Յան Մասարիկ
Յան Մասարիկ | |
Կրթություն՝ | Բեյթս քոլեջ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, Clerical Officer, հրապարակախոս և թարգմանիչ |
Ազգություն | չեխ |
Դավանանք | բողոքականություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 14, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Վինոգրադի, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանի օր | մարտի 10, 1948[1][4][2][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Հրադչանի, Պրահա, Չեխոսլովակիա |
Թաղված | Լենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Հայր | Թոմաշ Մասարիկ |
Մայր | Շարլոտտա Գառիգ |
Պարգևներ | |
Յան Գարրիգ Մասարիկ (չեխ․՝ Jan Garrigue Masaryk, սեպտեմբերի 14, 1886[1][2][3][…], Վինոգրադի, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 10, 1948[1][4][2][…], Հրադչանի, Պրահա, Չեխոսլովակիա), չեխոսլովակյան դիվանագետ և պետական գործիչ։ 1940-1948 թվականներին եղել է Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար։
Չեխոսլովակիայի առաջին նախագահի՝ Թոմաշ Մասարիկի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Մասարիկը ծնվել է Պրահայում՝ պրոֆեսոր Թոմաշ Մասարիկի և նրա կնոջ՝ Չարլզ Քրեյնի ազգական ամերիկուհի Շառլոտա Գարրիգի ընտանիքում։ Մասարիկը կրթություն է ստացել Պրահայում, այնուհետև ԱՄՆ-ում, որտեղ վաստակել է իր սեփական աշխատանքով՝ աշխատելով մասնավորապես պողպատաձուլական ընկերությունում որպես ծառայող։ Յանն Ամերիկա է եկել 1907 թվականին։ Նա աշխատանքի է ընդունվել Բրիջպորտում գտնվող Կրեյններին պատկանող պողպատաձուլական ընկերությունում։ Յան Մասարիկը 6 տարի աշխատել է սևագործ բանվոր, ավազ մաղող, կաղապարող, բայց Բրիջպորտում անցկացրած տարիները հիշել է որպես իր կյանքի ամենաերջանիկներից մեկը։ Նա տուն է վերադարձել 1913 թվականին։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա կռվել է ավստրո-հունգարական բանակի շարքերում։ Ավստրո-Հունգարիայի փլուզումից և Չեխոսլովակիայի կազմավորումից հետո[8] նա անցել է դիվանագիտական ծառայության, 1919-1922 թվականներին եղել է Միացյալ Նահանգներում Չեխոսլովակիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, իսկ 1925 թվականին՝ դեսպան Մեծ Բրիտանիայում։ Այդ պաշտոնը նա շարունակում է զբաղեցնել այն բանից հետո, երբ հայրը՝ Թոմաշ Մասարիկը, 1935 թվականին հրաժարական տվեց նախագահի պաշտոնից։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականի հոկտեմբերի սկզբին Չեխոսլովակիայի Սուդեթյան մարզը մտել է Գերմանիայի կազմի մեջ։ Չեխոսլովակիայի այլ տարածքներ մտել են Լեհաստանի և Հունգարիայի կազմի մեջ։ Երկրի կառավարության պաշտոնյաների մեծ մասը, այդ թվում՝ նախագահ Էդվարդ Բենեշը, հրաժարական են տվել։ Յան Մասարիկը նույնպես թողել է իր պաշտոնը, բայց մնացել է Լոնդոնում։ 1939 թվականի մարտին Սլովակիան առանձնացել է Չեխիայից, որն ամբողջովին գրավված էր նացիստական Գերմանիայի կողմից (Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ)։ 1940 թվականին Մեծ Բրիտանիայում ստեղծվել է Չեխոսլովակիայի վտարանդիական կառավարությունը, որում Մասարիկը նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Պատերազմի տարիներին նա պարբերաբար հայտնվել է BBC-ում՝ ռադիոյով դիմելով գրավյալ Չեխոսլովակիայի բնակիչներին։ 1941 թվականի հուլիսի 18-ին նա ստորագրել է Խորհրդա-Չեխոսլովակյան համաձայնագիր Գերմանիայի դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ։ 1942 թվականին ամերիկյան Բեյթս քոլեջը Մասարիկին շնորհել է իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում։
