Jump to content

Սարգիս Կուկունյանի արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Կուկունյանի արշավանք

Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում 19-րդ դարի վերջին տասնամյակի իրադարձությունները։ Հայ ժողովրդի գոյապայքարի պատմության մեջ ձևավորվեց զինված պայքարի փուլը, որը նպատակ ուներ զինված պայքարի միջոցով արևմտայայությանն ազատագրել օսմանյան բռնակալությունից։ 19-րդ դարի վերջին տասնամյակում արևմտահայության ազատագրության համար սկիզբ առած քաղաքական շարժման վառ արտահայտություններից մեկը Սարգիս Կուկունյանի արշավանքն էր։

Արշավանքի նախապատրաստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ ազգային- ազատագրական պայքարում եղել են գործիչներ, որոնք ձգտում էին ազատագրական պայքարը կամ հեղափոխությունն այնպես կազմակերպել, որ չքայքայվեր արևմտահայ տարրը։ 19-րդ դարի վերջի հայ ազատագրական պայքարում նման գործիչներից էր Հակոբ Սարկավագը։ Սարգիս Կուկունյանը, երբ Թիֆլիսում էր, այստեղ է հասնում Հակոբ Սարկավագը,ով հանդիպում է Գրիգոր Արծրունուն, հավատացնում, որ հայ ժողովուրդը պատրաստ է զինված պայքարին[1]։

Հակոբ Սարկավագ և Սարգիս Կուկունյան համագործակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Սարկավագի և Սարգիս Կուկունյանի ծանոթությունը կայանում է Գրիգոր Արծրունու միջոցով։ Նա խորհուրդ է տալիս սարգիս Կուկունյանին իր խմբում ընդգրկել Հակոբ Սարկավագին՝ որպես երկիրը ճանաչող ու փորձված խորհրդատուի՝ տալով զենք ու ձի[2]։ Կուկունյանը, անտեղյակ լինելով Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակին, սկսում է աշխատել Սարկավագի հետ։ Սակայն, վերջինս դեմ է լինում Սարգիս Կուկունյանի ծրագրած արշավանքին՝ գնելով,

... առանց նախապատրաստական աշխատանքների անհնար է բազմամարդ խմբով Թուրքիա անցնել և ակնկալված օգնությունը հասցնել Թուրքիո մեջ ապրող մեր եղբայրներին։ Նախապես պետք է կազմակերպել խմբի ճանապարհի վրա ընկնող հայ գյուղերը և հետո միայն մտածել խմբի արշավանքի մասին։ Խումբը խոմ թռչուն չէ, որ սահմանը անցնի իր ուզած տեղից[3]։

Ս. Կուկունյանը և Հ. Սարկավագը սկսում են զինվորագրված երիտասարդությանը ոչ մեծ խմբերի բաժանել և գաղտնի ուղարկել սահմանամերձ գավառները։

Ս. Կուկունյանն արշավանքի կազմակերպիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվակականին Ս. Կուկունյանը Թիֆլիսից դեպի սահման է ճանապարհում 50-60 հրացան։ Հսկողության համար նշանակվում են երկու ուղեկցողներ, որոնցից մեկը վերցրել էր լուսանկարչական մի գործիք, որպեսզի կասկած չհարուցվեր, թե շարժվում են դեպի սահմանամերձ շրջաններ։ Ս. Կուկունյանը զբաղված էր կազմակերպչական գործերով[4] Զենքերը ճանապարհելուց հետո թողնելով Թիֆլիսը Կուկունյանն անցնում է Լոռի, Ղազախ, Բորչալու, ապա Շիրակ՝ Ալեքսանդրապոլ և Կարս։

