Ստեփանոս Սապահ-Գյուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփանոս Սապահ-Գյուլյան
Ծնվել էհուլիսի 7, 1861(1861-07-07)
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 28, 1928(1928-04-28) (66 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունհրապարակախոս

Ստեփանոս Սապահ-Գյուլյան (հուլիսի 7, 1861(1861-07-07), Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 1928(1928-04-28), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս։ Հնչակյան կուսակցության առաջնորդներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանոս Սապահ-Գյուլյանը ծնվել է Նախիջևանի գավառի Ճահուկ գյուղում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Եղել է ծննդավայրի, ապա՝ Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ, մեծապես նպաստել լուսավորության զարգացմանը։ Հայրենասիրական ելույթների համար, որոնց նպատակն էր զարթնեցնել աշակերտների ագգային ինքնագիտակցությունը, 1887 թվականին բանտարկվել է, ցարական դատարանը դատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Բայց հենց նույն տարում փախել է բանտից, անցել Պարսկաստան, ապա՝ Վան-Վարագ, Մուշ, Երուսաղեմ։ 1890-1895 թվականներին սովորել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում, պաշտպանել դիպլոմ «Արևելյան հարց» թեմայով։ 1894 թվականից անդամագրվել է հնչակյան կուսակցությանը. կուսակցական գործունեություն է վարել Անգլիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, խմբագրել «Հնչակ» թերթը։ 1903 թվականին Բոստոնում հիմնել է «Երիտասարդ Հայաստան» թերթը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո Սապահ-Գյուլյանը գործել է Թուրքիայում։

Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ ազգային հարցում երիտթուրքերին համարելով Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականության հետևորդներ, Սապահ-Գյուլյանը գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար։ Սակայն կուսակցության մեջ հաղթեցին բացահայտ ընդդիմության կողմնակիցները։ Եվ միայն 1913 թվականին հնչակյանները պաշտոնապես որդեգրեցին Սապահ-Գյուլյանի առաջարկած քաղաքական գիծը, սակայն պահը և նախաձեռնությունն արդեն բաց էին թողնված, երիտթուրքերը ջախջախեցին կուսակցությունը՝ վերացնելով մի լուրջ խոչընդոտ հայերի ցեղասպանությունն իրագործելու ճանապարհին։ Սապահ-Գյուլյանը գրել է մի շարք աշխատություններ հայկական հարցի ու հայերի ցեղասպանության մասին։ 1900-1901 թվականներին «Հնչակում» հրապարակել է «Երիտասարդ Թուրքիա» հոդվածաշարը, որտեղ առաջ է քաշել (նկատի ունենալով, որ հայկական հարցը մտել է փակուղի, լուծումը տեսել է փոխզիջումների մեջ) նոր դեմոկրատ, թուրք, պետության կազմում ինքնավար Հայաստանի ստեղծման գաղափարը։ «Ինքնավար Հայաստան» (1915) գրքում առաջադրել է հայ ազատագրական բոլոր ուժերի համախմբման և համազգային ծրագրի մշակման գաղափարը՝ հեղափոխական ազգ-ազատագրական գործունեությամբ Հայաստանի և Կիլիկիայի պատմաաշխարհագրական սահմաններում քաղաքական ինքնավարության հասնելու նպատակով։ Ինքնավարությունը հիմնվելու էր դեմոկրատ, սկզբունքների վրա։ «Պատասխանատուները»[1] (1916) ուսումնասիրության մեջ Սապահ-Գյուլյան, հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի վրա, համոզիչ կերպով ցույց է տվել, որ Թուրքիայում ցեղասպանության գաղափարը, որպես ազգային հարցի լուծման միջոց, հանդիսանում է պանթյուրքիզմի գաղափարախոսության անկյունաքարը։ Ցեղասպանությունը նախապատրաստվել է ծրագրված և նպատակասլացորեն, հանդիսացել ինչպես «հին», այնպես էլ «նոր» Թուրքիայի պետական և ազգային աշխարհայացք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սապահ-Գիւլեան Ստեփան (2017)։ Պատասխանատուները (հայերեն)։ Haykakan usumnasirutʻyunneri ANI himnadram։ ISBN 9789939106229 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png