Նշան Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Արծրունի
Ի ծնեարմտ. հայ.՝ Նշան Պլէօխանեան
Ծնվել է1849
ԾննդավայրԱպուչեխ, Ակն
Մահացել է1895
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԿայ­սե­րա­կան զին­վո­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ, գրող և հասարակական գործիչ

Նշան Արծրունի (իսկական ազգանունը եղել է Պլեոխանյան, սակայն հայրենի Վանը հիշեցնելու նպատակով փոխել են Արծրունիի), (1849 թվական, Սեբաստիայի նահանգ, Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռ, Ակնի գավառակ, Աբուչեխ (Ապուչեխ) ավան - 1895 թվական), հայ բժիշկ, գրող, ազգային հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Արծրունին ծնվել է 1849 թվականին, Սեբաստիայի նահանգի |Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռի Ակն գավառակի Աբուչեխ (Ապուչեխ) ավանում՝ վանեցու ընտանիքում։ Ավարտել է ծննդավայրի վարժարանի վեցամյա դասընթացը։ 1867 թվականին մոր հետ տեղափոխվել է Կ. Պոլիս և վերցվել զինվորական բժիշկ հորեղբոր՝ Մինասի խնամքին։ 1867-1871 թվականներին սովորել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանում և ստացել դեղագործի, ապա նաև վիրաբույժի վկայականներ։ 1871 թվականին արաբական ապստամբության ժամանակ օսմանյան բանակի կազմում, որպես զինվորական բժիշկ, ուղարկվել է Հիջազ և Եմեն։ 1871-1876 թվականներին, ծառայության բերումով, հինգ տարի թափառել է արաբական անապատներում և դարմանել մալարիայով հիվանդ զինվորներին ու տեղացիներին։ Օսմանյան պետությունը գնահատել է Արաբիայում նրա ծառայությունը և նրան պարգևատրել «Մե­ջի­դիե»-ի Ա կարգի պատվանշանով և հարյուրապետի զինվորական աստիճանով։ 1876 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է Արաբիա կատարած իր ուղևորության մասին հայերեն գրած «Ու­ղե­ւո­րու­թիւն դէ­պի Արա­բիա» ուսումնասիրության թուրքերեն թարգմանությունը։ Մեկ այլ աղբյուրում ասված է, որ գրքի բնագիրը եղել է թուրքերեն, իսկ 1911 թվականին թարգմանվել և հրատարակվել է նաև հայերեն։ 1877-1878 թվականներին Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կրկին զորակոչվել է օսմանյան բանակ և, որպես զինվորական բժիշկ, Կարսի ռազմաճակատ ուղարկվել։ Կարսում օսմանյան բանակի պարտությունից հետո, հազարավոր թուրք զինվորների հետ գերի է ընկել քաղաքը գրաված ռուսական զորքին, տեղափոխվել Երևան, ապա՝ Թիֆլիս, ուր, որպես հմուտ բժիշկ և բարձրաստիճան զինվորական, արժանացել է Կովկասյան բանակի երկու բարձրաստիճան հայ հրամանատարների՝ գեներալներ Միքայել Լոռիս-Մելիքովի և Արշակ Տեր-Ղուկասյանի համակրանքին և շնորհներին։ Լոռիս-Մելիքովը, որպես խորին հարգանքի նշան, նրան նվիրել է արծաթե շքադրամ և իր լուսանկարը։

