Օգինսկու ջրանցք
Օգինսկու ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | Բելառուս[1][1] |
Վարչատարածքային միավոր | Բրեստի մարզ |
Ջրահավաքի տարածք | Պրիպյատի լողավազան |
Օգինսկու ջրանցք, նաև՝ Դնեպր-Նեմանյան ջրանցք, 1767—1783 թվականներին կառուցված ջրանցք ներկայիս Բելառուսի Հանրապետության տարածքում։ Իրար է միացնում Պրիպյատի ավազանի Յասելդա և Նեմանի ավազանի Շչարա գետերը, դրանով իսկ միմյանց է կապում Բալթիկ և Սև ծովերը[2]։ Ջրանցքի մաս են կազմում Վիգոնոշչանսկոյե և Վուլկովսկոյե լճերը։ Ջրանցքի ընդհանուր երկարությունը մոտավորապես 55 կիլոմետր է (այդ թվում՝ 5 կիլոմետրը Վիգոնոշչանսկոյե լճով)։ Ջրանցքի վրա գործել է երկու նավամատույց՝ Տելեխանին և Օգինսկայան։ Սկզբնապես ջրային այս ուղին կրել է Տելեխանյան ջրանցք անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրանցքը կոչվել է նրա շինարարությունը նախաձեռնած Միխայիլ Կազիմիր Օգինսկու անունով։ (kanal wieki Pinski czyli port Oginski)։ Շինարարության վրա ծախսվել է 12 միլիոն լեհական զլոտի, որի մի մասը հատկացրել է Պինսկ քաղաքի դատավոր Մատեյ Բուտրիմովիչը Հենց վերջինս էլ կազմակերպել է շինաշխատանքները՝ մասնագետներ է հրավիրել, բանվորներ վարձել․․․ Շինարարների հիմնական գործիքները եղել են բահերը, սղոցները, կացինները։ Փոխադրումները կատարվել են ձիասայլերով ու եզասայլերով։
Ջրանցքը շահագործման է հանձնվել 1783 թվականին։ XIX դարում շոգենավերը օրական երկու անգամ երթևեկել են Պինսկ – Տելեխանի և Պինսկ – Սլոնիմ ուղղություններով։ Անցել են նաև նավեր, որոնք օգտագործել են ոչ թե շոգու, այլ մարդկանց կամ ձիերի ուժը։ Անցնող յուրաքանչյուր նավից որոշակի գումար է գանձվել, որով հոգացվել են ջրանցքի պահպանության ծախսերը։
Ջրանցքի շահագործման շնորհիվ բուռն թափով զարգացել են մերձակա բնակավայրերը։ Ի նշան երախտագիտության՝ Ռեչ Պոսպոլիտան որոշել է հուշարձան կանգնեցնել Օգինսկուն (դա արտացոլվել է նույնիսկ 1768 թվականի սահմանադրության մեջ), վերջինիս է ընծայել Լագիշին և Միշկովցե գյուղերը։
Ջրանցքը այնքան էլ խոր չէր, և երաշտ տարիներին դրանով նավարկությունն ու անտառանյութի լաստարկումը դժվարանում էր, այդ պատճառով էլ ռուսաց թագավոր Պավել Առաջինի հրամանագրով 60 հազար ռուսական ռուբլի է հատկացվել ջրանցքը խորացնելու և լայնացնելու համար։ Նորոգման այդ աշխատանքներն իրականացվել են 1799–ից 1804 թվականներին, և ջրանցքի լայնությունը հասցվել է տասը մետրի։ Ռուսական մեկ այլ ցարի՝ Ալեքսանդր Առաջինի 1804 թվականի հրամանագրով[3] համապատասխան սակագներ են սահմանվել ջրանցքով անցնող նավերի ու լաստերի համար։
Գրոդնոյի վիճակագրական կոմիտեի փաստաթղթերում արձանագրված է, որ հենց միայն 1836 թվականին ջրանցքով փոխադրվել են 1,5 միլիոն ռուսական ռուբլի ընդհանուր արժողությամբ բեռներ՝ աղ, հացահատիկ, վուշի սերմեր, վարսակ, ճարպ, ոլոռ, սիսեռ, տարեկան գարի, կավե ու հախճապակե ամանեղեն, ապակի, աղյուս, ծխախոտ, երկաթ ու մետաղյա ապրանքներ, զարդեր, մետաքս, գինի և այլն։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ջրանցքը խիստ վնասվել է․ ջրատեխնիկական բոլոր կառույցները պայթեցվել ու այրվել են։
Արևմտյան Բելառուսիան Լեհաստանին միացվելուց հետո լեհական իշխանություններն ակտիվորեն ձեռնամուխ են եղել ջրանցքի վերականգնման ու նորացման աշխատանքներին, և ջրային այդ ուղին կարճ ժամանակում դարձյալ շարք է վերադարձվել ու մինչև 1939 թվականը հաջողությամբ շահագործվել։
1939–ից 1941 թվականներին հիմնականում ծառայեցվել է անտառափայտ լաստարկելու, դեպքից դեպք՝ նաև ուղևորներ փոխադրելու նպատակներին։
1942 թվականին խորհրդային պարտիզանների և գերմանական զորքերի միջև այստեղ ծավալված կռիվների հետևանքով ջրանցքի նավարկային համակարգը ավերվել է և այլևս չի վերականգնվել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պլանավորվել է վերականգնել Կասպից ու Սև ծովերը ամենակարճ ճանապարհով Բալթիկ ծովին կապող ջրուղին՝ նրան շնորհելով «միութենական նշանակության օբյեկտի» կարգավիճակ, բայց այդ պլաններն այդպես էլ կյանքի չեն կոչվել[4]։ 1960-ական թվականներին, երբ պայթեցվել են դեռևս պահպանված ջրարգելակներն ու ամբարտակները, ջրանցքը վերջնականապես դարձել է օգտագործման համար ոչ պիտանի։
Օգինսկու ջրանցքը, որ XVIII դարի ինժեներական մտքի հրաշքի համբավ է ունեցել, ներկայումս հիմնականում զբոսաշրջային հետաքրքրության առարկայի է վերածվել։ Հույս կա, որ այն կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Մոտավոր հաշվարկներով՝ նրա վերականգնման համար կպահանջվի ավելի քան 40 միլիարդ ռուբլի[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ Аляксеев Л. В. Гродна i помнiкi Панямоння.(բելառուս.)
- ↑ «Указ Императора Александра I Именный, данный Сенату. — О штатѣ чинамъ для присмотра за судоходствомъ по рѣкѣ Нѣмену и Огинскому каналу, и объ учрежденiи сбора съ проходящихъ по онымъ судовъ и плотовъ».
- ↑ «Тюльпанов А. И., «Краткий справочник рек и водоёмов СССР» Мн. 1948». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «В нынешнем году начнется реконструкция Огинского канала».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) Деловая газета, июнь 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Канал Огинского
- Огинский водный путь. Старая карта. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Огинский канал на Яндекс.Карты.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգինսկու ջրանցք» հոդվածին։ |
|