Սևագլուխների տուն
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Լատվիա[1] |
Տեղագրություն | Ռիգա[1] |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Քանդվել է | 1948 |
Պաշտոնական կայք |
Սևագլուխների տուն (գերմ.՝ Das Schwarzhäupterhaus, լատիշ․՝ Melngalvju nams), Ռիգայի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում` Ռատուշայի հրապարակում[2]։
Առաջին անգամ հիշատակվել է 1334 թվականի որպես Մեծ գիլդիայի նոր տուն։ Հետագայում բազմիցս վերանորոգվել է[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդվել է, ապա վերականգնվել է 1996-2000 թվականներին։
Սևագլուխներ
[խմբագրել | խմբագրել կոդը]13-րդ դարի վերջին գործում էր սուրբ Գևորգի եղբայրությունը, որի մեջ ընդունում էին երիտասարդ, չամուսնացած օտարերկրյա առևտրականներին։ Սկզբնական շրջանում ասպետների ու ռազմիկների հովանավոր էր հռչակվել սուրբ Գևորգը, ապա` սուրբ Մավրիկիոսը, որի խորհրդանիշն էլ՝ սև գլուխը, եղել է եղբայրության զինանշանին։ Այստեղից էլ առաջացել է նրանց անվանումը` Սևագլուխներ։
Կորպորացիան ամբողջությամբ եղել է բարձրաշխարհիկ։ Ռիգայի ընկերության հիմնադիրները գոյություն ունեցողներից ամենից հարուստն ու ազդեցիկն են եղել։ Նրանք եղել են միսիոներներ, Ռիգայի ու արտասահմանյան առևտրական ընկերությունների ծառայակիցներ։ Նրանք զբաղվել են ապրանքի առևտրով ու դրանց Ռիգա տեղափոխումով։ Այս գործողությունը մեծ ռիսկեր էր պարունակում` ի տարբերություն տեղի առևտրականների միջնորդավորված վաճառքին, որոնք ունեին Մեծ գիլդիա։ Տեղում չհաստատված պատվիրատուներն ու արտասահմանյան առևտրականները Ռիգայում իրենց հակակշիռն էին ստեղծել` Սևագլուխների ընկերությունը, չնայած Մեծ գիլդիայի հովանավորությունից կարողացել են վերջնականապես դուրս գալ միայն 17-րդ դարի վերջին։
1477 թվականին Սևագլուխները Ռիգայի մագիստրոսի տան վերին հարկում վարձակալել են տարածք։ Տունը կառուցվել էր արհեստագործների գիլդիայի կողմից հասարակական պահանջների նպատակով։ Ժամանակի հետ գումար ներդնելով շենքի վերակառուցման ու արտաքին ձևավորման վրա` Սևագլուխները դարձել են հիմնական վարձակալները` մի շարք առավելություններով։ Մինչև կեսօր տունը ծառայել է որպես բիրժա, երեկոները վերածվել բյուրգերների հանգստի ու զվարճանքի վայրի, բազմաթիվ միջոցառումների` պարահանդեսների, համերգների անցկացման տեղի։
Մինչև 16-րդ դարի երկրորդ կեսը կազմակերպությունը ղեկավարել է Ռիգայի հասարակական կյանքը` երբեմն Մեծ գիլդիային հավասար, հաճախ էլ նրա հետ միասին։ Սևագլուխները ակտիվ մասնակցել են քաղաքի պաշտպանությանը, եղել են Ռեֆորմացիայի կողմնակիցներ։ 1895 թվականին միությունը դադարեցրել է իր գործունեությունը որպես ազնվականական միավորում և վերածվել գերմանական առևտրական ընկերության` ձևավորված ներգաղթած էթնիկ գերմանացիներից։
Ռուս բանաստեղծ Կոստանդին Սլուչևսկին 19-րդ դարի վերջին հրատարակած իր «Ռուսաստանի հյուսիս-արևմուտք» գրքում գրել է.
