Կաթնագեղձեր
Կաթնագեղձերը կամ կրծքագեղձերը (լատ.` glandula mammaria կամ mamma) իրենց ծագումով ձևափոխված մաշկային քրտնագեղձեր են։ Սակայն ֆունկցոնալ նշանակությամբ դասվում են իգական վերարտադրողական համակարգին, քանի որ ապահովում են երեխայի բնական սնուցումը անմիջապես ծննդից հետո, երբ դադարում է նրա կողմից նյութերի ընդունումը ընկերքային արյան միջոցով։
Զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտղի կաթնագեղձերը հիմնադրվում են 8–10 սմ երկարությամբ մարմնի երկայնքով ձգվող էպիդերմիայի երկու երկայնակի խտրոցների տեսքով («կաթնային գծեր»)։ Այդ հաստացումներից ներքև՝ մեզենքիմայի մեջ, ներաճում են էպիթելային ձգաններ՝ սկզբում խիտ, ապա դիստալ ծայրերում ճյուղավորված կաթնագեղձերի սաղմեր։ Արական օրգանիզմում կաթնագեղձերը մնում են ինֆանտիլ ոջղ կյանքի ընթացքում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթնագեղձերը զույգ սիմետրիկ օրգաններ են։ Տեղակայված են կրծքավանդակի առաջնային պատի կրծոսկրի երկու կողմերում։ Վերին սահմանը 3-րդ կողն է, միջին սահմանը կրծոսկրի եզրը, ստորին սահմանը 7-րդ կողն է։ Իսկ առաջնային սահմանը մինչև 7-րդ կողն է, իսկ առաջնային սահմանը մինչև անութային։ Կաթնագեղձը կենտրոնական մասում առաջացնում է պտուկը, որի վրա կա 12-15 կաթնածորան։ Պտուկը և պտուկի շուրջը պիգմենտավորված է (արեոլա), որը ավելի է մգանում հղիության և կաթնարտադրության ժամանակ։ Սեռահասուն կնոջ մոտ յուրաքանչյուր կաթնագեղձ բաղկացած է 15–20 առանձին գեղձիկներից՝ բաժանված փուխր շարակցական և ճարպային հյուսվածքների ենթաշերտերով։ Կաթնածորանները սկիզբ են առնում բլթակներից, և գալիս են բլթի շուրջը կազմում են ծորանները։ Յուրաքանչյուր ծորան բացվում է պտուկի գագաթում։ Լակտացիաի ժամանակ ծորանները լայնանում են և կաթ են կուտակում իրենց մեջ։ Ունեն կծկվելու հատկություն։ Հղիության երկրորդ կեսում գեղձային բջիջները սկսում են արտադրել սեկրետ և ծննդաբերելուց ոչ շատ առաջ սկսվում է խիժի (colostrum) արտազատումը։ Լիարժեք կաթի ինտենսիվ արտադրությունը սկսվում է երեխայի ծնվելու առաջին օրերին։
Կրծքագեղձի արյան շրջանառությունը ապահովվում է միջկողային զարկերակներից։ Դեպի գեղձի բլթակները ստեղծում են մազանոթային ցան։ Երակային շրջանառությունը գնում է մինչև անութային փոսը։ Կրծքագեղձերը ունեն կենտրոնական և ծայրամասային և ավշային շրջանառություն։
Կաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթը բարդ ջրային էմուլսիա է, որի կազմի մեջ մտնում են ճարպի կաթիլներ, ածխաջրեր, աղեր և ջուր։ Այդպիսի բազմաբաղադրիչ գեղձազատուկի արտադրման հնարավորությունը ենթադրում է գեղձային բջիջների ուլտրակառուցվածքների բարդացում։ Լակտոցիտների մեջ լավ է զարգացած հատիկավոր և ոչ հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցը։ Լակտացիաներում լավ զարգացած Գոլջիի համալիրում ավարտվում է կազեինի գոյացումը ու խտացումը, ինչպես նաև լակտոզայի սինթեզը, որին նպաստում է հատուկ ֆերմենտի՝ լակտոսինթետազայի առկայությունը։ Բացի այդ լակտոցիտներում հայտնաբերվում են միկրոտուբուլներ և միկրոֆիլամենտներ, հատկապես ցիտոպլազմայի ապիկալ մասերում։ Ենթադրվում է, որ միկրոտուբուլները օժանդակում են սեկրետոր պրոցեսների տեղափոխումը դեպի լակտոցիտի ապիկալ եզրը։ Կաթի սինթեզված բաղադրամասերի արտադրման ժամանակ մեծ չափերի հասած ճարպային կաթիլները տեղաշարժվում են դեպի ապիկալ թաղանթ և շրջապատելով նրան՝ ներքաշում են դեպի լակտոցիտի եզր։ Էքստրուզիայի ընթացքում ճարպային կաթիլը ապիկալ թաղանթի՝ նրան շրջապատող մասի հետ բացվում է և ընկնում խոռոչ։ Ալվեոլի խոռոչում ճարպի կաթիլը տրոհվելով փոխակերպվում է էմուլսիայի, որին ավելանում են կազեին, լակտազա և աղ, այսինքն ձևավորվում է կաթ, որով լցվում է ալվեոլի խոռոչը։ Ալվեոլի դատարկվելուն և կաթի անցմանը կաթնային ուղիներ՝ նպաստում են աստղաձև միոէպիթելային բջիջների կծկումը։
