Jump to content

Վենետիկի գեղանկարչության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վենետիկի գեղանկարչության դպրոց (իտալ.՝ La pittura veneta (o scuola veneta)), Իտալիայի գեղանկարչական արվեստի հիմնական դպրոցներից։ Հիմնական զարգացումն ստացել է 15-րդ դարից-16-րդ դարերում։ Գեղարվեստի այդ դպրոցի համար հատկանշական են գերակշռող գեղանկարչական սկզբունքները, վառ գունագեղ լուծումները, յուղաներկով գեղանկարների ճկուն արտահայտչական հնարավորությունների խորացված կարողությունները։

Վենետիկի լիարյուն կենսախինդ գեղանկարչությանը հատուկ է վառ հուզականությունը, լուսաստվերի մեղմությունը, յուղաներկերով գեղանկարչության պլաստիկաարտահայտչական հնարավորությունների կատարյալ տիրապետումը, կոլորիտի խնդիրների և նրանց նրբարվեստ լուծման հանդեպ հատուկ ուշադրությունը։ Վենետիկի դպրոցի վարպետների գործերում Վերածննդի գաղափարներն ու ոգին արտահայտվել են ողջ խորությամբ, ուրույն արտահայտչականությամբ։ Վենետիկի դպրոցը սկսել է զարգանալ 16-րդ դարից։ Բարձր վերելքի է հասել 15-րդ դարի 2-րդ կեսին, Վերածննդի դարաշրջանում, երբ Վենետիկը հարուստ պատրիկյան հանրապետություն էր և Միջերկրայքի խոշոր առևտրական կենտրոն։ Վաղ վենետիկյան Վերածննդի վարպետներ Վիվարինի եղբայրների, Վ․ Կարպաչչոյի ստեղծագործություններում գնալով աճել է աշխարհի ռեալիստական պատկերման, ծավալի ու տարածության արտահայտման ձգտումը։ Անտոնելլո դա Մեսինայի (որը Վենետիկ բերեց յուղաներկ գեղանկարչության տեխնիկան) և հատկապես Ջովաննի Բելլինիի ստեղծագործության մեջ նկատելի է անցումը Բարձր Վերածննդի արվեստին։ Պարզունակ պատմողականությանը փոխարինել է ձգտումը՝ ստեղծելու աշխարհի ընդհանրացված պատկերը, ուր բարոյապես վեհ մարդկային կերպարները բնականորեն ներդաշնակ են բանաստեղծականորեն ոգեշունչ բնությանը։ 15-րդ դարի կեսի գեղանկարչության որոշ գրաֆիկական չորությանը փոխարինել է ավելի մեղմ ու ազատ երփնագրումը, լույսի և գույնի, լուսաստվերի նուրբ աստիճանավորման վրա հիմնված ամբողջական, ներդաշնակ գունաշարը։ Զորջոնեի U Տիցիանի ստեղծագործությամբ Վենետիկի դպրոցը 16-րդ դարի 1-ին կեսին հասել է իր բարձունքին։ Զորջոնեի աշխատանքներում դասականորեն է արտահայտվել մարդու և բնության ներդաշնակ միասնության թեման, իսկ Տիցիանի արվեստում արտահայտվել է Վենետիկի դպրոցին հատուկ կերպարների կենսուրախությունն ու գունային լիարյունությունը, գեղանկարչության հյութալի հուզականությունը։ 1453 թվականին թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով Վենետիկը հետզհետե կորցրել է իր առևտրական նշանակությունը։ 16-րդ դարի կեսից Իտալիայով մեկ տարածված ֆեոդալակաթոլիկական ռեակցիան հանգեցրել է ռենեսանսային կենսահաստատ աշխարհայացքի ճգնաժամի։ Սակայն իր անկախությունն ու հարստությունը պահպանող Վենետիկի հանրապետությունում Վերածննդի արվեստի ավանդույթները ավելի երկար են պահպանվել, քան Իտալիայի մյուս մասերում։

Ուշ վենետիկյան Վերածննդի վարպետների աշխատանքներում աշխարհի գունային հարստության արտացոլումը, տոնական ճոխ տեսարանների նկատմամբ սերը, զուգված բազմադեմ ամբոխի պատկերումը հարևանում են տարերային տիեզերական ուժերով լի բնության անսահմանության և շարժումի դրամատիկական զգացողությանը, մարդկային մեծ զանգվածների վառ հոգեկան պոռթկումներին։ Բասանոյի գործերը հավաստում են գյուղացիների աշխատանքային առօրյայի գեղեցկությունն ու կարևորությունը։ Ուշ Վերածննդի Վենետիկի վարպետների գործերին ներհատուկ են գեղանկարչության եղանակների բացառիկ բազմազանությունը, գունահարաբերումների բարդությունն ու նրբությունը։ 16-րդ դարի 2-րդ կեսի Վենետիկի վարպետների բարդ, հակասական որոնումների ընթացքում ստեղծվել են նոր գեղարվեստական ձևեր ու սկզբունքներ, որոնք հսկայական ազդեցություն են գործել 17-րդ դարի եվրոպական արվեստի զարգացման վրա։ Սկզբնավորվել են նոր ժանրեր՝ պատմություն, մարտանկարչական և ժանրային գեղանկարչություն, խմբանկար։ 17-րդ դարի Վենետիկյան դպրոցը ապրել է ստեղծագործական անկում։ Դ․ Ֆետտիի, Բ․ Ստրոցիի, Լիսսի կրոնական ու ժանրային կոմպոզիցիաներում բարոկկոյի երփնագրային եղանակը, Կարավաչոյի ազդեցությունը գոյակցել են Վենետիկյան դպրոցին բնորոշ պրոբլեմների նկատմամբ հետաքրքրության հետ։ Վենետիկի դպրոցը նոր ծաղկում է ապրել 18-րդ դարում, երբ իր պետական ինքնուրույնությունը պահպանած Վենետիկի հանրապետությունը դարձել է օտարերկրացիների կողմից բաժան-բաժան արված Իտալիայի գլխավոր կենտրոններից մեկը։ Այդ շրջանում են ստեղծվել Ջ․ Բ․ Տիեպոլոյի՝ բարոկկոյի և ռոկոկոյի տարրերով առլեցուն մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը, Ջ․ Բ․ Պիացետայի բանաստեղծականությամբ լի ու Պ․ Լոնգիի թեթև ծաղրանքով ներթափանցված ժանրային գործերը։ Լայն տարածում է գտել օդեղեն նուրբ շղարշով պարուրված ճարտարապետական բնանկարը։ Վենետիկի բանաստեղծական առօրյային են նվիրված Ֆ․ Դվարդիի մտերմիկ, քնարական, թափանցիկ գունաշարով բնանկարները։ 18-րդ դարի Վենետիկի նկարիչների սևեռուն հետաքրքրությունը լուսաօդային միջավայրի պատկերման պրոբլեմների հանդեպ նախադուռ է հանդիսացել 19-րդ դարի գեղանկարիչների պլենէրային որոնումների համար։

Առանձնացնում են դպրոցի հետևյալ վառ ներկայացուցիչներին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետիկի գեղանկարչության դպրոց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 371