Jump to content

Հոֆբուրգ (Ինսբրուք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալատ
Հոֆբուրգ
գերմ.՝ Hofburg
Հոֆբուրգ պալատ
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունԻնսբրուք, Տիրոլ նահանգ
Հիմնադիրէրցհերցոգ Սիգիզմունդ
Հիմնադրման թվական1460-ական թվականներ
Հայտնի բնակիչներէրցհերցոգ Սիգիզմունդ
Էլիզաբեթ Բավարացի
Մաքսիմիլիան I
Ֆերդինանդ I-ի
էրցհերցոգ Ֆերդինանդ II
էրցհերցոգ Լեոպոլդ V
Մարիա Թերեզա
Ֆրանց I Ստեֆան կայսր
Անդրեաս Հոֆեր
Էրցհերցոգ Կառլ Լյուդվիգ
Ֆրանց Իոսիֆը
Հայնրիխ Ֆերդինանդ
🌐hofburg-innsbruck.at/623/php/portal.php
Քարտեզ
Քարտեզ
Հոֆբուրգը Վիքիպահեստում

Հոֆբուրգ (գերմ.՝ Hofburg), Հաբսբուրգների պալատական համալիր Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում[1][2]։

Նստավայրի շինարարությունը սկսել է էրցհերցոգ Սիգիզմունդը 1460-ական թվականներին։ Հաջորդ 250 տարիների ընթացքում պալատը մի քանի անգամ վերակառուցվել է։ Ժամանակակից Հոֆբուրգն ունի հինգ թեմատիկ թանգարանային հատվածներ` Մարիա Թերեզայի 18-րդ դարի ապարանքի հատվածներ, կայսրուհի Էլիզաբեթի 19-րդ դարի ապարանքի հատվածներ, Կահույքի թանգարան, Նախնիների պատկերասրահ և Կտավների պատկերասրահ։ Այս սրահները ներկայացնում են նախկին կայսերական տան մեծ պատմության տարբեր մանրամասներ, որոնք Հաբսբուրգների տիրապետության ներքո են եղել ավելի քան 450 տարի[3][4]։

Հոֆբուրգի կառուցման վայրում նախկինում կանգնած են եղել միջնադարյան քաղաքի ամրոցներ և պաշտպանական կառույցներ։ 14-րդ դարում, երբ Ինսբրուքը ղեկավարվում էր Տիրոլի և Հորիցիայի կայսրերի կողմից, կառուցվել է քաղաքի պաշտպանական պատը։ Մի քանի վաղ շրջանի հին ամրություններ պահպանվել և ներառվել են պալատական համալիրի կազմի մեջ[5][6][7]։

1361 թվականին Հաբսբուրգների դինաստիան սկսեց ղեկավարել Տիրոլը, և Լեոպոլդ IV թագավորը տներ և անշարժ գույք ձեռք բերեց պալատական համալիրի և հարող տարածքներում։ 1406 թվականին Թիրոլը սկսեց ղեկավար Լեոպոլդի եղբայրը` հերցոգ Ֆրիդրիխ IV-ը։ Նա Մերանո քաղաքում գտնվող իր նստավայրից տեղափոխվեց Ինսբրուք, որտեղ հիմնեց Հոֆբուրգի հարևանությամբ գտնվող իր նոր նստավայրը[5][6][7]։

1446 թվականին Տիրոլի կառավարիչը դարձավ էրցհերցոգ Սիգիզմունդը, ով ընդարձակեց Հոֆբուրգի տարածքը՝ մոտակա տները ձեռք բերելու հաշվին։ Նույն թվականին նա սկսեց պալատի շինարարությունը, իսկ 1463 թվականին դրա ջեռուցվող դահլիճում տոնական խնջույք տեղի ունեցավ։ Պալատի հետագա տարածքային ընդլայնումներն ու տարբեր մասերի էական փոփոխությունները տեղի ունեցան հաջորդող տարիներին։ 1500 թվականին՝ կայսր Մաքսիմիլիան I-ի օրոք, ավարտվեց պալատի շնարարությունը (իրականացված ուշ գոթական ոճով), որն ուներ նույն չափսերն ինչ այսօր է առկա։ Այդ ժամանակվա Հոֆբուրգի պալատի ներքին հարդարանքը պատկերված է Ալբրեխտ Դյուրերի երկու ջրաներկով աշխատանքներում, որոնք թվագրվում են 1495 և 1496 թվականներով[5][6][7]։

