Չժոու Ֆոհայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժոու Ֆոհայ
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն և Գոմինդան
Կրթություն՝ Կիոտոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական ծառայող
Ծննդյան օր մայիսի 29, 1897(1897-05-29)[1]
Ծննդավայր Յուանլին, Chenzhou Fu, Հունան, Ցին կայսրություն
Վախճանի օր փետրվարի 28, 1948(1948-02-28)[1] (50 տարեկան)
Վախճանի վայր Նանկինի բանտ, Նանկին, Չինաստանի Հանրապետություն
Քաղաքացիություն  Ցին կայսրություն և  Չինաստանի Հանրապետություն

Չժոու Ֆոհայ (չին. 周佛海, մայիսի 29, 1897(1897-05-29)[1], Յուանլին, Chenzhou Fu, Հունան, Ցին կայսրություն - փետրվարի 28, 1948(1948-02-28)[1], Նանկինի բանտ, Նանկին, Չինաստանի Հանրապետություն), չինացի քաղաքական գործիչ։ Ճապոնիայի կողմից Չինաստանի օկուպացիայի ժամանակ եղել է փոխնախագահ և ֆինանսների նախարար Վան Ցզինվեյայի Չինաստանի Հանրապետության կոլաբորացիոնիստական կենտրոնական կառավարությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժոու Ֆոհայը ծնվել է 1897 թվականի մայիսի 29-ին, Չինաստանի Հունան նահանգի Յուանլին շրջանի մի փոքրիկ գյուղում, որտեղ նրա հայրը ցինական վարչակազմի պաշտոնյա է եղել։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1911 թվականին Սինհայի հեղափոխությունից հինգ տարի անց՝ 1917 թվականին, սովորելու է մեկնել Ճապոնիայի թիվ 7 նախապատրաստական ռազմական դպրոց, որի բազայի վրա հետագայում հիմնադրվել է Կագոսիմայի համալսարանը։ 1920 թվականին մեկ տարով վերադարձել է հայրենիք` Յուանլին։

Ճապոնիայում գտնվելու ընթացքում Չժոու Ֆոհայը տոգորվել է մարքսիզմի գաղափարներով, իսկ Չինաստան վերադառնալուն պես դարձել է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1920 թվականին Շանհայում առաջին անգամ հանդիպել է չինական կոմունիստների մեկ այլ խմբի, իսկ 1921 թվականի հուլիսին, որպես Տոկիոյի կոմունիստների առաջնորդ, մասնակցել է որպես ՉԿԿ Շանհայի առաջին համագումարին։ 1921 թվականի նոյեմբերի սկզբին, կրկին վերադառնալով Ճապոնիա, շարունակել է ուսումը։ 1922 թվականի մարտին ընդունվել է Կիոտոյի կայսերական համալսարան` ստանալով տնտեսագետի որակավորում։

1924 թվականին Չժոու Ֆոհայը հիասթափվել է կոմունիստների գաղափարներից և մեթոդներից, լքել է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և միացել Գոմինդանին։ Չինաստանի հանրապետության կենտրոնական կառավարությունում նշանակվել է Հասարակայնության հետ կապերի վարչության քարտուղար։ Վան Ցզինվեի և Լյաո Չժունկայի գլխավորությամբ արագորեն միացել է Գոմինդանի ձախ խմբավորմանը և անցել Չան Կայշիի ընդդիմադիր խմբավորման կողմը։ Հետագայում կատաղի հակառակորդ է դարձել 1926-1927 թվականների կոմունիստների հետ համատեղ Հյուսիսային արշավին և Չին-ճապոնական երկրորդ պատերազմից առաջ Չանի վարած քաղաքականությանը։ 1927 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Չժոու Ֆոհայը պաշտոն է ստանձնել Ուհանի Վան Գզինվեի կառավարությունում։ 1931 թվականից անդամակցել է Գոմինդանի կենտրոնական գործկոմին։ 1935-1938 թվականներին, ունենալով նախարարի աստիճան, կառավարությունում զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ՝ կապված հասարակական գործունեության և քարոզչության հետ[2]։

