Արեգակնային ժամացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակնային ժամացույց Զվարթնոց, 7-րդ դար

Մակագրություն՝ ԱՂՕԹՔՆ ԱՌ ՏԷՐ ԱՄԵՆԱՅՆ ՍՈՒՐԲ ԺԱՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է։
Թվագրություն՝ Ա - 1, Բ - 2, Գ - 3, Դ - 4, Ե - 5, Զ - 6, Է - 7, Ը - 8, Թ - 9, Ժ - 10, ԺԱ - 11, ԺԲ - 12։

Արեգակնային ժամացույց, սարք, որի օգնությամբ որոշվում էր տեղային արեգակնային ժամանակը։ Սովորաբար կազմված է դեպի հարավ ուղղված թվատախտակից և ձողից։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։

Ըստ թվատախտակի դիրքի, արեգակնային ժամացույցները լինում են՝ հասարակածային, հորիզոնական և ուղղաձիգ (ստվերաչափ

Հասարակածային ժամացույցներում թվատախտակի հարթությունը զուգահեռ է երկնային հասարակածի հարթությանը (այն հորիզոնական հարթության հետ կազմում է 90°- \varphi անկյուն, որտեղ  \varphi -ն տեղի աշխարհագրական լայնությունն է)։ Ժամագծերը նշվում են թվատախտակի թե' վերին և թե' ստորին երեսներին։ Գարնանն ու ամռանը, երբ Արեգակը գտնվում է հյուսիսային կիսագնդում, օգտվում են վերին, իսկ աշնանն ու ձմռանը՝ ստորին երեսից։ Ժամագծերը տարվում են իրարից հավասար հեռավորությունների (15°) վրա, և կեսօրվա ժամագիծը ուղղվում է դեպի հյուսիս։ Հորիզոնական ժամացույցների թվատախտակի հարթությունը հորիզոնական դիրք ունի։ Ժամագծերը կեսօրի (ժամը 12-ի) գծի նկատմամբ սիմետրիկ են և տարված ըստ  \mathrm{tg}\ x = \mathrm{tg}\ t * \sin \varphi բանաձևի ( x -ը համապատասխան ժամագծի ու կեսօրի գծի միջև գտնվող անկյունն է,  t -ն՝ Արեգակի ժամային անկյունը)։

Ուղղաձիգ ժամացույցները սովորաբար պատրաստում են շենքերի հարավային պատի վրա։ Ժամագծերը տարվում են հորիզոնականին համանման և ըստ  \mathrm{tg}\ x = \mathrm{tg}\ t * \cos \varphi բանաձևի։ Հին ու միջնադարյան Հայաստանում սովորաբար օգտագործվել են ուղղաձիգ ժամացույցներ։

Դրանցից մինչև այժմ էլ պահպանվել են Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Լեռնային Ղարաբաղում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին։ Հայ բանահյուսությունում այս առանձնահատկությունն արտահայտվել է եկեղեցիժամ կոչելու ավանդությամբ։ [1]

Մատենադարանի ձեռագրերում կան Արեգակնային ժամացույցների բազմաթիվ նկարագրություններ ու սխեմաներ։ Հայ հեղինակներից ոմանք առաջարկել են հորիզոնական և ուղղաձիգ արեգակնային ժամացույցների կառուցման զուտ երկրաչափական մեթոդ՝ առանց եռանկյունաչափական բանաձևերից օգտվելու։

Բացի նշված արեգակնային ժամացույցներից, Հայաստանում մեծ տարածում են ունեցել նաև ստվերաչափերը։

Պատկերասրահ[խմբագրել]

Արեգակնային ժամացույցներ եկեղեցիների հարավային պատին

Արեգակնային ժամացույցներ խաչքարերի վրա

Արեգակնային ժամացույցներ ճարտարապետական հորինվածքներում

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գյումրեցիներն ավանդաբար եկեղեցին անվանում են ժամ հայկական եկեղեցիների հարավային պատին արևի ժամացույց լինելու պատճառով, որը և բնակավայրում եղած միակ ժամացույցն է եղել ու տեղանքի իմաստով նույնացվել է եկեղեցու հետ։ Օրինակ, Գյումրիի բարբառով ժամի քով բառացի նշանակում է եկեղեցու հարավային պատի արևային ժամացույցի մոտ, իսկ ընդհանրապես՝ եկեղեցու մոտ։

Տես նաև[խմբագրել]

Commons-logo.svg

Գրականություն[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png