Թիֆլիսում ծանոթացել է անվանի մշակութային գործիչ, «Մշակ» թերթի խմբագիր Գրի­գոր Արծ­րու­նու հետ, որի խնդրանքով պատերազմական հուշեր ու զանազան հոդվածներ է տպագրել «Մշա­կում»` «Պլե­օ­խան» ծածկանունով։ Վերադառնալով ռուսական հսկողության տակ գտնվող Կարս, հրատարակել է Թրքահայաստանի ազատագրությանը նվիրված «Կարս Հա­յաս­տա­նի» (նման անունով պարբերական մատենագիտական որևէ ցուցակում կամ որևէ աղբյուրում չկա - խմբ.) եռօրյա հայրենաշունչ թերթը, որը, սակայն, 2-3 համար հրատարակվելուց հետո, քաղաքական նկատառումներով և բարեկամների խորհրդով ընդհատվել է, քանի որ կարող էր վնաս հասցնել Թուրքիայում բնակվող իր հարազատներին։ 1880 թվականի հոկ­տեմ­բե­րի 16-ին, Կարսի Ազգային առաջնորդարանն ու կրթական մարմինները նրան շնորհել են «Գնա­հա­տա­կան վկա­յա­գիր»` անձն­վեր ծա­ռա­յու­թյան հա­մար։ 1881 թվականին Կ. Պո­լիս է վե­րա­դար­ձել և զա­նա­զան պաշ­տոն­ներ վա­րել։ 1881-1888 թվականներին բնակ­վել է Սե­բաս­տի­ա­յի նա­հան­գի Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռի Ակն գա­վա­ռա­կի կենտ­րոն Ակն քա­ղա­քում, ապա` Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի Չմշկածագ ավանում և քաղաքապետական դեղագործի ու վիրաբույժի պաշտոնները վարել։ Այդ ընթացքում բազմիցս այցելել է Դերսիմ և իր համակրելի բնավորությամբ դարձել տեղի քուրդ ցեղապետերի սիրելին։

Կազմել է Հայաստանի ազատագրության համար ապստամբության ծրագիր, սակայն գտնելով, որ դա դժվարին և կանխահաս է, հրաժարվել է այդ մտքից։ 1889 թվականի հունվարին Երզնկայում կազմված Հայ տնտեսական միության հրավերով մեկնել է Երզն­կա` վի­րա­բույժ և դե­ղա­գործ աշ­խա­տե­լու։ 1889 թվականին Երզն­կա­յի օս­մա­նյան իշ­խա­նու­թյու­նը նրան ամ­բաս­տա­նել է իբ­րև ռու­սա­կան լրտես, որը 1877-1878 թվականներին Ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­միի ժա­մա­նակ իբր նպաս­տել է Կարս բեր­դա­քա­ղա­քի անկ­մա­նը, քա­նի որ Կար­սի զին­վո­րա­կան հա­տա­կա­գի­ծը իբր ու­ղար­կել է ռու­սա­կան բա­նա­կի գե­նե­րալ Ար­շակ Տեր-Ղու­կա­սո­վին։ Տու­նը խու­զար­կե­լիս Անիում Կարսի առաջ­նոր­դի, Գամառ Քաթիպայի (Ռափայել Պատկանյան) և ու­սու­ցիչ­նե­րի հետ լու­սան­կար­ված պատ­կե­րը և մի քա­նի նոր հե­ղի­նա­կած եր­գեր են հայտ­նա­բե­րել։ 1889 թվականին 5 տար­վա տա­ժա­նա­կիր բան­տար­կու­թյան է դա­տա­պարտ­վել։ 1894 թվականին, Լի­բի­ա­յի (Աֆ­րի­կա­յի հյու­սի­սում) Տրի­պո­լիս քա­ղաքն է աք­սոր­վել։ 1895 թվականին հուն­վա­րի 1-ին, ֆի­զի­կա­պես քայ­քայ­ված ու հո­գե­պես ջլատ­ված վի­ճա­կում մա­հա­ցել է Տրի­պո­լի­սի իտա­լա­կան հի­վան­դա­նո­ցում` 46 տարեկանում։ Թաղվել է Տրիպոլի­սի հունական գերեզմանոցում։ Թողել է մի քանի թատերական և բժշկական գործեր, որոնցից մի քանիսը խարդախաբար հրատարակել են ուրիշները (Վ. Արծրունի, «Արև», 1932 թվական, հունվար)։

Աշ­խա­տու­թյուն­նե­րը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղեւորութիւն դէպի Արաբիա (թուրքերեն բնագիր), 1876։
  • Ուղեւորութիւն դէպի Արաբիա (հայերեն թարգմանություն), թերթոն «Աշ­խա­տանք» թերթում, Զմյուռնիա, 1911։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
  • Պարսամեան Մկրտիչ, Ակն եւ ակնցիք, Փարիզ, 1952։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հ. Ա., Երևան, 1973։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։