Պատերազմը սկսվելուց հետո՝ 1938 թվականի սեպտեմբերից, սատարել է Վան Գզինվեի ճապոնամետ քաղաքականությանը։ Նույն թվականի դեկտեմբերին նրանք միասին փախել են Չինաստանի ժամանակավոր մայրաքաղաք Չունցինից Հանոյի ճանապարհով դեպի Հոնկոնգ, որտեղ բացահայտ անցել են ճապոնացիների կողմը։ 1939 թվականի դեկտեմբերին և 1940 թվականի նոյեմբերին նա մասնակցել է Ճապոնիայի հետ մի շարք պայմանագրերի կնքմանը։ 1939 թվականի օգոստոսից համակարգել է Վան Գզինվեի կոլլաբրոցիոնիստական քարոզչության, գրաքննության, գործակալական ու ֆինանսական հարցերը։

1940 թվականի մարտին, Նանկինում Չինաստանի Հանրապետության կենտրոնական կառավարության ձևավորումից անմիջապես հետո դարձել է կոլաբորացիոնիստական կառավարության փոխնախագահ և Կենտրոնական քաղաքական կոմիտեի անդամ, կատարել է նաև Ֆինանսների նախարարի և Կենտրոնական պահուստային բանկի ղեկավարի պարտականությունները, ինչպես նաև ղեկավարել է բանակի մի մասը։ 1944 թվականի դեկտեմբերից մինչև 1945 թվականի օգոստոսը զբաղեցրել է Շանհայի քաղաքապետի պաշտոնը՝ փոխարինելով Չեն Գունբոյին և ոստիկանության նախարարին։

Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո նա փորձել է փախչել Հոնկոնգ, բայց 1945 թվականի սեպտեմբերի 30-ին Չան Կայշիի զորքերը ձերբակալել են նրան Չունցինում, որտեղ նա մեկ տարի մնացել է անազատության մեջ։ 1946 թվականի հոկտեմբերի 21-ին Նանջինում, դատական լսումների ժամանակ, Չժոու Ֆոհայը կանգնել է Չինաստանի Գերագույն դատարանի առաջ։ Նոյեմբերի 7-ին դատարանը, մեղադրելով Չժոուին թշնամիների հետ դավադրության, ճապոնական օկուպացիոն ուժերին օժանդակելու և հայրենիքին դավաճանելու մեջ, նրան դատապարտել է մահապատժի։ Բայց Չժոուի կնոջ` Յուն Շուհուեյի խնդրագրով, պատիժը փոխվել է ցմահ ազատազրկմամբ։ Նա մահացել է բանտում՝ սրտի կաթվածից, 1948 թվականի փետրվարի 28-ին՝ 50 տարեկան հասակում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժոու Ֆոհայի հայրը մահացել է որդու ծնվելուց գրեթե անմիջապես հետո։ Կինը Յան Շուհուեյն էր։ Որդին՝ Չժոու Յուհայը, ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 20-ին։ 1938 թվականից ընտանիքն ապրել է Հոնկոնգում։ Պատերազմից հետո` 1946 թվականի օգոստոսին, Չժու Յուհանը անդամագրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David P. Barrett and Larry N. Shyu, eds.; Chinese Collaboration with Japan, 1932—1945: The Limits of Accommodation Stanford University Press 2001
  • John H. Boyle, China and Japan at War, 1937—1945: The Politics of Collaboration (Harvard University Press, 1972).
  • James C. Hsiung and Steven I. Levine, eds., China’s Bitter Victory: The War with Japan, 1937—1945 (Armonk, N.Y.: M. E. Sharpe, 1992)
  • Ch’i Hsi-sheng, Nationalist China at War: Military Defeats and Political Collapse, 1937—1945 (Ann Arbor: University of Michigan Press, 1982).
  • Frederick W. Mote, Japanese-Sponsored Governments in China, 1937—1945 (Stanford University Press, 1954).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Shanghai Daily news
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժոու Ֆոհայ» հոդվածին։