Երկու- երեք ամիս Սարգիս Կուկունյանը պտտվում է Ալեքսանդրապոլի գավառում և Կարսի մարզում՝ խումբը համալրելով և զինելով։ Հետագայում արշավանքի մասնակից Արամայիս Ազնավուրյանը պատմում է.«Երկու ամսուան ընթացքին կրցան խումբը զինել բերդանի, պիբոլի, վինչեսթր և սնեյդըր ձեւի արագաձիգ հրացաններով։ Հրացանները, փամփուշտները և այլ ռազմական առարկաներ, կրցած էին սեփական միջոցներով ապահովել, մասամբ ուրիշնեէն նուէր ստացած դրամներով գնել։ Փամփուշտները կը գտնուէին Կարսի շրջանը, Սողանլուղի գաւառի Սարըղամիշ և Ալեքսանդրապոլ քաղաքը»[5]։

Ալեքսանդրապոլի գավառում Կուկունյանի խմբին են զինվորագրվում Սարդար Ավետիսյանը, ղարաբաղցի Աբրահամ Աղամալյանը, բուլանղցի Նատո Շահնազարյանը, վանեցի Վարդանը, ախալցխացի Գրիգոր Էքմեճյանը, ղարաբաղցի Սահակ Մինասյանը, կարսեցի դարբին Ստեփանը, մշեցի Ռուբեն Դերձակյանը, Եփրեմը, Հովսեփը, ղարաբաղցի Զաքարը, ղազախեցի Ռուբեն Հովհաննիսյանը, տրապիզոնցի Դավիթ Չոլախյանը, պոլսեցի Պետրոս Զաքարյանը և այլք։ Շատերն էին ուզում խմբի մեջ մտնել, մասնակից լինել արշավանքին։ Խմբի անդամներն ամենևին չէին պատկերացնում, թե ինչ պետք է անեն։ Նրանք նաև չէին պատկերացնում գալիք բարդությունները։ «... Մի ներքին բուռն հրճուանքով բռնուած՝ հոգւով ու մտքով թռչում էինք մեր տառապած եղբայրների՝ տաճկահայերի նուիրական գիւղերը, դաշտերը, լեռները։ Կարծես առաջին անգամ դարերի քնից արթնացած հայ ժողովուրդը իր մարտական հզոր շունչն ու կորովը արտահայտելու ցանկութիւնը մեզ էր վստահել, և մենք բնազդօրէն զգում էինք, թէ իրապէս ինչ նուիրական բեռ ենք շալակել մեր նիհար, անկազմակերպ ուսերին[6] »,- կարդում ենք Ա. Ազնավուրյանի հուշագրությունում։ Խմբի մեծ մասը կազմում էին 20-25 տարեկան երիտասարդներ, որոնց մեծ մասն առաջին անգամ էին շփվում զենքի հետ։ Տարվող աշխատանքների առիթով կարսում և Ալեքսանդրապոլում կազմակերպվում են ցույցեր։ Ալեքսանդրապոլում Սարգիս Կուկունյանը հանդիպում Արամայիս Ազնավուրյանի և երկու Արշակների՝ Արշակ Գաֆաֆյանի և ղարաբաղցի Արշակի հետ։ Զրույցի ժամանակ Ա. Ազնավուրյանը խորհուրդ է տալիս չշտապել, յուրաքանչյուր քայլ կշռադատել։ Նա Կուկունյանին տեղեկացնում է. «Ալաշկերտի գիծը մեր վարած կռիւների եւ ունեցած ընդհարումների պատճառով արդէն վտանգված է, եւ, եթե Կուկունյանը Տաճկահայաստան պիտի անցնի իր խմբով, ապա պէտք է ընտրէ ուրիծ ճանապարհ»[7]։ Չնայած զգուշացումներին Ս. Կուկունյանը մնում է անդրդվելի։ Մերժելով տղաների առաջարկը՝ նա հայտնում է իր որոշումը՝ երկիր անցնել Ալաշկերտի վրայով։ Դրանով հանդերձ Կուկունյանն երեքին էլ կարգում է որպես հետևակ զինվորներ, ինչը վշտացնում է Արամայիս Ազնավուրյանին և ղարաբաղցի Արշակին։ Տղաները շարժվում են Ալեքսանդրապոլ, բայց քաղաք չեն մտնում, այլ մտադրվում են գնալ Բաշքադըքլար, ապա խմբով այցելել Անի։ Կուկունյանի կարգադրությամբ խումբը շարժվում է դեպի Կարս։ Հավաքված զինվորները փոխադրվում են Բերնա գյուղի արևելյան կողմում գտնվող ժայռի այրերը։ Մեկ շաբաթ անց խումբը ճանապարհվում է 2 ուղղություններով։ Մի քանի օր անց Սստեփան Ստեփանյանը լուր է տանում խմբի՝ Կարսում ու Սարիղամիշում հավաքված անդամներին, որ գնան Շադևան և սպասեն, քանի որ զենքերը հասել են Սարիղամիշ։ Երբ ձիավոր սահմանապահները արշավում են Չուրուկ, նրանց տեղ հասնելուն պես Աբրահամը վերցնում է հրացանը, որ լեռը բարձրանա։ Սահմանապահները պահանջում են անձնատուր լինել, բայց Աբրահամը չի զիջում։ Զորքը համազարկ է տալիս և կյանքից զրկում Աբրահամին[8]։ Այս ամենից հետո որոշվում է, որ Եփրեմը, Վիրաբը, Հովսեփ Մովսիսյանը գնան Սարիղամիշ և շտապեցնեն Ս. Կուկունյանին ու Սարկավագի գալը։ Հակոբ Սարկավագի փոխարեն տղաների հետ ճանապարհվում է Ալեքսանդրապոլ աքսորավայրից փախած Սարդար Ավետիսյանը։ Զենքերը բաժանում են Չուրուկում։ 1890 թվականի օգոստոսի 14-ին ռուս սահմանապահների հետ ընդհարման ժամանակ սպանվել էր խմբի անդամ Դաղեթ- Խաչենցի Աբրահամ Տեր- Անդրեասյանը, ձերբակալվել էին Ալեքսան Մկրտչյանը, ինչպես նաև 5 ախալցխացի երիտասարդներ[9]։

