Jump to content

Սև մանգաղաթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև մանգաղաթև
Սև մանգաղաթև
Սև մանգաղաթև
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Apodiformes
Ընտանիք Մանգաղաթևներ (Apodidae)
Ցեղ Apus
Տեսակ Սև մանգաղաթև (A. apus)
Միջազգային անվանում
Apus apus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սև մանգաղաթև (լատին․՝ Apus apus), մանգաղաթևների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-48 սմ, կենդանի զանգվածը՝ 90-110 գ, փոքրամարմին է, բարեկազմ ու սրածայր թևերով։ Ընդհանուր գունավորումը սևավուն-դարչնագույն է, գագաթն ու կոկորդը՝ սպիտակավուն, փորը՝ մուգ։ Թափահարող փետուրներն ավելի բաց գույնի են։

Կյանքն առավելապես անցկացնում է օդում, թևերի ոչ խորը և արագ թափահարումներն ուղեկցվում են հաճախակի կրկնվող երկարատև սահասավառնումներով։ Երամներն ականջ ծակող սուր ճիչերով թռչում են ժայռերի կամ բարձրահարկ շենքերի երկայնքով։ Բնակվում է ուղղաբերձ ժայռերում, գետաձորերում, քաղաքներում։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է թռչող անողնաշարավորներով։

Գարնանային վերադարձը (բարենպաստ պայմանների դեպքում)՝ մարտի 28-30-ին (կարող է ձգձգվել 5-20 օր)։ Ձյան տեսքով տեղումների դեպքում հետ են չվում դեպի հարավ, վերադառնում են եղանակը կարգավորվելիս։ Չուի ընթացքում մեծ զոհեր են տալիս։ Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի կեսերին։ Բնի կառուցումն ավարտվում է 8 օրում։ Բույնը գավաթաձև է՝ բույսերից։ Բնադրում է պատերի կամ ժայռերի ճեղքերում։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվերը բներում հայտնվում են 2-3 օրվա ընթացքում։ Դնում է 25 մմ տրամագծով, սպիտակ 2-4 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 11-16 օր։ Հաճախ կերի պակասության ու ցրտի պայմաններում ձագերի մարմնի ջերմաստիճանը նվազում է մինչև 20 °C, և նրանք հայտնվում են թմրածության վիճակում (կյանքի բոլոր նշանները կտրուկ նվազում են), որը կարող է շարունակվել 9-12 օր։ Այս հանգամանքը թույլ է տալիս ծնողներին բացակայել բնից՝ կերով հարուստ վայրեր փնտրելու։ Ձագերի թռիչքը բնից՝ կյանքի 33-56-րդ օրը։ Աշնանային չուն՝ օգոստոսի 1-ին տասնօրյակին։ Որոշակի դեր ունի արյունածուծ միջատների (մոծակներ, մժեղներ) ոչնչացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև մանգաղաթև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև մանգաղաթև» հոդվածին։