիրքը մեզ չի հասել։
Անաքսիմանդրոս առաջինը նկարեց երկրի քարտեզը։ Քարտեզը նկարվել է առաջին անգամ Եգիպտոսում, բայց այնտեղ նկարել են առանձին մարզեր և այն էլ եգիպտական աշխարհագրական պատկերացումները Նեղոսի հովտի սահմաններից հեռու չի թափանցել, բայց Անաքսիմանդրոսը տվել է ամբողջ երկրագնդի քարտեզը և դրանով հիմք դրել աշխարհագրական գիտության։ Նա հայտնագործել է նաև առաջին արեգակնային ժամացույցը (գնեմոն)։[1]
Ապեյրոնի գաղափարը [խմբագրել]
Անաքսիմանդրոսը եղել է Թալեսի աշակերտը, ում նա չէր կարողանում համոզել, որ ամեն ինչի սկիզբը ջուրն է: Ըստ նրա` ամեն ինչ սկիզբն ապեյրոնն է: Այս բառը թարգմանվում է երեք տարբեր իմաստներով` սկզբնապատճառ, անորոշ, անսահման, որոնք հանդես են գալիս միասին: Ապեյրոնը գիտական վերացարկում է. մտային, հորինված, արհեստական էություն, որն իր բնույթով զգայական չէ: Անաքսիմանդրոսն զգում էր, որ նյութական երևույթից այն կողմ պետք է լինի մի ուրիշ էություն, որն էլ հենց պետք է լինի այդ նյութականի պատճառը: Ըստ նրա` ապեյրոնը ծերանալ չունի, այն անմահ է ու անոչնչանալի, ապեյրոնն ինքն է ստեղծում ամեն ինչ: Ապեյրոնից են առաջանում նախ հակադրությունները` տաքն ու սառը, չորն ու թացը, ծանր ու թեթևը և այլն, որոնցից հավերժական շարժման ու անհրաժեշտության միջոցով առաջանում է զգայական աշխարհի բոլոր ձևերը. Աշխարհն առաջանում է ապեյրոնից և պարբերաբար ապեյրոնի է վերածվում. այսինքն` աշխարհը պարբերաբար կործանվում է և նորից առաջանում:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս», էջ 156։