Սարգիս Կուկունյան - ՀՅԴ կենտրոն, տարաձայնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսից պատվիրակություն է ուղարկվում Ս. Կուկունյանի մոտ՝ համոզելու արձակել խմբի անդամներին՝ սպասելով իրավիճակի փոփոխմանը։ Կուկունյանն այդ առաջարկը նույնպես չի ընդունում։ Թիֆլիսից ստացած հրահանգների համաձայն՝ Մ. Շաթիրյանն աշխատում էր հետաձգել արշավանքը, բայց դրությունը գնալով ավելի էր ծանրանում։ Դրությունը օրհասական էր։ Կուկունյանը Մարտին Շաթիրյանից պահանջում է իրեն հանձնել ՀՅԴ կուսակցության ուղարկած գումարը։ Սարգիս Կուկունյանին ու Սարկավագին համոզելու և վերջիններս ու ՀՅԴ կենտրոնի միջև առաջացած տարաձայնությունները հարթելու նպատակով Կուկունյանի մոտ են գալիս Կոստանդին Խատիսյանը, Սիմոն Զավարյանը։ Մ. Շաթիրյանի վկայությամբ՝ «... Խատիսյանը ոչ միայն համոզել չկարողացաւ Կուկունեանին, այլ եւ բերած դրամը տուաւ նրան»։ Ս. Կուկունյանին տարհամոզելու և նրա գործունեությունը ՀՅԴ Կենտրոնի հսկողության տակ պահելու փորձերն ապարդյուն են անցնում։ Դեմ չլինելով Ս. Կուկունյանի ծրագրին, Կենտրոնը հարկ էր համարում.

