Ուրբինո (իտալ.՝ Urbino. ur-BEE-noh[1], Իտալերեն: [urˈbiːno] (լսել); Romagnol: Urbìn), քաղաք Իտալիայի հյուսիս-արևելքում։ Մարկե մարզի կազմում ընդգրկված Պեզարո է Ուրբինո պրովինցիայի վարչական, մշակութային, կրթական և պատմական կենտրոնն է։ Ընկած է երկրի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 210, մարզկենտրոն Անկոնայից՝ 75, Պեզարոյից՝ 30 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Զբաղեցնում է շուրջ 228 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է շուրջ 15.200[3]։ Մոտավորապես այդքան մարդ էլ (13000) սովորում է տեղի համալսարանում։
1998 թվականին քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[4]։ Աչքի է ընկնում լավ պահպանված վերածննդյան ինքնատիպ մշակույթով, որը բուռն ծաղկում է ապրել հատկապես դուքս Ֆեդերիկո դա Մոնտեֆելտրոյի իշխանության տարիներին՝ 1444-ից 1482 թվականներին։ Այստեղ սկիզբ է դրվել մայոլիկայի արվեստին ու արտադրությանը։ 1506 թվականին հիմնադրվել է համալսարանը։ Քաղաքը դարձել է հռոմեական կոթոլիկ արքեպիսկոպոսության նստավայր։
Ուրբինոյի առավել հիշարժան պատմա-ճարտարապետական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկ ված դքսական պալատն է՝ Palazzo Ducale-ն[5], որի վերակառուցումն իրականացվել է անվանի ճարտարապետ Լուչանո Լաուրենայի նախագծերով ու ղեկավարությամբ։ Կառույցի առավել ինքնատիպ ճարտարապետական տարրերից են նրա աշտարակները[6]։ Այդ պալատում գործում է հանրահայտ պատկերասրահ՝ Մարկե մարզի ազգային պատկերասրահը, որտեղ պահվում ու ցուցադրվում է համաշխարհային մասշտաբով նշանակալից վերածննդյան հավաքածու՝ Ռաֆայելի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Պաոլո Ուչելլոյի և անվանի այլ վարպետների նկարներով ու քանդակներով։ Քաղաքի պատմա-մշակութային կարևոր հուշարձաններից են նաև Մայր տաճարը՝ Duomo di Urbino-ն՝ Ֆեդերիկո Բարոչչիի նկարներով[7], Սան Դոմենիկո եկեղեցին՝ Լուկա դելլա Ռոբիայի բարձրաքանդակներով (1449), Սան Սպիրիտո եկեղեցին՝ Լուկա Սինյորելլիի գեղանկարչական աշխատանքներով (1445)... Ուրբինոյի հյուրերի հատուկ ուշադրությանն է արժանանում նաև Ռաֆայելի տուն-թանգարանը։
Տեղի համալսարանում ամեն տարի անց է կացվում եվրոպական իրավունքի միջազգային սեմինար։
Համայնքի հովանավոր է համարվում սուրբ Կրեսկենտինը։ Տոնը նշվում է հունիսի 1-ին։
Ուրբինոյին բնորոշ է մերձարևադարձային կլիման, որը ծովափնյա բնակավայրերի համեմատությամբ որոշ չափով ավելի խոնավ է՝ քաղաքի բարձր դիրքի պատճառով (ծովի մակերևույթից միջին բարձրությունը 485 մետր է)։