Հետպատերազմական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեխոսլովակիայի ազատագրումից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մասարիկը մնացել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Չնայած բազմակուսակցական համակարգին՝ Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը՝ Կլեմենտ Գոտվալդի գլխավորությամբ, ամենամեծ կշիռն է ունեցել երկրում, որի դիրքերը ամրապնդվել են 1946 թվականի ընտրություններից հետո։ Մասարիկը մտահոգված է եղել կոմունիստների քաղաքականությամբ, որոնք սերտ կապեր են հաստատել ԽՍՀՄ-ի հետ և հրաժարվել են մասնակցել Չեխոսլովակիայում Մարշալի պլանի իրականացմանը։ 1948 թվականի փետրվարին կաբինետի ոչ կոմունիստ նախարարների մեծ մասը հրաժարական են տվել՝ հույս ունենալով, որ կառավարությունը ցրվում է և նոր ընտրություններ կընթանան, բայց փոխարենը կոմունիստները ձևավորել են նոր, կոմունիստամետ կառավարություն։ Տեղի ունեցածը պատմության մեջ է մտել որպես փետրվարյան իրադարձություններ Չեխոսլովակիայում։ Իր հերթին, Մասարիկը չի մասնակցել ելույթներին և մնացել է որպես Արտաքին գործերի նախարար։ Նա միակ անկուսակցական նախարարն էր Գոտվալդի կաբինետում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականի մարտի 10-ին Յան Մասարիկին մահացած են գտել Արտաքին գործերի նախարարության շենքի բակում («Պրահայի երրորդ դեֆենեստրացիա»)։ Նա պիժամայով պառկած է եղել դեպի լոգարան տանող պատուհանի տակ։ Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ նա ինքնասպան է եղել։
1968 թվականին Պրահայի դեպքերի ժամանակ իշխանությունները ձեռնարկել են նոր հետաքննություն Մասարիկի մահվան հանգամանքների վերաբերյալ, ինչը բացառել է պատահական անկման հավանականությունը։ Երրորդ հետաքննությունը, որն իրականացվել է 1990-ականներին, նույնպես հավաստել է ինքնասպանության փաստը։
Միևնույն ժամանակ, 1992 թվականին Բեռլինում Չեխիայի դեսպանատուն է եկել ոմն Լեոնիդ Պարշինը, ով հայտարարեց, որ իր մայրը՝ Ելիզավետան (1913-2002), ՆԳԺԿ–ՊԱՆ-ի կադրային աշխատակից էր և գիտի Մասարիկին սպանած մարդուն[9]։ 1994 թվականի մարտի 28-ին, «Վրեմեչկո» հաղորդման եթերում, Ելիզավետա Պարշինան հայտարարեց, որ Մասարիկը սպանվել է ՊԱՆ-ի գործակալի կողմից, բայց հրաժարվեց տալ նրա անունը[10]։ Մի քանի տարի անց «Ազատություն» ռադիոկայանի հաղորդավար Վլադիմիր Տոլցը և Չեխիայի քրեական ոստիկանության կոմունիստական հանցագործությունների փաստաթղթավորման և հետաքննության գրասենյակի աշխատակից, գնդապետ Իլյա Պրավդան հայտարարեցին, որ Ելիզավետա Պարշինան բացահայտել է Մասարիկին սպանողների անունները։ Նրա խոսքով, սպանությունը կազմակերպել էր ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարության խորհրդային զորքերի խմբավորման վարչության պետ Միխայիլ Բելկինը, իսկ սպանության անմիջական կատարողը եղել է կրտսեր օպերլիազոր Բոնդարենկոն[10][11]։
Մասարիկի նախկին քարտուղար Անտոնին Սումին 2002 թվականին հայտարարել էր, որ չի հավատում սպանության վարկածներին և դեռ հավատում է, որ իր ղեկավարը ինքնասպան է եղել, Սամի խոսքով, իր կյանքի վերջին օրերին Masaryk-ը ծանր ընկճվածության մեջ էր և հավանաբար որոշել է ինքնասպան լինել[12]։
2001-2003 թվականներին Պրահայի ոստիկանության կողմից իրականացվել էր նոր հետաքննություն, որի արդյունքում պարզվել էր, որ Մասարիկը սպանվել է անհայտ անձի կամ անձանց խմբի կողմից[13]։ Դատաբժշկական փորձագետ Իրժի Ստրաուսը հայտարարեց, որ Մասարիկը ծանր մարդ էր և իհարկե սպորտսմեն չէր, ցած նետվելու դեպքում շենքին շատ ավելի մոտ վայրէջք կկատարեր։ Նա պնդում էր, որ այն փաստը, որ Մասարիկին գտել են պատուհանից ավելի քան երկու մետր հեռավորության վրա, վկայում է այն մասին, որ նրան դուրս են հրել պատուհանից։ Նա նաև նշել է, որ Մասարիկը վայրէջք է կատարել ոտքերի վրա՝ ենթադրելով, որ նա փորձել է փրկվել 14 մետր բարձրության անկումից[14]։ Կոմունիզմի հանցագործությունների փաստաթղթավորման և հետաքննության բյուրոն հայտարարում է, որ իրենք