Լակտացիայի շրջանի ավարտումով կաթնագեղձը ենթարկվում է ինվոլյուցիայի, սակայն նախորդ հղիության ժամանակ գոյացած ալվեոլների մի մասը պահպանվում է։
Տարիքային փոփոխությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռական հասունացման շրջանում աղջիկների մոտ սկսվում է կաթնագեղձերի արտահայտված զարգացումը։ Ճյուղավորված գեղձային խողովակներից տարբերակվում են սեկրետոր բաժինները՝ ալվեոլներ կամ ացինուսներ։ Սեռական ցիկլի ընթացքում սեկրետոր ակտիվությունը բարձրանում է օվուլյացիայի շրջանում և նվազում դաշտանի ժամանակ։ Օվարիալ հորմոնների գոյացման ավարտից հետո՝ կլիմակտերիկ շրջանի սկսվելուց կամ ավարտից հետո, կաթնագեղձը ենթարկվում է ապաճման։
Կաթնագեղձերի ֆունկցիայի կարգավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնտոգենեզում կաթնագեղձի սաղմերը սկսում են ինտենսիվ զարգանալ սեռական հասունացման սկսվելուց հետո, երբ էստրոգենների աճի զգալի ավելացման արդյունքում սահմանվում են դաշտանային ցիկլերը, և ակտիվորեն զարգանում են իգական սեռական երկրորդային հատկանիշները։ Սակայն կաթնագեղձերը լրիվ զարգացման և վերջնական տարբերակման հասնում են միայն հղիության ժամանակ։ Արգանդի էնդոմետրիումի մեջ սաղմի ինպլանտացիայի պահից կաթնագեղձերի բլթակներում աճում են ալվեոլային ուղիներ, որոնց ծայրերում ձևավորված են ալվեոլներ։ Հղիության երկրորդ շրջանում ալվեոլներում սկսվում է խիժի գեղձազատումը։ Լիարժեք կաթի արտադրումը սկսվում է երեխայի ծննդի առաջին օրերին։ Գործող կաթնագեղձերի գործունեության կարգավորումը իրականացվում է երկու հիմնական հորմոններով՝ ադենոհիպոֆիզար պրոլակտինով (լակտոտրոպ հորմոն)և դոֆամինով։
Կենդանիների կաթնագեղձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել պարզ կառուցվածք ունեն կլոակավոր կաթնասունների կաթնագեղձերը, որոնք հարթ մկանունքով պատված երկարավուն խողովակաձև պարկիկների զույգ կուտակումներ են և բացվում են մազապարկերի մեջ, որովայնի երկու կողմերում։ Արտազատուկը հոսում է մազերի վրայով, որտեղից և օգտվում են ձագերը։ Կենդանածին կաթնասունների կաթնագեղձերը բլթակավոր գոյացություններ են, ունեն բարդ ճյուղավորված ծորաններ և ծայրային ալվեոլներ։ Կաթնագեղձերի ծորանները բացվում են գեղձային դաշտում, որը մաշկի վրա ներկայացված է պտուկներով։ Տարբերում են իսկական պտուկներ, որոնց գագաթին գտնվում են առանձին ծորանների բազմաթիվ անցքեր, և կեղծ պտուկներ, որոնց ներսում կա ընդհանուր արտատար ծորան։ Վերջինս բացվում է պտուկի գագաթին, մեկ անցքով։ Իսկական պտուկները բնորոշ են պարկավորների մեծամասնությանը, կիսակապիկներին, կապիկներին և մարդուն, կեղծը՝ գիշատիչներին և սմբակավորներին։ Պտուկների թիվը և տեղադրությունը կայուն է կենդանու յուրաքանչյուր տեսակի համար, օրինակ, պարկամկների մեկ տեսակն ունի 25 պտուկ՝ 2 շարքով տեղադրված որովայնի երկարությամբ, սմբակավորներինը՝ 1-2 զույգ է, աճուկային հատվածում, կապիկներինը՝ 1 զույգ, կրծքի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 159)։ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊԲՀ Հյուսվածաբանության ամբիոն(չաշխատող հղում)
- Հարցեր բժիշկներին - Անվճար բժշկական խորհրդատվություն
- ՀՀ ԱՆ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնագեղձեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |