Jump to content

Վեգետատիվ նյարդային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեգետատիվ նյարդային համակարգ
Վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ (ցույց է տրված կարմիրով) և պարասիմպաթիկ (ցույց է տրված կապույտով) բաժինները
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
ԵնթադասԾայրամասային նյարդային համակարգ, subdivision of nervous system?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԾայրամասային նյարդային համակարգ
Կազմված էՍիմպատիկ նյարդային համակարգ և Պարասիմպատիկ նյարդային համակարգ
Լատիներեն անվանումAutonomici systematis nervosi
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
autonomic nervous system development?
MeSHA08.800.050
Foundational Model of Anatomy9905
Terminologia Anatomica 98A14.3.00.001
Նկարագրված էՍովետական մեծ հանրագիտարան (1926—1947)

Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգ[2] (լատին․՝ vegetatio՝ գրգռում, լատին․՝ vegetativus՝ բուսական), ծայրամասային նյարդային համակարգի բաժին, կենտրոնական և ծայրամասային բջջային կառույցների համալիր, որը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիոնալ մակարդակը, որն անհրաժեշտ է նրա բոլոր օրգան համակարգերի ճշգրիտ ռեակցիայի համար։ Վեգետատիվ նյարդային համակարգը կարգավորում է ներքին օրգանների գործունեությունը, ներզատական և արտազատական գեղձերի արյունատար և ավշային անոթների գործառույթները[3]։ Այն կարևոր դեր է կատարում ներքին միջավայրի կայունության պահպանման և բոլոր ողնաշարավոր կենդանիների հարմարողական ռեակցիայի իրականացման գործում։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը կենտրոնական նյարդային համակարգից։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է սիմպաթիկ, պարասիմպաթիկ ու մետասիմպաթիկ բաժիններից[4][5][6][7], որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների կենտրոնները գտնվում են մեծ կիսագնդերի կեղևի և հիպոթալամիկ կենտրոնների հսկողության տակ[8]։ Սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժիններն ունեն կենտրոնական և ծայրամասային բաժիններ։ Կենտրոնական մասը կազմված է նեյրոնների մարմիններից, որ գտնվում են ողնուղեղում և գլխուղեղում։ Նյարդային բջջիջների այդպիսի կուտակումները կոչվում են վեգետատիվ կորիզներ։ Կորիզներից հեռացող նյարդաթելերը՝ վեգետատիվ նյարդաթելերը, որոնք գտնվում են կենտրոնական նյարդային համակարգից դուրս, և ներքին օրգանների պատերի նյարդային կուտակումները ձևավորվում են վեգետատիվ նյարդային համակարգի ծայրամասային բաժինը։ Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները օրգաններից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։

Սիմպաթիկ կորիզներըը գտնվում են ողնուղեղում։ Նրանից դուրս եկող նյարդաթելերն ավարտվում են ողնուղեղից դուրս՝ սիմպաթիկ հանգույցներում, որոնցից սկիզբ են առնում այն նյարդաթելերը, որոնք հասնում են բոլոր օրգաններին։

Պարասիմպաթիկ կորիզներ գտնվում են միջին ուղեղում, երկարավուն ուղեղում և ողնուղեղի սրբանային հատվածում։ Երկարավուն ուղեղի կորիզների նյարդաթելերը մտնում են թափառող նյարդերի կազմի մեջ։ Սրբանային հատվածի կորիզներից նյարդաթելերը գնում են դեպի աղիքներ, արտաթորության օրգաններ։

Մետասիմպաթիկ նյարդային համակարգը ներկայացված է նյարդային ցանցի և մանր նյարդահանգույցների ձևով մարսողական համակարգի, միզապարկի, սրտի և մի քանի այլ օրգանների պատերին։

Վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կախված չէ մարդու կամքից։ Դա նշանակում է, որ սովորական պայմաններում մարդն իր կամքով չի կարող ստիպել, որ սիրտն ավելի դանդաղ բաբախի կամ ստամոքսի մկանները չկծկվեն։ Այնուամենայնիվ, ՎՆՀ-ի կողմից վերահսկվող բազմաթիվ գործընթացների վրա գիտակցական ազդեցություն ունենալու համար կարելի է օգտագործել հատուկ մեթոդներ, օրինակ՝ կենսաբանական հետդարձ կապի մեթոդների օգտագործմամբ։

Սիմպաթիկ նյարդային համակարգն ուժեղացնում է նյութափոխանակությունը, բարձրացնում հյուսվածքների մեծ մասի գրգռողականությունը, մոբիլիզացնում օրգանիզմի ուժերն ակտիվ գործունեության համար։ Պարասիմպաթիկ նյարդային համակարգը նպաստում է էներգիայի սպառված պաշարների վերականգնմանը, կարգավորում օրգանիզմի աշխատանքը քնի ընթացքում։

Ինքնավար համակարգի հսկողության տակ են գտնվում արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, բազմացման օրգանները, ինչպես նաև նյութափոխանակությունն ու աճը։ Փաստորեն, ՎՆՀ-ի էֆերենտ բաժինն իրականացնում է բոլոր օրգանների և հյուսվածքների գործառույթների նյարդային կարգավորումը, բացի կմախքի մկաններից, որոնք վերահսկում է մարմնական նյարդային համակարգը։

Ի տարբերություն մարմնական նյարդային համակարգի՝ շարժուն էֆեկտորային նեյրոնն ինքնավար նյարդային համակարգում գտնվում է ծայրամասում, և ողնուղեղը միայն անուղղակիորեն է կառավարում նրան ազդակներով։

Նյարդային համակարգի ինքնավար համակարգ, վիսցերալ (ընդերային) համակարգ, սիմպաթիկ համակարգ տերմինները միանշանակ չեն։ Ներկայում սիմպաթիկ են համարվում միայն ընդերային համակարգի նյարդաթելերի մի մասը։ Սակայն տարբեր հեղինակներ «սիմպաթիկ» տերմինը օգտագործում են տարբեր իմաստներով.

  • նեղ իմաստով՝ ինչպես գրված է վերոնշյալ նախադասության մեջ,
  • որպես «ինքնավար» տերմինի հոմանիշ,
  • որպես ամբողջ վիսցերալ («վեգետատիվ»)[9] նյարդային համակարգի (ինչպես զգայական, այնպես էլ էֆերենտ) անվանում։

Տերմինաբանական խառնաշփոթ է առաջանում նաև այն ժամանակ, երբ ինքնավար կոչվում է ամբողջ վիսցերալ համակարգը (և՛ աֆերենտ, և՛ էֆերենտ)։

Սիմպաթիկ նյարդային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպաթիկ բաժինը կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Նրանցից առաջին ողնուղեղի պարանոցային 8-րդ, կրծքային ու գոտկային վերին երեք հատվածների կողմնային եղջյուրներում գտնվող սիմպաթիկ նեյրոններն են, իսկ երկրորդը՝ սիմպաթիկ նյարդաթելերն ու սիմպաթիկ նյարդային հանգույցները։ Սիմպաթիկ նյարդաթելերը նյարդավորում են ներքին օրգանները,մաշկը,արյունատար անոթները։

Սիմպաթիկ բաժինը տագնապի, պաշտպանության, պահուստային ուժերի միավորման համակարգ է, որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը, պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները, արյան մակարդումը, իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվում են ադրենալինը և նորադրենալինը։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական ազդեցություն։ Այս օրինաչափությունն ուսումնասիրել են Լևոն Օրբելին ու Ա. Գինեցինսկին։ Նրանք բացահայտել են, որ սիմպաթիկ նյարդերի դրդումն ու նրանց վերջույթներում արտազատվող ադրենալինը վերականգնում և ուժեղացնում են մկանային գործունեությունը, մեծացնում մկանային ուժը։

Պարասիմպաթիկ նյարդային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարասիմպաթիկ նյարդային համակարգը նույնպես կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Պարասիմպաթիկ կորիզները տեղավորված են միջին և երկարավուն ուղեղում, վարոլյան կամրջում, ողնուղեղի սրբանային հատվածներում, իսկ նյարդաթելերը մտնում են որոշ գանգուղեղային ու կոնքային նյարդերի կազմի մեջ։

Միջին ուղեղում գտնվող պարասիմպաթիկ կորիզները կարգավորում են աչքի ոսպնյակի հարմարումը ու բբի նեղացումը։ Վարոլյան կամրջում,երկարավուն ուղեղում գտնվող պարասիմպաթիկ կորիզները նյարդավորում են թքագեղձերը,արցունքագեղձերը։ Թափառող նյարդի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է բրոնխները,սիրտը,ստամոքսը,բարակ աղիները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը։ Ողնուղեղի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը, միզապարկը, սեռական օրգանները։ Պարասիմպաթիկ ազդակները մեծ մասամբ ունեն սիմպաթիկ գրգիռներին հակառակ ներգործություն։ Ներքին օրգանների մեծ մասն ունի կրկնակի նյարդավորում՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ։ Այդ երկու բաժինների ազդեցությունն օրգանների վրա հակադիր է։ Օրինակ՝ սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից, մինչդեռ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է։ Այս բաժնի դրդումը հաղոդող միջնորդանյութը ացետիլխոլինն է։

Մետասիմպաթիկ նյարդային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետասիմպաթիկ բաժինն ամբողջապես տեղադրված է ծայրամասում ներքին օրգանների պատերում։ Այն նյարդավորում է միայն սեփական շարժողական ակտիվությամբ օժտված ներքին օրգանները (աղիքները, միզածորան և ուրիշ),կարգավորում այդ օրգանների շարժողական ակտիվությունը, հյութազատությունը և այլն։

Վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող բարձրագույն բաժիններն են ենթատեսաթումբը և մեծ կիսագնդերի կեղևը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. Лапин C. К., Михайловский В. С., Плечкова Е. К., Шефер Д. Г. Вегетативная нервная система // Большая медицинская энциклопедия, 3-е изд. — М.: Советская энциклопедия. — Т. 4.
  3. «Краткая медицинская энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. Langley, J.N. (1921). The Autonomic Nervous System Part 1. Cambridge: W. Heffer.
  5. Jänig, Wilfrid (2008). Integrative action of the autonomic nervous system : neurobiology of homeostasis (Digitally printed version. ed.). Cambridge: Cambridge University Press. էջ 13. ISBN 978052106754-6.
  6. Furness, John (2007 թ․ հոկտեմբերի 9). «Enteric nervous system». Scholarpedia (անգլերեն). doi:10.4249/scholarpedia.4064. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. Willis, William D. (2004). «The Autonomic Nervous System and its central control». In Berne, Robert M. (ed.). Physiology (5. ed.). St. Louis, Mo.: Mosby. ISBN 0323022251.
  8. Словарь биолога.(չաշխատող հղում)
  9. Физиология человека / Под ред. В. М. Покровского, Г. Ф. Коротько. — М.: Медицина, 1997. — Т. 1 — 448 с.; Т. 2 — 368 с..

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ноздрачев А. Д. Физиология вегетативной нервной системы. — Л-д: Медицина, 1983.
  • Физиология вегетативной нервной системы. — Л-д: Наука, 1981. — С. 181—211.
  • Немечек С. и др. Введение в нейробиологию. — Прага: Avicennum, 1978. — 400 c.
  • Анатомия человека : учебник : в двух томах / М. Р. Сапин, Д. Б. Никитюк, В. Н. Николенко, С. В. Чава; под ред. М. Р. Сапина. — М. : ГЭОТАР-Медиа, 2013. — Т. II.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]