ստիպված են եղել կարճել գործը, քանի որ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են նյութեր տրամադրել, որոնք կարող են օգնել մարդասպանների հայտնաբերմանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1924-1931 թվականներին Մասարիկն ամուսնացած էր Ֆրենսիս Կրեյն Լիզերբիի հետ։ Նա հայտնի արդյունաբերող, բանկիր և դիվանագետ Չարլզ Ռիչարդ Կրեյնի դուստրն էր, ջրատար խողովակների ու սարքավորումների և վերելակների արտադրության խոշոր ընկերության ժառանգորդը և Չեխոսլովակիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Տելլեր Կրեյնի երկրորդ քույրը։ Լիզերբիի հետ ամուսնության ընթացքում Մասարիկը ունեցավ երեք որդեգրված երեխա. Չարլզ, Ռոբերտ կրտսեր և Ռիչարդ Կրեյն Լիզերբի, որոնք ծնվել են Ռոբերտ Լիզերբիի հետ Ֆրենսիսի ամուսնության ընթացքում։ Մասարիկը սեփական երեխաներ չուներ։
Հրապուրանք երաժշտությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիքից Մասարիկը հրապուրվել է երաժշտությամբ և նույնիսկ ցանկացել է երաժիշտ դառնալ։ Հենց այս պատճառով, իր որդուն «անլուրջ» զբաղմունքից շեղելու համար, Թոմաշ Մասարիկը նրան ուղարկել է ԱՄՆ։ Այստեղ, բացի պողպատաձուլական ընկերությունում աշխատելուց, Յանը որպես դաշնակահար մասնակցել է առաջին համր կինոֆիլմերի նկարահանումներին։
Լինելով Արտաքին գործերի նախարար՝ քաղաքական գործիչների և դիվանագետների մասնակցությամբ երեկույթներից և պաշտոնական հանդիպումներից հետո Մասարիկը հաճախ դաշնամուր է նվագել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ https://www.brno.cz/obcan/vyznamne-osoby-a-vyroci/cestni-obcane-mesta-brna-1918-1989/
- ↑ https://www.muni.cz/o-univerzite/vyznamenani/cestne-doktoraty-udelene-mu?page=9
- ↑ http://www.masarykovohnuti.cz/userdata/cas/cas111.pdf
- ↑ PRECLÍK Vratislav. Masaryk a legie (Masaryk and legions, Масарик и Легии), Ваз. Книга, váz. kniha, 219 str., vydalo nakladatelství Paris Karviná, Žižkova 2379 (734 01 Karviná-Mizerov, CZ) ve spolupráci s Masarykovým demokratickým hnutím (изданная издательством «Пари Карвина», «Зишкова 2379» 734 01 Карвин, в сотрудничестве с демократическим движением Масаpика, Прага) , 2019, ISBN 978-80-87173-47-3, str. 140-180
- ↑ Радио Прага — Раскрыть смерть Яна Масарика помогут лишь российские архивы
- ↑ 10,0 10,1 ТАСС не уполномочен заявить: «завещание» Яна Масарика(չաշխատող հղում)
- ↑ Виталий Ярошевский (2011 թ․ դեկտեմբերի 15). ««Господин Сталин, мне остается только умереть...»». Новая газета (ռուսերեն). Новая газета. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Последняя ночь Яна Масарика — Известия
- ↑ Rob Cameron (2004 թ․ հունվարի 6). «Police close case on 1948 death of Jan Masaryk - murder, not suicide». Radio Prague International (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Ladislava Kremličková (2005 թ․ ապրիլի 18). «JAN MASARYK (úvahy o jeho smrti)» (PDF). Policie ČR (չեխերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Михал Лаштовичка Томаш Гарриг Масарик, его сын Ян и их любовь к музыке // Radio Praha : Радио (текстовая версия). — 11 марта 2002.
- Биография на hrono.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Մասարիկ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Պրահա քաղաքում ծնվածներ
- Մարտի 10 մահեր
- 1948 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Պրահայի պատվավոր քաղաքացիներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի քաղաքական առաջնորդներ
- Չեխիայի քաղաքական գործիչներ
- Չեխ պետական գործիչներ
- Արտաքին գործերի նախարարներ
- Սպանված քաղաքական գործիչներ
- Չեխ թարգմանիչներ
- Չեխ հրապարակախոսներ