  1. շարժվել քարավանային ճանապարհներով,
  2. մի մասը պետք է զբաղվեր զենք կուտակելով,
  3. մյուս մասը պետք է լռությամբ մնար ժողովրդի մեջ։

Սակայն Կուկունյանը չի ենթարկվում Կենտրոնի հրահանգներին։

Հակոբ Սարկավագ, Սարգիս Կուկունյան հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի մարտիկները, պահանջում էին օր առաջ սկսել արշավանքը։ Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, Կուկունյանն իր զինակիցներից Ջալլադին ուղարկում է Էջմիածին եկած Գրիգոր Արծրունու մոտ։ Արծրունին դատապարտում է Ս. Կուկունյանի դանդաղկոտությունը և պահանջում անցնել սահմանը։ Արխիվային մի փաստաթղթում, Տիգրան Կերեկցյանի հուշերում կարդում ենք, որ երբ խումբը հասնում է սահմանագլուխ, Սարկավագը Կուկունյանին հորդորում է, թե «... այսչափ մարդով չի կարելի անցնիլ սահմանը թմբկահարելով, որ պետք է ընտրենք տղերանցից գործին հմուտ եւ գործ տեսնողներ, մի քանի հոգով սուս ու փուս գնանք այնտեղ։ Պետք է հանգամանքներուն համաձայն գործինք։ Մեզ հարկավոր է զենք եւ փող եւ մի քանի գործ տանող տղերք»[10]։ Հակառակվելով Հ. Սարկավագին, Կուկունյանը 80 հոգով աշավում է ու անցնում սահմանը։ Մարտավարական տարաձայնությունները հանգեցնում են Սարկավագի վախճանին։ Առանց խորությամբ հասկանալու ստեղծված իրավիճակը, Սարկավագին համարելով կազմակերպվելիք արշավանքի հակառակորդ՝ Կուկունյանը կարգադրում է մեջտեղից հանել նրան։ Արշավանքից երկու- երեք շաբաթ առաջ Հակոբ Սարկավագը՝ իբրև «ուխտադրուժ», սպանվում է ղարաբաղցի Աբրահամի ձեռքով։ Հուշագիր Հովսեփ Մովսիսյանի կարծիքով՝ Սարկավագն անմեղ էր։ Հետագայում Ս. Կուկունյանն էլ, աքսորում եղած տարիներին զղջումի խոսքեր է արտահայտել Սարկավագի մասին խոսելիս[11]։

Սարգիս Կուկունյանի արշավանքը և ձախողումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականի սեպտեմբերի 22-ին Ս. Կուկունյանը Սիմոն Մանուկյանին գործուղում է Զարաբխանայի սահմանապահ կայան՝ պահակների մասին տեղեկություն ստանալու։ Անցնելով Կարս՝ Կուկունյանն ազատամարտիկներին բաժանում է մանր խմբերի և տեղավորում գյուղերում, նախապատրաստում ապագա արշավանքին։ 1890 թվականի սեպտեմբերի 22-ին մոտ 110 հոգուց բաղկացած խումբը սկսեց իր արշավանքը։ Շարժվելու պահին խումբն այսպես դասավորվեց. առջևից գնում էին ուղեկցողները։ Նրանց հետևում էին հեծյալները, հետո հետևակ զինվորներն էին, իսկ վերջում՝ մնացած հեծյալները։ Առաջին հեծյալների մեջ էր նաև խմբի ղեկավար՝ Սարգիս Կուկունյանը։ Խմբի մի մասը Բերնա գյուղի արևելյան այրերում էր, մյուս մասը ուղղություն է վերցնում դեպի Շադևան։ Խումբը Շադևան գյուղից անցնելով Քեակլիկ կիրճը՝ լուսաբացին հասնում է Արմտուլի։ Առավոտյան խումբն անցնում է ռուսական Բասեն և հաստատվոււմ Չուրուկում։ Այստեղ նրանց է միանում Բերնա գյուղի այրերում գտնվող խմբի մի մասը։ Մեկնելուց առաջ Կուկունյանը խորհրդանշական խոսքով դիմում է խմբին.

