Աղասի Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղասի Թադևոսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1966(1966-10-31) (57 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1991) և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունազգագրագետ
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան

Աղասի Զավենի Թադևոսյան (հոկտեմբերի 31, 1966(1966-10-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մշակութային մարդաբան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղասի Թադևոսյանը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 31-ին Երևան քաղաքում։

1985-1987 թվականներին ծառայել է խորհրհային բանակում։ 1991 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և նույն թվականին ընդունվել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ուր 1993 թվականից մինչ օրս աշխատում է որպես ավագ գիտաշխատող[2]։ 2000 թվականից զուգահեռաբար դասավանդում է նաև Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության, հնագիտության և ազգագրության ամբիոններում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի ատենախոսությունը՝ «Դարբինը հայոց ծիսակարգում» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի կոչում՝ ազգագրություն մասնագիտացմամբ[3]։ 2001 թվականին արժանացել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնական» մրցանակին։ Միջազգային հեղինակավոր Ֆուլբրայթ ակադեմիական կրթաթոշակառու է։ 2012-2013 թվականների ուսումնական տարում որպես Ֆուլբրայթի հրավիրյալ հետազոտող աշխատել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում։ Հետազոտական համագործակցություն է ունեցել աշխարհի տարբեր առաջատար համալսարանների հետ։ Իր գիտական հետազոտությունները ներկայացնող զեկույցներով հանդես է եկել Քեմբրիջի, Զալցբուրգի, Օսլոյի և մի շարք այլ միջազգային համալսարաններում։

Գիտական հետաքրքրությունների շրջանակներն են Հայաստանի ավանդական և ժամանակակից մշակույթը, պատմաճարտարապետական ժառանգությունը, ժողովրդական կյանքի առօրեականությունը, միգրացիոն գործընթացների մշակութաբանական տեսանկյունները, ուշխորհրդային շրջանում Հայաստանի հասարակությանը բնորոշ սոցիալ-մշակութային փոխակերպումները, հետխորհրդային հայկական հասարակության սոցիալական շերտավորման գործընթացները և դրա մշակութաբանական առանձնահատկությունները։ Մասնավորապես, ուշխորհրդային առօրեականության մոդեռնիզացիան, հետխորհրդայինում խորհրդային ժառանգության խնդիրները, քաղաքացիական շարժումները, միգրացիան և առօրեականությունը, աղքատությունը և առօրեականությունը, քաղաքային առօրեականության հետխորհրդային փոխակերպումները, երիտասարդության հիմնախնդիրները։

Աղասի Թադևոսյանը հրատարակել է 18 հեղինակային ու համահեղինակային մենագրություն և 92 գիտական հոդված հայերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և հունարեն լեզուներով։

Հրատարակած մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գոյատևման ռազմավարությունը և հասարակական շերտավորման պատկերը Հայաստանում 1991-1996 թթ., Երևան, 1998։
  2. Անցումային շրջանի էթնոհոգեբանական փոփոխությունների առանձնահատկությունները Հայաստանում 1991-1998 թթ., Երևան, 1998։
  3. Երևան. Խաղային տարրերը 1988-1989 թթ. ղարաբաղյան հանրահավաքներում, Երևան, 1999։
  4. Արժեքային գործընթացները և միտումները Հայաստանում 1991-1998 թթ., Երևան, 2000։
  5. Քաղաքացիական հասարակության հիմքերն ու հնարավորությունները Հայաստանում, Երևան, 2000։
  6. Ազգային գաղափարախոսւթյան սահմանները և բովանդակությունը, Երևան, 2000։
  7. ՀՀ ազգային փոքրամասնություններն այսօր (Թադևոսյան Ա., Գաբրիելյան Մ., Դոլժենկո Ի., Մկրտումյան Յու., Սարգսյան Հ.), h.1, Երևան, 2000։
  8. Աղքատության հաղթահարման ռազմավարությունը և զբաղվածության հիմնախնդիրը Հայաստանում, Երևան, 2001։
  9. Դարբինը հայոց մշակույթում, Հայոց ժողովրդական մշակույթը և ինքնությունը (Թադևոսյան Ա., Պետրոսյան Հ., խմբ. Աբրահամյան Լ., Սվիզի Ն.), Ինդիանա համալսարանի հրատարակչություն, 2001։
  10. Աղքատության և գոյատևման պատկերը ՀՀ-ում (Թադևոսյան Ա., Գաբրիելյան Մ.), Երևան, 2003։
  11. Նորավանք (պատմաճարտարապետական համալիրը), (Թադևոսյան Ա., Ամիրյան Վ.), Երևան, 2004։
  12. Կեչառիս(պատմաճարտարապետական համալիրը), (ԹադևոսյանԱ., Ամիրյան Վ.), Երևան, 2004։
  13. Ախթալա (ամրոցը և վանական համալիրը), Երևան, 2007։
  14. Սանահին (վանական համալիրը), (Թադևոսյա նԱ., Ամիրյան Վ.), Սբ. Էջմիածին, 2007։
  15. Գոշավանք (վանական համալիրը), (Թադևոսյան Ա., Ամիրյան Վ.), Սբ. Էջմիածին, 2007։
  16. Դարբինը Հայոց Ծիսակարգում։ Հայ ազգագրություն և բանահյուսություն, h. 23, Երևան, 2007[4]։
  17. Ախթալա. Պատմությունը և ներկան, Երևան, 2010։
  18. Միգրացիա և առօրեականություն. Ճանապարհորդություն մշակույթների ու պրակտիկաների սահմանագծին, Երևան, 2014։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» (PDF).
  2. «Աղասի Թադևոսյան». ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Աղասի Թադևոսյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]