Տավրիդա (հյուրանոց, Յալթա)
Տեսակ | հյուրանոց |
---|---|
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Հիմնադրված է | 1875 |
Պաշտոնական կայք |
«Տավրիդա» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Таврида»), հյուրանոց Ղրիմի Յալթա քաղաքի կենտրոնում` Լենինի անվան առափնյա փողոց, 13 հասցեով։ Շենքը կառուցվել է 1875 թվականին որպես «Ռոսիա» հյուրանոց։ 1960 թվականից կոչվում է «Տավրիդա»[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռահարկ մեծ շենքը կառուցվել է 1875 թվականին։ Այնտեղ գործել է «Ռոսիա» հյուրանոցը, որը կառուցվել էր «Յալթայում կյանքի հարմարավետությունները տարածելու» բարեգործական ընկերության նախաձեռնությամբ։ Այն ժամանակ դա առաջին հարկում շքեղ ռեստորանով և 150 համարով հարմարավետ հյուրանոց էր։ Ավելի ուշ հյուրանոցի ճակատի դիմաց, ստորին մասում գտնվող մանրածախ առևտրային տարածքների տանիքներին կառուցվել է փոքրիկ պուրակ` հագստի վայրերով, սրճարանով և էստրադայով։ Հյուրանոցը կառուցվել է ճարտարապետ Ա. Վինբերգի նախագծով։ Դա ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի լավագույն հյուրանոցներից մեկն էր. մարմարե բազմաստիճան շատրվաններով վենետիկյան ատրիում բակեր, չորս մետր բարձրությամբ առաստաղներ, պատերի 1,2 մետր հաստություն, տախտակապատված ընդարձակ ու թեթև ծածկապատշգամբներ, ապակե տանիքներով օդային ձեղնահարկեր, կռածո ցանկապատեր և կաղնու բազրիքներով նրբագեղ մարմարե աստիճաններ[2]։
1876 թվականի օգոստոսին բուժվելու և հանգստանալու համար Յալթա է եկել Նիկոլայ Նեկրասովը։ Մեծ բանաստեղծը բնակվել է «Ռոսիա» հյուրանոցի թիվ 68 համարում։ Առաջին համարում ապրել է հայտնի բժիշկ Սերգեյ Բոտկինը[2]։
1879 թվականի ամռանը որոշ ժամանակ հյուրանոցում է ապրել կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։ Քաղաքի թատրոնում և «Ռոսիա» հյուրանոցի դահլիճում նա կատարել է իր ստեղծագործությունները[2]։
1894 թվականին մեծանուն գրող Անտոն Չեխովը երրորդ անգամ է այցելել Յալթա` ապրելով այս հյուրանոցի թիվ 39 համարում։ Այստեղ նա գրել է «Ուսանող» («Երեկոյան») պատմվածքը[2]։
1900 թվականի ապրիլին Յալթա էին ժամանել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանները` հիվանդ Չեխովին նրա «Ճայը» և «Քեռի Վանյա» պիեսները ցույց տալու համար։ Կոնստանտին Ստանիսլավսկու և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ղեկավարած թատրոնի դերասաններից շատերը հյուրախաղերի ընթացքում ապրել են այս հյուրանոցում[2]։
Խորհրդային տարիներին, 1927 թվականի օգոստոսին, բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին կանգ է առել «Ռոսիայում»։ Նա ապրել է նույն սենյակում, ինչ դրանից 50 տարի առաջ` Նիկոլայ Նեքրասովը[2]։
1917 թվականի հեղափոխությունից հետո շենքում եղել է առողջարանային պանսիոն, իսկ նախապատերազմական տարիներին` 300-տեղանոց «Բոլշևիկ» առողջարանը։ 1960 թվականին այստեղ բացվել է «Տավրիդա» հյուրանոցը[2]։
1990-ական թվականների վերջում «Տավրիդա» հյուրանոցի շենքում հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է շենքի տանիքն ու վերին հարկերը։ 2005 թվականին «Կոնսոլ» ընկերությունը վերակառուցել է հյուրանոցը` աղավաղելով նրա պատմական տեսքը։ Ավելացվել է ևս մեկ հարկ, ծածկվել են մուտքի աջ ու ձախ կողմում եղած երկու լողավազանները։ Սադովայա փողոցի կողմի ճակատին, կենտրոնական «աշտարակիկի» վերին մասում «Կոնսոլը» փակցրել է իր ընկերության անունը։ Փոքր-ինչ փոխվել է նաև հյուրանոցի բնույթը. այժմ այն «Տավրիդա» պրեզիդենտ-հոթել է և վարձակալությամբ տրվող բիզնեսի տարածքներ ունեցող բնակելի համալիր[2]։
Մուտքի մոտ փակցված է մարմարե հուշատախտակ, որի վրա անմահացվել են հյուրանոցի հայտնի հյուրերի` Ն. Նեկրասովի, Ա. Չեխովի, Ն. Ռերիխի, Ֆ. Շալյապինի, Կ. Ստանիսլավսկու, Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի և շատ ուրիշների անունները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Гостиница «Таврида»».
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |