Վարդատերեփուկ մուշկային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդատերեփուկ մուշկային
Վարդատերեփուկ մուշկային
Վարդատերեփուկ մուշկային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Վարդատերեփուկ (Amberboa)
Տեսակ Վարդատերեփուկ մուշկային (A. moschata)
Միջազգային անվանում
Amberboa moschata

Վարդատերեփուկ մուշկային (լատին․՝ Amberboa moschata), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս, որը օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում և ծաղկային վերադաշնակումներում։ Բույսը շատ գեղեցիկ է հատկապես ծաղկման շրջանում՝ մայիս-հունիս ամիսներին։ Այն վայրի ֆլորայի ներկայացուցիչ է և ավելի շատ հիշեցնում է սելեկցիոն ճանապարհով ստացված կուլտուրական ծաղկաբույս։ Վարդատերեփուկի ծաղկման սեզոնում Երևանի փողոցներն ու շուկաները զարդարվում են բույսի շքեղ ծաղիկներով։ Ներկայումս վարդատերեփուկը պատկանում է Հայաստանի այն բուսատեսակների թվին, որոնց տարածման սահմանները աստիճամաբար կրճատվում են։ Վարդատերեփուկի մշակությունը շատ հեշտ է, քանի որ այն բազմանում է նաև ինքնացանքով։ Տարածված է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Փարաքար, Սովետաշեն, Վարդաշեն, Շոռաղբյուր, Ջրվեժ, Ողջաբերդ, Զովաշեն, Երանոս, Գառնի, Վեդի, Արմաշ, Երասխ)[1]։ Աճում է նաև Թուրքիայում, Կովկասում և Իրանում։ Որպես դեկորատիվ բույս մշակվում է նաև Չինաստանի և Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերում[2][3][4]։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա բույս է՝ 20–70 սմ բորձրությամբ, ուղիղ կանգնող, թույլ ճյուղավորված ցողուններով։ Տերևները փոփոխական՝ ամբողջականից մինչև ատամնավոր կամ փետրաձև բաժանված կամ փետրաձև հատված։ Զամբյուղները՝ գագաթնային, խոշոր, լայն-ձվաձև կամ կիսագնդաձև, երկար կոթերի վրա՝ ծածկված գանգուր մազիկների թավոտությամբ։ Ծածկոցը՝ գանգուր–բրդոտ։ Եզրային ծաղիկները՝ ձագարաձև, վարդագույն կամ ծիրանագույն, վարդագույն, երկար, կենտրոնական՝ խողավակավոր, սպիտակ, կարճ։ Սերմնիկները՝ խոշոր, 6–7 մմ երկարության, պապուսը՝ 5–7 մմ երկարության[5]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանից (Երևանի շրջակայք)։ EOO՝ 560 քառ. կմ, AOO՝ 100 քառ. կմ։ Լոկալիտետները՝ 3: Բացի Հայաստանից աճում է Նախիջևանում և Հյուսիսարևելյան Անատոլիայում[5]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600–1500 մ բարձրությունների վրա, չոր կավային, գիպսակիր, խճաքարոտ, քարքարոտ տեղերում, օշինդրային կիսաանապատում, համադայում, ցանքերում։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիսին։

Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա կապված հողերի յուրացման հետ[5]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
  2. Flora of China Vol. 20-21 Page 186 珀菊 po ju Amberboa moschata (Linnaeus) Candolle, Prodr. 6: 560. 1838.
  3. Biota of North America Program 2014 county distribution map
  4. Flora of North America Vol. 19, 20 and 21 Page 173 Sweet-sultan, Amberboa moschata (Linnaeus) de Candolle in A. P. de Candolle and A. L. P. P. de Candolle, Prodr. 6: 560. 1838.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.