1520 և 1530 թվականների միջև Հոֆբուրգը սյուներով փակ համալիրի է ձևափոխվել, որն իրականացվել է ճարտարապետ Գեորգ Թյուրինգի կողմից։ 1533 թվականին Հոֆբուրգը դարձավ մեկ այլ կայսեր՝ Ֆերդինանդ I-ի մշտական կեցավայրը։ 1534 թվականին բռնկված հրդեհը ավերեց համալիրի մի քանի հատվածներ, և իտալացի ճարտարապետ Լուչիոս դե Սփացիսը վերականգնելով դրանք՝ իր փոփոխությունները մտցրեց պալատական որոշ հատվածների մեջ։ Այդպես կառույցների բարձր գոթական տանիքները աստիճանաբար փոխարինվեցին Վերածննդի ժամանակաշրջանի ոճի տանիքներով։ Գոթական ոճից դեպի ռենեսանսի ոճը պալատի վերափոխումը շարունակեց իրականացնել ավստրիական էրցհերցոգ Ֆերդինանդ II-ը, ով իտալական ոճով փոփոխություններ կատարելու համար պալատական համալիր հրավիրեց իտալացի վարպետ-շինարար Ջիովանի Լուչեսին։ Փոփոխություններ մտցվեցին պալատի ներքին հարդարման մեջ՝ ավելացան նկարիչ Հենրիխ Թոյֆելի կողմից իրականացված որմնանկարները, պատերին ավելացվեցին կտավներ, ձեռք բերվեց թանկարժեք կահույք[5][6][7]։

17-րդ դարում պալատը զբաղեցված էր էրցհերցոգ Լեոպոլդ V-ի կողմից և Երեսնամյա պատերազմի ընթացքում Հոֆբուրգում փոփոխություն տեղի չունեցավ։ Այդ ժամանակահատվածում պալատում միայն փոքրիկ վերանորոգումներ իրականացվեցին։ Այնուհետև կայսերական ընտանիքը տեղափոխվեց Ինսբրուքի Հոֆգարտեն այգու Ռուելուստ ամրոց։ 1665 թվականին Հաբսբուրգների ընտանիքը տեղափոխվեց կայսրության կենտրոնը դարձած Վիեննա, ուր գտնվում էր Հաբսբուրգների համանուն ձմեռային նստավայրը։ Ինսբրուքի Հոֆբուրգ պալատը կայսերական ընտանիքի անդամները այցելում էին իրենց ճանապարհորդությունների ընթացքում[5][6][7]։

17-րդ դարում պալատը բարոկկո ոճով ձևափոխվեց կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից։ Վերակառուցման աշխատանքները տևեցին 1754-ից մինչև 1776 թվականները և ընդհատվեցին Յոթնամյա պատերազմի տարիներին։ 1765 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, Մարիա Թերեզան Հոֆբուրգն ընտրեց իր որդու՝ ապագա կայսր Լեոպոլդ II- ի և Իսպանիայի Մարիա Լուիզայի հարսանիքի կազմակերպման վայր։ Հարսանիքը ճոխ կերպով նշվեց 1765 թվականի օգոստոսի 4-ին, տոնախմբությունը շարունակվեց 14 օր, մինչև որ օգոստոսի 18-ին անսպասելիորեն մահացավ կայսրուհի Մարիա Թերեզայի ամուսինը՝ կայսր Ֆրանց I Ստեֆանը։ Կայսրուհու ցանկության համաձայն այն սենյակը, որտեղ մահացավ նրա ամուսինը, 1766 թվականին վերափոխվեց մատուռի։ 1767 թվականին Մարիա Թերեզան ճարտարապետ Նիկոլո Պակասիին հրավիրեց Շյոնբրունի ամառային նստավայրը բարոկկո ոճի բնակելի պալատի վերափոխելու համար։ Հենց նա էլ ոճային փոփոխություններ մտցրեց Հոֆբուրգի պալատական համալիրում[5][6][7][8]։

