Ստեփանոս Սապահ-Գյուլյան (փետրվարի 14, 1861, գյուղ Ճահուկ (Նախիջևանի գավառ) - ապրիլի 28, 1928, Նյու Ջերսի), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Հնչակյան կուսակցության անդամ։
Ստեփանոս Սապահ-Գյուլյանը ծնվել է Նախիջևանի գավառի Ճահուկ գյուղում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Եղել է ծննդավայրի, ապա՝ Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ, մեծապես նպաստել լուսավորության զարգացմանը։ Հայրենասիրական ելույթների համար, որոնց նպատակն էր զարթնեցնել աշակերտների ագգային ինքնագիտակցությունը, 1887 թվականին բանտարկվել է, ցարական դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Բայց հենց նույն տարում փախել է բանտից, անցել Պարսկաստան, ապա՝ Վան-Վարագ, Մուշ, Երուսաղեմ։ 1890-1895 թվականներին սովորել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում, պաշտպանել դիպլոմ «Արևելյան հարց» թեմայով։ 1894 թվականից անդամագրվել է հնչակյան կուսակցությանը. կուսակցական գործունեություն է վարել Անգլիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, խմբագրել «Հնչակ» թերթը։ 1903 թվականին Բոստոնում հիմնել է «Երիտասարդ Հայաստան» թերթը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո Սապահ-Գյուլյանը գործել է Թուրքիայում։
Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ ազգային հարցում երիտթուրքերին համարելով Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականության հետևորդներ, Սապահ-Գյուլյանը գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար։ Սակայն կուսակցության մեջ հաղթեցին բացահայտ ընդդիմության կողմնակիցները։ Եվ միայն 1913 թվականին հնչակյանները պաշտոնապես որդեգրեցին Սապահ-Գյուլյանի առաջարկած քաղաքական գիծը, սակայն պահը և նախաձեռնությունն արդեն բաց էին թողնված, երիտթուրքերը ջախջախեցին կուսակցությունը՝ վերացնելով մի լուրջ խոչընդոտ հայերի ցեղասպանությունն իրագործելու ճանապարհին։ Սապահ-Գյուլյանը գրել է մի շարք աշխատություններ հայկական հարցի ու հայերի ցեղասպանության մասին։ 1900-1901 թվականներին «Հնչակում» հրապարակել է «Երիտասարդ Թուրքիա» հոդվածաշարը, որտեղ առաջ է քաշել (նկատի ունենալով, որ հայկական հարցը մտել է փակուղի, լուծումը տեսել է փոխզիջումների մեջ) նոր դեմոկրատ, թուրք, պետության կազմում ինքնավար Հայաստանի ստեղծման գաղափարը։ «Ինքնավար Հայաստան» (1915) գրքում առաջադրել է հայ ազատագրական բոլոր ուժերի համախմբման և համազգային ծրագրի մշակման գաղափարը՝ հեղափոխական ազգ-ազատագրական գործունեությամբ Հայաստանի և Կիլիկիայի պատմաաշխարհագրական սահմաններում քաղաքական ինքնավարության հասնելու նպատակով։ Ինքնավարությունը հիմնվելու էր դեմոկրատ, սկզբունքների վրա։ «Պատասխանատուները»[1] (1916) ուսումնասիրության մեջ Սապահ-Գյուլյան, հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի վրա, համոզիչ կերպով ցույց է տվել, որ Թուրքիայում ցեղասպանության գաղափարը, որպես ազգային հարցի լուծման միջոց, հանդիսանում է պանթյուրքիզմի գաղափարախոսության անկյունաքարը։ Ցեղասպանությունը նախապատրաստվել է ծրագրված և նպատակասլացորեն, հանդիսացել ինչպես «հին», այնպես էլ «նոր» Թուրքիայի պետական և ազգային աշխարհայացք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 185)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|