1910–1913 թվականներին բանտարկվել է գործադուլային կոչի համար։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո հեղափոխական գործունեություն է ծավալել Սամարայում։ 1917 թվականի նոյեմբերից Սամարայի ռազմա–հեղափոխական կոմիտեի անդամ էր։ Եղել է Կարմիր գվարդիայի ջոկատի հրամանատար։ Չեխոսլովակյան կորպուսի խռովությունից հետո գլխավորել է Օրենբուրգի շրջանում շրջապատված խորհրդային զորքերի 1500 կմ-անոց մարտարշավն Ուրալի շրջանում և, միանալով Արևելյան ռազմաճակատի զորքերին, մասնակցել է Կոլչակի զորքերի ջախջախմանը, ապա՝ Կախովկայի մարտերին և Պերեկոպի գրոհին։ Աշխատել է որպես Հեռավորարևելյան ժողովրդական հանրապետության ռազմական մինիստր (1921–1922)։ 1924–1927 թվականներին եղել է Կանտոնի չինական հեղափոխական կառավարության գլխավոր ռազմական խորհրդատուն։ 1929–1938 թվականներին Հեռավորարևելյան Հատուկ Կարմրադրոշ բանակի հրամանատարն էր, կազմակերպել ու գլխավորել է Հեռավոր Արևելքի պաշտպանությունը։ Այդ բանակում Բլյուխերի հետ ծառայել են Գրիգոր Խախանյան (ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ՝ 1927–1933) և Վ․ Թաիրովը (ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ՝ 1933–1935)։ Բլյուխերը տաղանդավոր զորահրամանատար էր՝ օժտված բացառիկ աշխատասիրությամբ և անձնական հմայքով։ Եղել է Համառուսաստանյան Կենտգործկոմի (1921–1924), ԽՍՀՄ Կենտգործկոմի (1930–1938) անդամ, ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու (1934), ԽՍՀՄ I գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 5 (առաջին շքանշանակիրը), Կարմիր աստղի (առաջին շքանշանակիրը) շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 453)։