Հակոբ Ասատուրյան
Հակոբ Ասատուրյան արմտ. հայ.՝ Յակոբ Ասատուրեան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1903[1] |
Ծննդավայր | Չոմախլու Կեսարիայի գավառ |
Վախճանվել է | օգոստոսի 11, 2003 (100 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, երաժշտագետ, երգիչ, բանաստեղծ և արձակագիր |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան (1918) և Կոլումբիայի համալսարան (1928) |
Պարգևներ | |
Հակոբ Ասատուրյան Վիքիդարանում |
Հակոբ Հովհաննեսի Ասատուրյան (մարտի 3, 1903[1], Չոմախլու, Դևելի, Կայսերիի մարզ, Թուրքիա[1] - օգոստոսի 11, 2003, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ բանաստեղծ, արձակագիր, երաժշտագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Ասատուրյանը ծնվել է Կեսարիայի գավառի Չոմախլու գյուղում։ 1915 թվականին, չավարտած Խրիմյան վարժարանը, ընտանիքի հետ բռնում է տարագրության ճանապարհը, որի ընթացքում սովից ու տանջահարությունից մահանում են մայրը ու երկու քույրերը։ 1918 թվականին հանգրվանում է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, որը վերածվել էր որբանոցի։ 1920 թվականին հաստատվում է ԱՄՆ-ում։ 1928 թվականին հետևել է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներին։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիներից հանդես է եկել նաև որպես երգիչ՝ կատարելով Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի մշակած ժողովրդական ստեղծագործությունները, որոնք 1947 թվականին, Նյու Յորքում լույս են տեսել ձայնապնակներով՝ «Հայ երգ» վերտառությամբ։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասատուրյանի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1923 թվականին, «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում՝ Յ. Յ. Ա. ստորագրությամբ։ Ասատուրյանը տպագրվել է Մաժակցի գրական կեղծանունով։ 1936 թվականից հանդես է եկել «Նոր գիր» գրական հանդեսում, տպագրել արձակ և չափածո ստեղծագործություններ, գրական-քննադատական տեսություններ։ Հակոբ Ասատուրյանի «Անդաստան» (1946) բանաստեղծությունների գիրքն արտացոլում է հայրենի հողից կտրված հայի տվայտանքը։ Նրա «Հովակիմի թոռները» (1965), «Հովակիմի թոռնորդիները» (1982), «Տօ, լա՜ճ տնաւեր» (1986) վեպերը սփյուռքահայ արձակի նվաճումներից են։
Հակոբ Ասատուրյանը գրել է նաև «Կոմիտաս վարդապետ եւ հայ երգը» (1962) աշխատությունը, Հայաստանի կյանքն ու մշակույթը ներկայացնող երկեր («Քարի եւ հողի պատմութիւն», 1969, «Պարոյր Սեւակի հետ», 1971)[2]։ 1990 թվականին Լոս Անջելեսում հրատարակել է «Ո՞ւր, Վահրամ» ժողովածուն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 1983
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարիւրամեակ, հանդիպումներ, յուշեր, Նյու Յորք, 1978։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թամրազյան Հ., Հակոբ Ասատուրյան։ Կյանքը եւ գործը, Ե., 1993։
- Հարյուրամյակ, Նյու Յորք, 1978։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Ասատուրյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 553)։ |