Jump to content

Վալերի Պետրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Պետրով
բուլղար․՝ Валери Петров
Ծնվել էապրիլի 22, 1920(1920-04-22)[1][2]
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի թագավորություն[1]
Վախճանվել էօգոստոսի 27, 2014(2014-08-27)[2] (94 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, թարգմանիչ, բժիշկ-գրող, լրագրող, դրամատուրգ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրող, խմբագիր, դիվանագետ և բժիշկ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ժանրերպիես, Սցենար և պոեզիա
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
ԿուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԶավակներBoyana Petrova?
Изображение автографа
 Valeri Petrov Վիքիպահեստում

Վալերի Նիսիմով Պետրով (բուլղար․՝ Валери Нисимов Петров, իսկական անունը՝ Վալերի Նիսիմ Մևորախ (բուլղար․՝ Валери Нисим Меворах), 22 ապրիլի, 1920, Սոֆիա - 27 օգոստոսի, 2014, Սոֆիա), բուլղարացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (2003)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Պետրովը ծնվել է 1920 թվականի ապրիլի 22-ին Սոֆիայում՝ հրեայի և բուլղարացու ընտանիքում։ Նրա հայրը՝ Նիսիմ Մևորախը, եղել է հայտնի իրավաբան, մասնագետ ընտանեկան իրավունքի բնագավառում, փաստաբան, հասարակական գործիչ և դիվանագետ, 1945-1947 թվականներին եղել է դեսպան ԱՄՆ-ում, ներկայացրել է Բուլղարիան ՄԱԿ-ում, հեղինակել է Պեյո Յավորովին նվիրված գիրք։ Վալերի Պետրովի մայրը՝ Մարիա Պետրովան, մայրաքաղաքի գիմնազիաներում աշխատել է որպես ֆրանսերենի ուսուցչուհի։ Մարիա Պետրովան ծնվել է Վառնայում, որտեղ Վալերի Պետրովն անցկացրել է իր արձակուրդները[3]։ 1939 թվականին Վալերի Պետրովն ավարտել է մայրաքաղաքի Իտալական լիցեյը (գիմնազիական դասընթաց)։ Մկրտվելով Սոֆիայի ավետարանական եկեղեցում՝ պրոֆեսոր Նիսիմ Մևորախն ու նրա կինը դարձել են բողոքականներ և որոշել, որ իրենց որդին պիտի կոչվի Վալերի Նիսիմով Պետրով։

15 տարեկան հասակում Վալերի Պետրովը տպագրել է իր «Թռչունները դեպի հյուսիս» (բուլղար․՝ Птици към север) պոեմը, 1936 թվականին նրա բանաստեղծությունները տպագրվել են «Ученически подем» («Աշակերտական թռիչք») ամսագրում, իսկ 1938 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Թռչունները դեպի հյուսիս», որ նա տպագրել է Ասեն Ռակովսկի կեղծանունով։ Հետագայում նա իր գրական ստեղծագործությունները ստորագրել է մոր ազգանունով (Պետրով)։

Վալերի Պետրովը գրել է «Палечко», «На път» («Ճանապարհին»), «Ювенес дум сумус», «Край синьото море» («Կապույտ ծովի երկիրը»), «Тавански спомен» («Հիշողություններ ձեղնահարկի մասին») պոեմները և «Нежности» («Քնքշություն») բանաստեղծությունների շարքը։

1944 թվականին Վալերի Պետրովն ավարտել է Սոֆիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ինչից հետո մի որոշ ժամանակ զբաղվել է բժշկությամբ։

1944 թվականի աշնանն ու ձմռանը՝ այն բանից հետո, երբ Բուլղարիան անցել էր հակահիտլերյան կոալիցիայի կողմը, Վալերի Պետրովն աշխատել է Սոֆիայի ռադիոյում։ 1947-1950 թվականներին նա՝ որպես մշակույթի ու տպագրության հարցերով կցորդ, աշխատել է Իտալիայում Բուլղարիայի դեսպանատանը։ Դրանից հետո զբաղվել է հիմնականում գրական գործունեությամբ։ 1945-1962 թվականներին եղել է «Ձիաստաց» (բուլղար․՝ Стършел) սատիրական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։

Հեղինակել է բանաստեղծությունների բազմաթիվ ժողովածուներ։ Նրա երկերից առավել հայտնի է «Մեղմ աշնանը» (բուլղար․՝ В меката есен, 1960, Դիմիտրովի մրցանակ) պոեմը։ Միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել երեխաների համար նախատեսված «Հինգ հեքիաթ» (բուլղար․՝ Пет приказки) գիրքը։ Վալերի Պետրովը բուլղարերեն է թարգմանել Վիլյամ Շեքսպիրի պիեսների քառահատոր ժողովածուն (1970-1974), Ռեդյարդ Կիպլինգի, Ջաննի Ռոդարիի և այլոց ստեղծագործությունները։ Նա նաև գեղարվեստական չորս ֆիլմերի սցենարների հեղինակ է։

Դեռ դպրոցում սովորելու տարիներից Վալերի Պետրովն ունեցել է ձախակողմնյան հայացքներ և եղել է սոցիալիստ[4]։ Նրա ստեղծագործությանը հատուկ է սոցիալական սուր ուղղվածությունը, իրոնիան, հեղինակություններ չընդունելը, հրաժարումն, այսպես կոչված, ուռա-հայրենասիրությունից։ Այդ տեսանկյունից հատկանշական են «Գարնանային զբոսանք» և «Ճապոնական կղզի» բանաստեղծությունները։ Դրանցից առաջինում Վալերի Պետրովը ցույց է տվել նախապատերազմական Բուլղարիայի կյանքի մութ կողմերը, իսկ երկրորդում քննադատության է ենթարկել հայտնի կինոռեժիսոր Կանետո Սինդոյի «Մերկ կղզի» ֆիլմը[5]։ Վալերի Պետրովը եղել է մոլի հակաֆաշիստ և երբեք չի մոռացել իր հրեական ծագման մասին («Еврейски смешки», «Հրեական հումորներ»)։

1991 թվականին Վալերի Պետրովն ընտրվել է Բուլղարիայի VII Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Այդ ժողովն ընդունել է երկրի նոր Սահմանադրությունը։

Վալերի Պետրովն արժանացել է Խրիստո Դանովի անվան մրցանակի բուլղարական գրականության զարգացման գործում ունեցած ներդրման համար (2006), ինչպես նաև պարգևատրվել է Սուրբ Պաիսի Խիլենդարսկու շքանշանով (2007)։

Վալերի Պետրովը մահացել է 2014 թվականի օգոստոսի 27-ին Սոֆիայում 94 տարեկան հասակում[6][7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Петров Валери // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. МС, Варна, новини Արխիվացված 2011-08-03 Wayback Machine, 30-11-2002, линк от 9 октомври 2009
  4. «Красимир Крумов. «Социалистический социум и Валерий Петров» (болг.)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  5. Болгарская поэзия. ХХ век. — М.: Художественная литература, с. 334—342
  6. Associated Press (2014 թ․ օգոստոսի 27), «Bulgarian poet Valeri Petrov dies», Washington Times, Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին
  7. «PASSINGS: George Barrett, Enrique Zileri, Valeri Petrov, Steven R. Nagel», Los Angeles Times, 2014 թ․ օգոստոսի 27, Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին
  8. «Bulgaria's most prominent poet and a former Nobel Prize nominee Valeri Petrov dies at 94», Winnipeg Free Press, 2014 թ․ օգոստոսի 27, Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Պետրով» հոդվածին։