Մենք շուտով կը մտնենք Թուրքաց Հայաստան. լաւ մտածեցէք. այնտեղէն վերադարձ չկայ։ Մենք կերթանք մեռնելու, որպեսզի ճանապարհ հարթենք գալիք կռուող շարքերուն համար։ Թո՛ղ ոչ ոք ձեզմէ յոյս ունենայ, թէ կարող է ողջ մնալ։ Ով որ ատկէ կը վհատի, թող այժմէն վերադառնայ...

:

Չուրուկի լեռներում 2 ցուրտ օր անցկացնելուց հետո խումբը որոշեց շարժվել Չիչակլի ձորը՝ պատրաստվելով հանգստի։ Մինչև լուսաբաց խումբը կտրում է ձորը և առավոտյան հասնում ու դիրքեր է գրավում Բոզդաղի բարձունքներին։ Չիչակլիի կիրճում Զարաբխանա կայանի մոտ ռուս սահմանապահները կրակ են արձակում խմբի ուղղությամբ։ Այս ընդհարման պատճառով խմբի տեղը հայտնի է դառնում։ Խումբը շարունակում է ճանապարհը։ «Մենք գտնւում էինք Բոզթափայի տակը, եւ մեր դիրքերը աւելի աննպաստ էին, մանաւանդ որ քրտերի ժայռոտ դիրքերի մօտ էին գտնւում քրտական մի շարք գիւեր՝ Ախվարկ, Այշին- Օղլի, Չաթ եւ այլն, որոնց բնակիչները կարճ ժամանակում օգնութեան կարող էին հասնել մեր դէմ կռուող քրդերին»[12],- պատմում է Արամայիս Ազնավուրյանը։ Ճանապարհին խումբը հանդիպում է 4 զինված քուրդ ձիավորի։ Սկսում է կարճատև հրաձգություն։ Ժամը 7- ին Աբրահամն ու Սարդարն առաջարկում են հարձակվել մոտակա երկու գյուղերի վրա։ Գյուղերի բնակչությունը դիմադրություն է ցույց տալիս, նրանց օգնության են հասնում քուրդ ձիավորները։ Կուկունյանը հրամայում է ետ դառնալ։ Խումբը շարժվում է դեպի Բոզ- Դաղ լեռը[13]։ Երբ խումբը հասել էր Բոզ- Դաղի գագաթին, քրդերը՝ մոտ 2000 հոգի, հասնելով ստորոտը սկսում են կրակ արձակել։ Ժամը 9-ին հակառակորդն արդեն 1700 քայլի վրա էր։ Կռիվը տևում է մինչև երեկոյան ժամը 7-8-ը։ Կուկունյանի խումբը, որը սպանվածներ չէր տվել, շարժվում է դեպի Մատռաբերդի բարձունքները, նահանջելով՝ Աղբուլաղի մոտ՝ մի ձորակում, ընկնում է շրջապատման մեջ։ ձորակի երեք կողմից թուրքական ուժեր էին, իսկ չորրորդ կողմում՝ ռուս սահմանապահները։ Կուկունյանը դրության լրջությունը հաշվի առնելով, կարգադրում է նահանջել։ Խումբը Նահանջում է դեպի հյուսիս և Փախր լճի կողքով ուղղություն վերցնում դեպի Թեքեբինա։ Այս ձորում խմբին պիտի միանային Հունոյի և ալաշկերտցի Նազարեթի խմբերը։ Բայց օգնությունը չստացվեց։ Սարգիս կուկունյանն իր մարտիկներով ստիպված եղավ մնալ Թեքեբինայի ձորում՝ հանգստանալու։ Պարզվեց խումբը մնացել է առանց