Օկտավիան Գոգան ծնվել է ՏրանսիլվանիայիՍիբիու քաղաքի Ռեշինարի գյուղում։ Ավարտել է Բուդապեշտի համալսարանը։ Եղել է ռումինական ազգայնական շարժման ակտիվ ներկայացուցիչ Տրանսիլվանիայում։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը, ձերբակալվել է հունգարական իշխանությունների կողմից։ Մի քանի անգամ, մինչև Ռումինիայի և Տրանսիլվանիայի միավորումը, թաքնվել է Ռումինիայում, որտեղ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի գրական և քաղաքական կյանքում։ 1920 և 1926 թվականներին զբաղեցրել է Արվեստների և ներքին գործերի նախարարի պաշտոնները՝ գեներալ Ալեքսանդր Ավրեսկու կառավարությունում։ 1935 թվականին գլխավորել է պրոֆաշիստական Ազգային-քրիստոնեական կուսակցությունը։ 1930-ական թվականներին մասնակցել է ռումինական մի քանի բանկերի և մոնոպոլիաների կառավարմանը, որոնց միջոցով էլ կապ է հաստատել արտասահմանյան կապիտալի հետ։ 1937 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 1938 թվականի փետրվարի 11-ը զբաղեցրել է Ռումինիայի վարչապետի պաշտոնը։ Գոգայի կառավարությունը, որի կազմի մեջ մտել է նաև Ալեքսանդր Կուզան, վարել է ազգայնական պրոֆաշիստական քաղաքականություն՝ արտաքին քաղաքականության մեջ ուղղված լինելով դեպի հիտլերյան Գերմանիա։ Ընդունել է մի քանի հակասեմական օրենքներ, որոնցով հրեաները զրկվում էին ռումինական քաղաքացիությունից։
Իշխանությունից հեռացվելուց հետո՝ Օկտավիան Գոգան հաստատվել է Տրանսիլվանիայի իր կալվածքներում, որտեղ էլ 1938 թվականի մայիսի 7-ին մահացել է գլխուղեղի արյան զեղումից։