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, երբ Հաբսբուրգները Տիրոլը զիջեցին Բավարիային, որը այդ ժամանակ Նապոլեոնի դաշնակիցն էր, 1805 թվականից հետո Հոֆբուրգը ծառայեց որպես Բավարիայի թագավոր Մաքսիմիլիան I-ի նստավայր։ 1809 թվականին տիրոլյան ժողովրդական հերոս Անդրեաս Հոֆերը ապստամբություն բարձրացրեց Բավարիայի օկուպացիոն իշխանությունների դեմ և 2 ամսվա ընթացքում նա Հոֆբուրգի պալատում բնակվեց որպես Տիրոլի առաջնորդ։ Վիեննայի վեհաժողովից հետո՝ 1814-1815 թվականներին, Տիրոլը վերադարձվեց Ավստրիային, և միայն 1858 թվականին պալատում վերջին խոշոր ձևափոխությունը տեղի ունեցավ, որով կայսերական նստավայրը Շյոնբրուն պալատի ոճով փոփոխությունների ենթարկվեց։ Էրցհերցոգ Կառլ Լյուդվիգը, ով Ինսբրուքի կառավարիչն էր, հրամայեց պալատան համալիրի ներքին շինությունները կայսրուհի Էլիզաբեթի համար ձևափոխել։ Վիեննայի պալատական քանդակագործ Ավգուստ Լա Վիգնեն բարոկկո ոճին համապատասխան ներքին փոփոխություններ իրականացրեց, պալատում կահույքի նոր մասեր ավելացան, որոնք առ այսօր էլ գտնվում են պալատում։ Կայսրուհի Էլիզաբեթն ընդամենը մի քանի անգամ այցելեց պալատ, իսկ նրա ամուսինը՝ կայսր Ֆրանց Իոսիֆը պարբերաբար այցելում էր Տիրոլ և բնակվում Հոֆբուրգում։ 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը պալատ այցելեցին և ապրեցին նաև Հաբսբուրգների ընտանիքի այլ անդամներ՝ Կառլ Ֆերդինանդին Ավստրիացին, Եվգենի Ավստրիացին, Հայնրիխ Ֆերդինանդը[5][6]։

1918 թվականին կայսրության փլուզման հետևանքով կայսրական տիրույթներն անցան պետությանը, և հատուկ պետական մարմինը սկսեց ղեկավարել Ավստրիայի կարևորությամբ երրորդ պատմական կառույցի գործերը[5][6]։

2006-ից 2010 թվականներին ավարտվեց Հոֆբուրգի պալատի որոշ կառույցների վերջին վերանորոգումը, որոնք հաճախ են օգտագործվում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կարևոր միջոցառումների համար։

Կայսերական Հոֆբուրգ պալատի և Պետական թատրոնի (ձախից) համայնապատկեր, 2008 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hofburg History». Hofburg Innsbruck. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.(անգլ.)
  2. «Hofburg Innsbruck». Austrian Tourism Board. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.(անգլ.)
  3. «Hofburg Innsbruck». Imperial Austria Residences. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.(անգլ.)
  4. «Hofburg, Innsbruck». Encyclopedia of Austria. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Kollmann, Ludwig. Hofburg Innsbruck. Innsbruck: Castle Administration of Innsbruck and Ambras.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Maier, Dieter (1998). Insight Guide Austria. Singapore: APA Publications. ISBN 9780887296109.(անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Weller, Franz (2010) [1880]. Die kaiserlichen Burgen und Schlösser in Wort und Bild. Wien: Nabu Press. ISBN 9781171934028.(գերմ.)
  8. Crankshaw, Edward (1970). Maria Theresa. New York: The Viking Press. ISBN 9780670456314.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոֆբուրգ (Ինսբրուք)» հոդվածին։