ուղեկցորդների, որոնք թողել փախել էին, սննդի պաշարներն սպառվում էին։ Խորհրդակցելուց հետո որոշվում է մութ- գիշերին կտրել պաշարման շղթան, շարժվել Կաղզվանի ուղղությամբ։ Ճանապարհին՝ Գյոլեր կոչվող վայրում, Կուկունյանը ցանկանում էր խմբին հանգիստ տալ, բայց լսվում է հրաձգություն։ Խումբը պատասխան կրակ է արձակում, որից հետո տիրում է լռություն։ Արաքսի հովտով խումբը շարժվում է դեպի հայակական Խառ և Ղարաբաղ գյուղերը՝ հանգստի համար։ Հրամանատարի և զորքի անփորձության պատճառով խումբը շեղվում է ճանապարհից, կորցնում են ռազմամթերքով բեռնված 7 ձին։ Խմբի մի մասը հասնում է Կաղզվանի շրջանի Խառ գյուղը։ Գյուղապետը կարգադրում է չնդունել խմբի անդամներին։ Խմբի մի մասը հանգրվանում է այգիներում, իսկ մյուս մասը ցրվում է տարբեր ուղղություններով։ Նրանցից մի քանիսին ռուս սահմանապահները ձերբակալում են։ Կուկունյանի խմբին նկատել էին Խառի այգիներում։ Արաքսի ափին՝ Գյումուշ- Քիմբեթի և Կաղզվանի միջև, կոզակների հետ ընդհարման հետևանքով ձերբակալվում են խմբի անդամներ Եփրեմ Դավթյանը, Վիրապ Ղազարյանը, Սահակ Ասատուրյանը, Մեհրաբ Դաշտոյանը, Արտեմը, Հովհաննես Մարգարյանը։ Կոզակների խումբը առաջնորդում էին հայ զինվոր Մարտիրոսյանը և Գրիգոր Ոսկանյանը, որոնք բանակցություններ էին վարում Ս. Կուկունյանի խմբի անդամների հետ՝ առաջարկելով զինաթափվել։ Առաջարկը մերժվում է։ Սկսվում է հրացանաձգություն։ Խմբի համար ստեղծվում է անելանելի վիճակ։ Ռուս զինվորների հարվածներից անակնկալի եկած հայ մարտիկները, չհասցրեցին ինքնապաշտպանվելու փորձ անել և վճռեցին անձնատուր լինել։ Կուկունյանը սպիտակ դրոշակ է բարձրացնում, սակայն սկսվում է հրաձգություն։ Ստեփանը զոհվում է, Աբրահամը՝ վիրավորվում։ Կռիվը տևում է բավական երկար։ Տղաները որոշում են իրենց ձիերը նստած ճեղքել պաշարման շղթան և խույս տալ։ Խմբապետը փախուստի չի դիմում, նետվում է մի ձորակի մեջ, սարալանջին մոտակա թաքստոց է գտնում և թաքնվում։ Կուգուշևը, թուրքերին ու քրդերին զենք է բաժանում և պատվիրում, որ բռնեն փախստականներին։ Տեղի ունեցած դեպքերի արդյունքում արշավախմբի 60-70 մարտիկների հաջողվում է փախուստի դիմել։ Մարտին Շաթրինյանը կարծում է, որ Կուկունյանն ինքը ևս կարող էր փախչել, բայց դա չի անում այն նպատակով, որ հնարավորություն ունենա դատավարության ժամանակ պաշտպանելու Հայոց դատը[14]։

