Սև մանգաղաթև
| Սև մանգաղաթև | |
Սև մանգաղաթև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Apodiformes |
| Ընտանիք | Մանգաղաթևներ (Apodidae) |
| Ցեղ | Apus |
| Տեսակ | Սև մանգաղաթև (A. apus) |
| Միջազգային անվանում | |
| Apus apus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Սև մանգաղաթև (լատիներեն՝ Apus apus), մանգաղաթևների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-48 սմ, կենդանի զանգվածը՝ 90-110 գ, փոքրամարմին է, բարեկազմ ու սրածայր թևերով։ Ընդհանուր գունավորումը սևավուն-դարչնագույն է, գագաթն ու կոկորդը՝ սպիտակավուն, փորը՝ մուգ։ Թափահարող փետուրներն ավելի բաց գույնի են։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքն առավելապես անցկացնում է օդում, թևերի ոչ խորը և արագ թափահարումներն ուղեկցվում են հաճախակի կրկնվող երկարատև սահասավառնումներով։ Երամներն ականջ ծակող սուր ճիչերով թռչում են ժայռերի կամ բարձրահարկ շենքերի երկայնքով։ Բնակվում է ուղղաբերձ ժայռերում, գետաձորերում, քաղաքներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է թռչող անողնաշարավորներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանային վերադարձը (բարենպաստ պայմանների դեպքում)՝ մարտի 28-30-ին (կարող է ձգձգվել 5-20 օր)։ Ձյան տեսքով տեղումների դեպքում հետ են չվում դեպի հարավ, վերադառնում են եղանակը կարգավորվելիս։ Չուի ընթացքում մեծ զոհեր են տալիս։ Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի կեսերին։ Բնի կառուցումն ավարտվում է 8 օրում։ Բույնը գավաթաձև է՝ բույսերից։ Բնադրում է պատերի կամ ժայռերի ճեղքերում։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվերը բներում հայտնվում են 2-3 օրվա ընթացքում։ Դնում է 25 մմ տրամագծով, սպիտակ 2-4 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 11-16 օր։ Հաճախ կերի պակասության ու ցրտի պայմաններում ձագերի մարմնի ջերմաստիճանը նվազում է մինչև 20 °C, և նրանք հայտնվում են թմրածության վիճակում (կյանքի բոլոր նշանները կտրուկ նվազում են), որը կարող է շարունակվել 9-12 օր։ Այս հանգամանքը թույլ է տալիս ծնողներին բացակայել բնից՝ կերով հարուստ վայրեր փնտրելու։ Ձագերի թռիչքը բնից՝ կյանքի 33-56-րդ օրը։ Աշնանային չուն՝ օգոստոսի 1-ին տասնօրյակին։ Որոշակի դեր ունի արյունածուծ միջատների (մոծակներ, մժեղներ) ոչնչացման գործում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև մանգաղաթև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև մանգաղաթև» հոդվածին։ |
| ||||||||||