Ապեյրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապեյրոն, (հունարեն՝ ἄπειρον, անվերջ), հասկացություն Անաքսիմանդրոսի փիլիսոփայության մեջ, որ նշանակում Է հավերժ շարժման մեջ գտնվող անսահման, անվերջ, անորոշ, որակազուրկ սկզբնանյութ։

Ըստ Անաքսիմանդրոսի ամեն ինչ սկիզբն ապեյրոնն է։ Այս բառը թարգմանվում է երեք տարբեր իմաստներով՝ սկզբնապատճառ, անորոշ, անսահման, որոնք հանդես են գալիս միասին։ Ապեյրոնը գիտական վերացարկում է. մտային, հորինված, արհեստական էություն, որն իր բնույթով զգայական չէ։ Անաքսիմանդրոսն զգում էր, որ նյութական երևույթից այն կողմ պետք է լինի մի ուրիշ էություն, որն էլ հենց պետք է լինի այդ նյութականի պատճառը։ Ըստ նրա՝ ապեյրոնը ծերանալ չունի, այն անմահ է ու անոչնչանալի, ապեյրոնն ինքն է ստեղծում ամեն ինչ։ Ապեյրոնից են առաջանում նախ հակադրությունները՝ տաքն ու սառը, չորն ու թացը, ծանր ու թեթևը և այլն, որոնցից հավերժական շարժման ու անհրաժեշտության միջոցով առաջանում է զգայական աշխարհի բոլոր ձևերը. Աշխարհն առաջանում է ապեյրոնից և պարբերաբար ապեյրոնի է վերածվում. այսինքն՝ աշխարհը պարբերաբար կործանվում է և նորից առաջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png