Երկու կողմերի կորուստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Թիֆլիսի դատական ամբաստանագրի տվյալների՝ երկու կողմերից սպանվածների թիվը հետևյալն էր՝ Կուկունյանի խմբից 6 հոգի, որոնց մեջ էին զինվորական ղեկավար Սարդար Ավետիսյանը, խմբի անդամներ Աբրահամ Դաղեթցին, Ստեփան Էրզրումցին, Մկրտիչ Բաշքադըքլարցին, Նատո Բուլանղցին, Հարություն Թեքիրդաղցին։ Հակառակ կողմից զոհերի թիվը կազմում էր 1 կոզակ, 10 քուրդ և թուրք։ Խմբի անդամների մի մասին ձերբակալելուց հետո իշխանությունները գրավում են 28 բերդան հրացան, 2 վինչեստրի, 2 պիբոլի, 4 շնեյդերի և այլ հրացաններ։ Միաժամանակ վերցնում են 11 դաշույն, 2 սուր, 6 սվին, 1 ատրճանակ, 24 յափունջի և 6 պայուսակ՝ փամփուշտներով լիքը[15]։ 113

Կաղզվանի բանտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Կուկունյանն ու իր ընկերները հայտնվում են Կաղզվանի բանտում։ Բանտում Կուկունյանին մեկուսացնում են առանձին սենյակում, իսկ մյուսներին փակում երկու սենյակներում։ Սեպտեմբերի վերջին Կաղզվանից գալիս են Կարսի Նահանգապետի օգնական Պետանդերն ու գավառական պաշտոնյաները և Ս. Կուկունյանին կանչում քննության։ Հարցազրույցը կայանում է հաջորդ օրը, Պետանդերը փորձում է խորամանկ հարցերով մեղադրանք առաջ քաշել, թե Կուկունյանը մտադրություն է ունեցել ռուսական կառավարության դեմ, և Խառ գյուղի մոտ առաջին հրացանաձգություն սկսողն եղել է հայկական կողմը։ Կուկունյանն այդ մեղադրանքներն համարում է անարդար և տալիս հիմնավորված պատասխաններ։ Խմբի տղաներին բանտում պահում են շուրջ մեկ ամիս։ «Կարծոիմ էինք, թե այսօր վաղը մեզ կ՚արձակեն,- ասում է արշավանքի մասնակից Հովսեփ Մովսիսյանը,- շատ միամիտ էինք և անփորձ։ Մեր անփորձությունը հասնում էր յիմարութեան։ Միայն մի ոստիկան էր դրուած մեզ հսկելու եւ կամերայից դուրս բերելու համար։ Նա էլ ամբողջ օրը նստած տեղը մրափում էր. եւ ոչ մեկիս մտքով չանցավ փախչել, չնայած այնքա՜ն հեշտ էր փախչելը»[16]։ Կուկունյանը նույնպես չէր մտածել փախչելու մասին։ Նրանք վստահ են եղել, որ իրենք չպիտի պատժվեն ռուսական կառավարության կողմից, քանի որ արշավանքն ուղղված էր Թուրքիայի դեմ։

Հայության և Կուկունյանի փոխհարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսի հայությունը համակրանք է ցուցաբերում ձերբակալված տղաների նկատմամբ։ Ռուբեն Տեր- Մինասյանը մատնանշում է[17]

Կարսի ժողովուրդը ծարաւի էր տեսնելու «հայ զօրքը»։ Այդ տեսաւ ու շոշափեց։ Ու թեև այդ «զօրքը» բանտարկուեցավ եւ աքսորուեցավ, բայց ժողովուրդը կը սիրեր իր տեսածը և կ՚ուզեր ունենալ ավելի անթերի, ավելի կատարելագործուած զինվորական ուժ մը, եւ ունեցավ

:

Մարտին Շաթիրյքնի վկայությամբ, կարսի բնակչությունն այնպիսի խանդավառությամբ էր կապված Ս. Կուկունյանի խմբի հետ, որ երբ նրանց ձերբակալեցին, ամբողջ քաղաքը սգի մեջ էր։

Դատավարություն և աքսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Կուկունյանի խմբի անդամներից 1890 թվականի սեպտեմբերի 26-27-ը ձերբակալվածների թիվը 43 էր։ Նրանցից դատարանի առաջ կանգնեցին 42-ը, քանի որ 1891 թվականի հոկտեմբերի 8-ին՝ դատավարությունից առաջ Կարսի բանտում թոքախտից մահացել էր ղարաբաղցի Սահակ Մինասյանը։ 1893 թվականի ապրիլի 7-ին սկսվում է ձերբակալվածների դատավարությունը։ Ձերբակալվածներից 16-ը ազատ են արձակվում, 26-ը դատապարտվում են, որոնցից Սարգիս Կոկունյանը դատապարտվում է 20, խմբի անդամներից 19-ը 15, 1-ը 12, 4-ը՝ 8, 1-ը 3 տարվա տաժանակիր աշխատանքի։ Թիֆլիսի վերաքննիչ ատյանը 1893 թ. մայիսի 26-ին, իսկ սենատը 1894 թ. հունվարի 28-ին անփոփոխ են թողնում Երևանի շրջանային դատարանի որոշումը։ 1895 թ. մարտի 1-ին բանտարկյալները շղթայակապ աքսորվում են Սիբիր։ Սարգիս Կուկունյանի արշավանքը գործնականում ձախողվեց, բայց կարևոր դեր խաղաց «Դեպի Երկիր» գաղափարախոսության տարածման առումով։ Սարգիս Կուկունյանը կամավոր մասնակցում է 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմին։ Սրա շնորհիվ Սարգիս Կուկունյանն ազատվում է բանտարկությունից և իր հայազգի կնոջ հետ, որի հետ ծանոթացել էր Սախալինում, վերադառնում է Կովկաս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սարգիս Կուկունյանի արշավանքները.pdf». Google Docs. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  2. Սեւեան Ռ., Հ.Յ.Դաշնակցութեան առաջին քայլերը եւ գործիչները, «Հայրենիք» ամսագիր 1937, N 7
  3. Ներսիսյան Ա., Ազգային ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թթ., Եր., 1999:
  4. Սարգիս Կուկունյանի արշավանքը, գրեց Վ. Վալադեան, «Հայրենիք» ամսագիր, 1957
  5. «Յեղափոխական ալպոմ (ազատագրական պայքարի յուշամատեան)», Պէյրութ, 1962
  6. Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, «Հայրենիք» ամսագիր, 1937
  7. Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, «Հայրենիք» ամսագիր, 1937 էջ 147
  8. Յուշեր Կուկունեան արշաւախմբից, Յովսեփ Մովսիսեանի, «Հայրենիք» ամսագիր, 1934
  9. Խուդինյան Գ., ՀՅ Դաշնակցության քննական պատմություն..., էջ 202
  10. ԳԱԹ, Բ. Նավասարդյանի ֆոնդ, վավ. 9-III, թ. 51
  11. Արամայիս (Տեր-Դանիելյան), Սարգիս Կուկունեան (կեանքն ու գործը), Դիւան Հ.Յ.Դաշնակցութեան, խմբ.՝ Ս. Վրացեան, Բ հատ.
  12. Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, տես Հայրենիք ամսագիր, 1937, էջ 136
  13. Յուշեր Կուկունեան արշաւախմբից, Յովսէփ Մովսիսեանի (Արգամ Պետրոսեան), «Հայրենիք» ամսագիր, 1934, թիւ 5, էջ 57
  14. Մ. Շ.-ի յուշերը, Հայոց հասարակական շարժումների պատմութիւնից, «Հայրենիք» ամսագիր, 1923, թիւ 6, էջ 52
  15. Նորեան Ա., Դրւագբեր Հ.Յ.Դ. գործունէութիւնից, էջ 89
  16. Յուշեր Կուկունեան արշաւախմբից, Յովսէփ Մովսիսեանի (Արգամ Պետրոսեան), «Հայրենիք ամսագիր», 1934, թիւ 6, էջ 58
  17. Ռուբէն, հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 1, էջ 110