Հիմա Սևագլուխներ կան միայն Ռիգայում ու Ռևելում։ Եթե Ռևելում Սևագլուխները սաղավարտներով ու կարմիր ծալվածքներով հիշեցնում էին Ալեքսանդր I-ի շրջանի դասակի անդամներին, ապա լրիվ այլ պատկեր էր Ռիգայում. նրանք հագնում էին սև ֆրակ ու սև կիսակոշիկներ։ Եռածալ գլխարկը և կոնքին սուսերը հիշեցնում էին սալոնային կավալերների։ Նրանք ներկայումս 25-ն են` պարտադիր ամուրի ու ոչ ազնվական։ |
Տարբեր ժամանականերում Սևագլուխների կազմակարպած տոնահանդեսներին` պաշտոնական ու ոչ պաշտոնական, մասնակցել են ռուս արքաներ ու թագուհիներ։ Սրահի զարդն են համարվել Շվեդիայի ու Ռուսաստանի միպետների հանդիսավոր դիմանկարները։ Պատվարժան այցելուների գրքում կարելի է տեսնել Գերմանիայի կանցլեր Բիսմարկի ինքնագիրը։
Շենքի ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևագլուխների տան նախնական տեսքով նկարներ չեն պահպանվել։ Տան կենտրոնական մասում եղել է սրահը, որի տակ եղել է ոչ մեծ շինությունների բաժանված հարկ, իսկ նրա տակ՝ նկուղ։ Ձեղնահարկում եղել են պահեստային սրահներ։ Բազմաթիվ ձևափոխությունների ու վերակառուցումների ժամանակ պահպանվել է շենքի միջուկը միայն, որը ներկայացված է ներկայիս կառույցում։
Շենքի ճակատամասը իր իրեն բնորոշ տեսքը ստացել է 17-րդ դարում։ Այն կառուցված է հյուսիսեվրոպական մաներիզմի ոճով։ Վարպետի անունը հայտնի չէ, սակայն պրոֆեսոր Բորիս Վիպերը նշել է ճարտարապետական նմանություններ, որոնք շենքն ունի հանզայական Բրեմենի քաղաքային ռատուշայի շենքի հետ։ Նա առաջարկել է շենքի հեղինակներին որոնել նեդերլանդացի մասնագետների շրջանում, որոնք աշխատել են Բրեմենում, Դանցիգում կամ Դանիայում։ Ներկայումս որպես շենքի հավանական հեղինակներ նշվում են Բ. Բոդեկերը կամ Ա. և Լ. Յանսենները։ Գոթական աստիճանները լրացվել են քարե ժապավենաձև դեկորով, շենքի ճակատամասին ի հայտ են եկել քանդակներ, ժամացույց։ Բնօրինակի զարդարանքներից հատվածներ են ներկայացված Ռիգայի պատմության և ծովագնացության և Լատվիական ճարտարապետության թանգարաններում։
1684 թվականին կառուցվել է հրապարակից երկրորդ հարկ տանող թևը։ Տունը տուժել է Հյուսիսային պատերազմի ժամանակ, սակայն բավական կարճ ժամանակում վերականգնվել է։ 1794 թվականին կառուցվել է երկհարկանի մեծ շինություն, իսկ 1816 թվականին Դաուգավայի կողմի բաց թևը փոխարինվել է Ռատուշայի հրապարակի կողմից ծածկած մուտքին։
Ճակատամասի վերջին նշանակալի փոփոխությունը կատարվել է 1886 թվականին, երբ տեղադրվել են Ավգուստ Ֆոլցի հեղինակած ցինկե արձանները, որոնք ներկայացնում են Նեպտունին, Մերկուրիին, տիեզերքը։ Այս տեսքով շենքը պահպանվել է մինչև 1941 թվականը, երբ ավերակ է դարձել գերմանական զորքերի՝ քաղաքի բնակելի թաղամասերի գնդակոծման հետևանքով։ Պատերազմից հետո շենքի վերականգնումը ոչ ռացիոնալ է թվացել, և շենքի փլատակները նույնությամբ մնացել են մինչև 1948 թվականը։
Վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևագլուխների տունն իր նախկին տեսքով ու նախկին տեղում վերականգնվել է 1996-2000 թվականներին Parex Banka լատվիական բանկի միջոցներով՝ ի նշանավորումն Ռիգայի հիմնադրման 800-ամյակի[4][5]։ Շինության նախագիծն արժեցել է 3.952.780 լատ[6]։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական մառանները, որոնք կառուցվել են 1334 թվականին, տան պատմական հատվածից պահպանված միակ մասն են։ Սկզբում դրանք կիրառվել են որպես պահեստային շինություններ։ Այստեղ են պահվել գինու և առևտրականների բերած մթերքների պաշարները՝ հացահատիկ, քեմոն, մոմ և բազմաթիվ այլ ապրանքներ։ Ներկայումս այնտեղ կարելի է տեսնել իսկական հռոմեական վառարան, որի միջոցով տաքացվել է տունը տարվա ցուրտ եղանակներին, ինչպես նաև միջնադարայն պահեստներ` համապատասխան ձևավորմամբ։
Առաջին հարկում պատմական աշխատասենյակներ են, որոնք եղել են 19-րդ դարի ինտերիերում։ Հենց այստեղ են անցկացվել եղբայրության հավաքները, ընդունվել կարևոր որոշումներ, տրվել դրամարկղային հաշվետվություններ։ Այստեղ է գտնվում բնօրինակ տեսքով պահպանված մի իր, որը հնարավոր է եղել փրկել 1941 թվականի հրդեհի ժամանակ` «Gustav Becker» ընկերության նավի ժամացույցը։ Ներկայումս այս սրահներում կարելի է տեսնել արծաթյա սպասք, ծխախոտի հավաքածու։ 2012-2016 թվականներին այս շենքը եղել է Լատվիայի նախագահի նստավայրը։
Երկրորդ հարկում այցելությունների համար բաց է Կոմպոզիտորների պատկերասրահը, Լյուբեկի պատմական սրահը և Տոնական սրահը, որտեղ նախկինում կազմակերպվել են տոնահանդեսներ և ընդունվել պատվավոր հյուրեր (այստեղ եղել են ռուս միապետներ Պետրոս I-ը, Եկատերինա II-ը)։ Սրահի առաստաղը զարդարում է դեկորատիվ նկարչության գլուխգործոց «Սուրբ Մավրիկիոսի աստվածարումը», իսկ սրահի պատերը՝ արքաների դիմանկարները։ Սրահի կողքին են գտնվում լատվիացի չորս և արտասահմանյան ութ կոմպոզիտորների կիսանդրիներ։ Սա հիշատակում է այն մասին, որ Սևագլուխները սիրել են արվեստ և երաժշտություն, որն իր ժամանակին հնչել է տոնական սրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «House of Blackheads». Municipal Portal of Riga. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Дом Черноголовых на официальном туристическом портале Латвии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Портал Рижского самоуправления». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Website of the Blackheads House». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Rīga. Pilsētas attīstība, 1997—2001. — Riga. City Development, 1997—2001. — Rīga. Rīgas dome, 2001. — 239 стр. ISBN 9984-592-93-6(լատիշերեն)(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- J. Straubergs. «Rīgas vēsture»; Rīga, 1932
- А. К. Круминь. «Сокровища зодчества народов СССР. Рига». Издательство Академии архитектуры СССР. Москва, 1947
- Энциклопедия «Рига». Рига: Главная редакция энциклопедий, 1989. ISBN 5-89960-002-0 Стр. 306
- Андрис Колбергс. «Книга о Риге»; Полиграфическая фирма Яня сета, Рига 1998
- Janis Krastins, Ivars Strautmanis «Riga. The Complete Guide to Architecture»; Riga, Projekts 2004
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխների տուն» հոդվածին։ |