Հասկացություն
Հասկացություն, տրամաբանության մեջ՝ մտքի տարրական ձև, որը արտացոլում է առարկան (առարկայացված իրողությունը) իր էական հատկություններով (օրինակ, մարդ, անձրև, գեղեցկություն)։
Հասկացությունները կազմավորվում են մտավոր գործողությունների, մասնավորապես աբստրակցիայի և ընդհանրացման միջոցով։ Հասկացության կառուցվածքի մեջ տարբերում են բովանդակություն՝ նրա մեջ արտացոլված հատկությունների ամբողջությունը, և ծավալ՝ առարկաների այն դասը, որն ըստ այդ հատկությունների ընդգրկվում է տվյալ հասկացությամբ։ Որքան լայն է հասկացության բովանդակությունը, այնքան նեղ է նրա ծավալը, և հակառակը։ Հասկացությունները բովանդակությամբ լինում են դրական (կաթնասուն) և ժխտական (ոչ կաթնասուն), հարաբերակցական (աջ կողմ) և անհարաբերակցական (պետություն), ծավալով՝ եզակի (Արեգակ) և ընդհանուր (էլեկտրոն), դատարկ (հրեշտակ, ամենամեծ թիվ) և ոչ դատարկ (թիվ)։ Առավել ընդհանուր գիտական հասկացությունները կատեգորիաներն են։
Ըստ ծավալի հասկացությունները միմյանց նկատմամբ գտնվում են նույնության, խաչավորման, ստորադասության (սեռի ու տեսակի), արտագոյության հարաբերության մեջ։ Հասկացությունները դատողության կազմում տերմիններ են։ ժամանակակից տրամաբանության մեջ հասկացության ներկայացման առավել ճշգրիտ միջոցը պրեդիկատների տրամաբանության լեզուն է (պրեդիկատների հաշիվ)։ Հոգեբանության և փիլիսոփայության մեջ հասկացություն լայն իմաստով նշանակում է առարկաների վերաբերյալ ամբողջական գիտելիքը, գաղափարը, նրանց էության արտացոլումը։ Հասկացությունների միջոցով հնարավոր է ներկայացնել ընդհանուրը և օրինաչափը։ Այդ առումով հասկացությունները ճանաչողության պրոցեսի հանգուցակետեր են, ճանաչողության արդյունքների խտացումներ։
Յուրաքանչյուր հասկացություն արտացոլում է տվյալ դասի առարկաների ընդհանրությունը, որով այդ դասը տարբերվում է մյուս բոլոր դասերից, և այն, ինչով այդ դասը հարաբերվում է այլ դասերի։ Դրանով հնարավոր է վերջավոր թվով հասկացություններով ընդգրկել անվերջ թվով օբյեկտներ և միաժամանակ մասնաբաժան, համակարգված ձևով արտացոլել իրականության բազմազանությունը, այսինքն՝ ստեղծել գիտական համակարգ։ Հասարակական-արտադրական գործունեության, իրականության ճանաչման ու գիտության զարգացման ընթացքում ստեղծվում են նորանոր հասկացություններ, ճշգրտվում եղած հասկացությունների բովանդակությունը, նրանց ընդգրկման սահմանները։
Հասկացության տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասկացությունները կարելի է բաժանել տեսակների՝ ըստ այս կամ այլ հատկանիշի։
Ըստ ծավալի հասկացությունները լինում են եզակի և ընդհանուր։
Եզակի է այն հասկացությունը, որի ծավալն ընդգրկում է միայն մեկ առարկա, օրինակ՝ Հայաստան, հարաբերականության տեսության հիմնադիր, Էվկլիդեսյան երկրաչափություն, Մարս և այլն։
Ընդհանուր է այն հասկացությունը, որի ծավալը տարածվում է մեկից ավելի առարկաների վրա. օրինակ՝ եռանկյուն, դելֆին, ներդաշնակ տատանում, կենդանական աշխարհին վերաբերող բառ։ Ընդհանուր հասկացություններն իրենց հերթին լինում են սահմանափակ և անսահմանափակ։
- Սահմանափակ են այն ընդհանուր հասկացությունները, որոնց ծավալի մեջ ընդգրկված առարկաները հնարավոր է հաշվել, օրինակ, աշխարհամաս, ՄԱԿ-ի անդամ, հայկական եկեղեցի։
- Անսահմանափակ են այն ընդհանուր հասկացությունները, որոնց ծավալում ներառված առարկաների թիվը գործնականորեն հնարավոր չէ գրանցել։ Այդպիսի հասկացություններ են' աստղ, բարդ նյութ, բառ, Եզակի և ընդհանուր հասկացությունները, կարող են լինել հավաքական և ոչ-հավաքական։ Եթե հասկացությունն արտացոլում է համասեռ առարկաների խումբ, այն հավաքական է, իսկ եթե սւրտացոլում է այնպիսի առարկա, որը չի կարելի բաժանել միատեսակ տարրերի, այն ոչ հավաքական է։ Ընդհանուր հավաքական հասկացություններ են՝ ջոկատ (բաղկացած է ջոկատայիններից), ծաղկեփունջ (բաղկացած է ծաղիկներից), խնձորի այգի (բաղկացած է խնձորենիներից), իսկ եզակի հավաքական հասկացություններ են՝ Սևքարեցի Սաքոյի անվան ջոկատ, ձեռքիս բռնած ծաղկեփունջը, Ստեփան Զորյանի նկարագրած Մարտինի խնձորի այգին։ Ոչ-հավաքական հասկացություններ են՝ ջոկատային, ծաղիկ, ծառ։
Ըստ վերացարկման բնույթի հասկացությունները կարող են լինել կոնկրետ (թանձրացական) և վերացական։
- Կոնկրետ են այն հասկացությունները, որոնց բովանդակության մեջ ամրագրած հատկությունները ներկայացնում են առարկան իր ամբողջության մեջ. օրինակ՝ ապուր, թիթեղ, գրացանկ, ծերունի, կամար։
- Վերացական են այն հասկացությունները, որոնց բովանդակության մեջ ամրագրած հատկությունները կարող են պատկանել առարկայի այս կամ այն կողմին, ինչպես նաև տարասեռ առարկաների՝ անկախ այդ առարկաներից. օրինակ, կանաչություն, խիզախություն, դառնություն, հավասար, փոքր։
Ըստ համեմատության հասկացությունները կարող են լինել հարաբերակցական և բացարձակ։
- Հարաբերակցական են այն հասկացnւթյունները, որոնցից մեկի գոյությունը անմիջականորեն ենթադրում է մեկ այլ հասկացության անհրաժեշտությունը. օրինակ, երկար, կարճ, հաստ, բարակ, հեռու, մոտիկ, համարձակ, վախկոտ։ Հարաբերակցական հասկացությունները հատուկ երանգ են տալիս գեղարվեստական խոսքին, ժողովրդական ասացվածքներին, առածներին, ինչպես, օրինակ, «Խնդումն ու տրտումը միասին են», «Չարիքն ու բարիքը հատուցվում են ըստ արժանվույն», «Թանկից էժանը չկա»։
- Բացարձակ են այն հասկացությունները, որոնք գոյություն ունեն միմյանցից անկախ, և որոնցից մեկի գոյությունն անմիջականորեն չի ենթադրում մեկ այլ հասկացության անհրաժեշտությունը. օրինակ, ադամորդի, բալհովիտ, գազար, դափնեկիր, երկրաբան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 253)։ |