Նշան Արծրունի
Ի ծնե | արմտ. հայ.՝ Նշան Պլէօխանեան |
---|---|
Ծնվել է | 1849 |
Ծննդավայր | Ապուչեխ, Ակն |
Մահացել է | 1895 |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Կայսերական զինվորական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ, գրող և հասարակական գործիչ |
Նշան Արծրունի (իսկական ազգանունը եղել է Պլեոխանյան, սակայն հայրենի Վանը հիշեցնելու նպատակով փոխել են Արծրունիի), (1849 թվական, Սեբաստիայի նահանգ, Սեբաստիայի գավառ, Ակնի գավառակ, Աբուչեխ (Ապուչեխ) ավան - 1895 թվական), հայ բժիշկ, գրող, ազգային հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշան Արծրունին ծնվել է 1849 թվականին, Սեբաստիայի նահանգի |Սեբաստիայի գավառի Ակն գավառակի Աբուչեխ (Ապուչեխ) ավանում՝ վանեցու ընտանիքում։ Ավարտել է ծննդավայրի վարժարանի վեցամյա դասընթացը։ 1867 թվականին մոր հետ տեղափոխվել է Կ. Պոլիս և վերցվել զինվորական բժիշկ հորեղբոր՝ Մինասի խնամքին։ 1867-1871 թվականներին սովորել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանում և ստացել դեղագործի, ապա նաև վիրաբույժի վկայականներ։ 1871 թվականին արաբական ապստամբության ժամանակ օսմանյան բանակի կազմում, որպես զինվորական բժիշկ, ուղարկվել է Հիջազ և Եմեն։ 1871-1876 թվականներին, ծառայության բերումով, հինգ տարի թափառել է արաբական անապատներում և դարմանել մալարիայով հիվանդ զինվորներին ու տեղացիներին։ Օսմանյան պետությունը գնահատել է Արաբիայում նրա ծառայությունը և նրան պարգևատրել «Մեջիդիե»-ի Ա կարգի պատվանշանով և հարյուրապետի զինվորական աստիճանով։ 1876 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է Արաբիա կատարած իր ուղևորության մասին հայերեն գրած «Ուղեւորութիւն դէպի Արաբիա» ուսումնասիրության թուրքերեն թարգմանությունը։ Մեկ այլ աղբյուրում ասված է, որ գրքի բնագիրը եղել է թուրքերեն, իսկ 1911 թվականին թարգմանվել և հրատարակվել է նաև հայերեն։ 1877-1878 թվականներին Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կրկին զորակոչվել է օսմանյան բանակ և, որպես զինվորական բժիշկ, Կարսի ռազմաճակատ ուղարկվել։ Կարսում օսմանյան բանակի պարտությունից հետո, հազարավոր թուրք զինվորների հետ գերի է ընկել քաղաքը գրաված ռուսական զորքին, տեղափոխվել Երևան, ապա՝ Թիֆլիս, ուր, որպես հմուտ բժիշկ և բարձրաստիճան զինվորական, արժանացել է Կովկասյան բանակի երկու բարձրաստիճան հայ հրամանատարների՝ գեներալներ Միքայել Լոռիս-Մելիքովի և Արշակ Տեր-Ղուկասյանի համակրանքին և շնորհներին։ Լոռիս-Մելիքովը, որպես խորին հարգանքի նշան, նրան նվիրել է արծաթե շքադրամ և իր լուսանկարը։
Թիֆլիսում ծանոթացել է անվանի մշակութային գործիչ, «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ, որի խնդրանքով պատերազմական հուշեր ու զանազան հոդվածներ է տպագրել «Մշակում»` «Պլեօխան» ծածկանունով։ Վերադառնալով ռուսական հսկողության տակ գտնվող Կարս, հրատարակել է Թրքահայաստանի ազատագրությանը նվիրված «Կարս Հայաստանի» (նման անունով պարբերական մատենագիտական որևէ ցուցակում կամ որևէ աղբյուրում չկա - խմբ.) եռօրյա հայրենաշունչ թերթը, որը, սակայն, 2-3 համար հրատարակվելուց հետո, քաղաքական նկատառումներով և բարեկամների խորհրդով ընդհատվել է, քանի որ կարող էր վնաս հասցնել Թուրքիայում բնակվող իր հարազատներին։ 1880 թվականի հոկտեմբերի 16-ին, Կարսի Ազգային առաջնորդարանն ու կրթական մարմինները նրան շնորհել են «Գնահատական վկայագիր»` անձնվեր ծառայության համար։ 1881 թվականին Կ. Պոլիս է վերադարձել և զանազան պաշտոններ վարել։ 1881-1888 թվականներին բնակվել է Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Ակն գավառակի կենտրոն Ակն քաղաքում, ապա` Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի Չմշկածագ ավանում և քաղաքապետական դեղագործի ու վիրաբույժի պաշտոնները վարել։ Այդ ընթացքում բազմիցս այցելել է Դերսիմ և իր համակրելի բնավորությամբ դարձել տեղի քուրդ ցեղապետերի սիրելին։
Կազմել է Հայաստանի ազատագրության համար ապստամբության ծրագիր, սակայն գտնելով, որ դա դժվարին և կանխահաս է, հրաժարվել է այդ մտքից։ 1889 թվականի հունվարին Երզնկայում կազմված Հայ տնտեսական միության հրավերով մեկնել է Երզնկա` վիրաբույժ և դեղագործ աշխատելու։ 1889 թվականին Երզնկայի օսմանյան իշխանությունը նրան ամբաստանել է իբրև ռուսական լրտես, որը 1877-1878 թվականներին Ռուս-թուրքական պատերազմիի ժամանակ իբր նպաստել է Կարս բերդաքաղաքի անկմանը, քանի որ Կարսի զինվորական հատակագիծը իբր ուղարկել է ռուսական բանակի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին։ Տունը խուզարկելիս Անիում Կարսի առաջնորդի, Գամառ Քաթիպայի (Ռափայել Պատկանյան) և ուսուցիչների հետ լուսանկարված պատկերը և մի քանի նոր հեղինակած երգեր են հայտնաբերել։ 1889 թվականին 5 տարվա տաժանակիր բանտարկության է դատապարտվել։ 1894 թվականին, Լիբիայի (Աֆրիկայի հյուսիսում) Տրիպոլիս քաղաքն է աքսորվել։ 1895 թվականին հունվարի 1-ին, ֆիզիկապես քայքայված ու հոգեպես ջլատված վիճակում մահացել է Տրիպոլիսի իտալական հիվանդանոցում` 46 տարեկանում։ Թաղվել է Տրիպոլիսի հունական գերեզմանոցում։ Թողել է մի քանի թատերական և բժշկական գործեր, որոնցից մի քանիսը խարդախաբար հրատարակել են ուրիշները (Վ. Արծրունի, «Արև», 1932 թվական, հունվար)։
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղեւորութիւն դէպի Արաբիա (թուրքերեն բնագիր), 1876։
- Ուղեւորութիւն դէպի Արաբիա (հայերեն թարգմանություն), թերթոն «Աշխատանք» թերթում, Զմյուռնիա, 1911։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
- Պարսամեան Մկրտիչ, Ակն եւ ակնցիք, Փարիզ, 1952։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հ. Ա., Երևան, 1973։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։