ONUKA (ուկրաիներեն՝ «Онука», Թոռնուհի), ուկրաինական էլեկտրո-ժողովրդական երաժշտական խումբ։ Ստեղծվել է 2013 թվականին երաժիշտներ Եվգեն Ֆիլատովի և Նատալյա Ժիժչենկոյի կողմից[2][3][4]։ Խմբի մյուս անդամներն են Դարինա Սերտը (ստեղնաշարայիններ, բեք վոկալիստ), Մարիա Սորոկինան (հարվածային գործիքներ) և Եվգեն Յովենկոն (բանդուրա)։ Խմբի գործիքավորումը ներառում է էլեկտրոնային հարվածային գործիքներ, տրոմբոններ, գալարափող և ուկրաինական ազգային երաժշտական գործիքներ` բանդուրա և սոպիլկա[5]։
Օնուկա բառն ուկրաիներենից թարգմանաբար նշանակում է «թոռնուհի», և խումբն այդպես է կոչվել ի պատիվ երգչուհի Նատա Ժիժչենկոյի պապի՝ ազգային երաժշտական գործիքներ ստեղծող հայտնի վարպետ Ալեքսանդր Շլյոնչիկի[6]։ Ժիժչենկոն իր երաժշտական կարիերան սկսել է «Tomato Jaws» երաժշտական խմբում, որը հիմնադրել է եղբոր հետ։ «Tomato Jaws» խումբը ակտիվ է եղել 11 տարի[7]։ Խմբի մի քանի երգերի ռեմիքսներ են արվել Ֆիլատովի «The Maneken» խմբի կողմից, և ի վրջո ստեղծվել է Օնուկան։ Գլխավոր երգիչ Նատա Ժիժչենկոն հավատում է, որ կարող է վերակենդանացնել հին ավանդույթները և դասական ժողովրդական գործիքները (ինչպիսիք են բանդուրան և սոպիլկան), որոնք անհետացել են խորհրդային ժամանակներում[8]։
2017 թվականին Օնուկան ելույթ է ունեցել «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ընդմիջման ժամանակ՝ հանդես գալով NAONI ժողովրդական նվագախմբի հետ[9]։
Օնուկայի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 15-ին և ազատ հասանելի է համացանցում[10][11]։ Այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը iTunes-ում[12][13][14]՝ առաջ անցնելով Օկեան Էլզի խմբից[15]։ Նրանց առաջին մինի ալբոմը, որ կոչվում է Look, թողարկվել է մայիսի 15-ին և iTunes-ում իր նորամուտը կատարել է առաջին հորիզոնականում[16]։ Օնուկան իր երկրորդ մինի ալբոմը՝ Vidlik , թողարկել է 2016 թվականի փետրվարի 8-ին։ Վերջինս ներառում էր 5 երգ` Svitanok, Vidlik, Other (Intro), Other և 19 86[17] (ուկրաիներեն և անգլերեն[18][19]): Ժիժչենկոն նշում է Չերնոբիլի աղետը և դրա ազդեցությունը Ուկրանիայի ու ալբոմի վրա[20]։ Մինի ալբոմի անվանումը՝ Vidlik, նշանակում է նոր սկիզբ կամ հետհաշվարկ[21]։