Լուսինե Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսինե Մարտիրոսյան
Լուսինե Մարտիրոսյան
Ծնվել էհունիսի 5, 1972(1972-06-05) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱնդրանիկ Մարգարյանի անվան դպրոց (1989) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1994)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր և պրոդյուսեր
Պարգևներ«Տարվա լավագույն ռեժիսոր», Տարվա լավագույն տեսահոլովակ» (2009), USAID-ի կողմից հատուկ մրցանակ, Հայկական երաժշտական և «Armenian Music Awards» մրցանակաբաշխությունների եռակի և հնգակի մրցանակակիր

Լուսինե Էռնեստի Մարտիրոսյան (հունիսի 5, 1972(1972-06-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռեժիսոր, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսինե Մարտիրոսյանը ծնվել է 1972 թվականի հունիսի 5-ին, Երևանում։ Նրա մայրը բեմադրող նկարիչ Լիդիա Գևորգյանն է, հայրը՝ ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանը[1]։ 1989 թվականին ավարտել է Երևանի Չկալովի անվան միջնակարգ դպրոցը, ապա 1989-1994 թվականներին սովորել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնում։

1990-1994 թվականներին որպես ռեժիսորի օգնական աշխատել և նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա մինչև 1996 թվականը որպես ռեժիսոր աշխատել է «Ա1+» հեռուստաընկերությունում, որտեղ իրականացրել է հեղինակային «Սինեմոնդ», ինչպես նաև Վահան Արծրունու հետ` «Արտ պրոմո» հաղորդաշարերը։ Նա 1996-1999 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում։ Այդ ընթացքում հեղինակել և իրականացրել է «Հո Էրդաս», «Կինոաշխարհ», «Տոմար» հաղորդումները։ 1996 թվականին, որպես երկրորդ ռեժիսոր, «Դոկումենտալիստ» և «Բառաբա» ֆիլմերում մասնակցել է Մոսկվայի Նիկիտա Միխալկովի անվան կինոդպրոցի կողմից կազմակերպված դասընթացներին։ 1996-1997 թվականներին որպես կազմակերպիչ և ռեժիսոր՝ մասնակցել է Արթուր Մեսչյանի «Երևան-Սիսիան-Կապան» տուրնեին։ Նա 1997-1998 թվականներին, որպես բարեգործական մասնաճյուղի ներկայացուցիչ, աշխատել է USAID կազմակերպության երևանյան մասնաճյուղում։

Որպես ռեժիսոր՝ 1998 թվականին աշխատել է «Կինոճանապարհորդների» ակումբում` Յուրի Սենկեվիչի խմբում, ապա մինչև 2000 թվականը, արդեն որպես ռեժիսորի օգնական՝ Մոսկվայի «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ Էլդար Ռյազանովի նկարահանման խմբում, մասնավորապես «Старые клячи» ֆիլմում։ 2001 թվականին Լուսինեն եղել է ԱՄՆ երիտասարդ կինեմատոգրաֆիստների միության «Ճամփորդություն» ֆիլմի պրոդյուսերը, իսկ 2000-2002 թվականներին՝ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի երկրորդ ռեժիսորը։ 2002 թվականին Սերժ Ավետիքյանի հրավերով Ֆրանսիայում աշխատել է որպես ռեժիսոր և պրոդյուսեր, իսկ Մոսկվայում մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Շվեդկոյի կողմից կազմակերպած կինեմատոգրաֆիստների միջազգային սիմպոզիումին։

Լուսինե Մարտիրոսյանը 2002-2009 թվականներին նկարահանել է շուրջ 50 տեսահոլովակ, որոնց մեծ մասը արժանացել են մրցանակների։ Առավել հայտնիներից են` «Հորովել», «Գեթ մի գիշեր», «Մի երգիր», «Հայաստան», «100 տարի» և այլ տեսահոլովակները։ 2001-2002 թվականներին Վահան Արծրունու հետ հանդես է եկել «Գաուդեամուս» երիտասարդական փառատոնին, 2004 և 2007 թվականներին՝ երգիչ Անդրեի մենահամերգներին։

2007 թվականին մասակցել է Կիլիկիա նավի հրաժեշտի համերգին, «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների փակման հանդիսավոր արարողությանը, Հանրապետության հրապարակում անց կացվող ամանորյա միջոցառումներին։

2007-2009 թվականներին նա հանդես է եկել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման և փակման հանդիսավոր արարողություններին։ Լուսինեն մասնակցել է նաև ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավներին՝ 1998 և 2008 թվականներին, ինչպես նաև նախընտրական տեսահոլովակների և գովազդների նկարահանումներին, տարբեր մենահամերգների Կիպրոսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մոսկվայի հայկական համայնքների համար (2003-2009), «Sun Child» կինոփառատոն (2008-2009), Երևանում անցկացվող բռնցքամարտի միջազգային երիտասարդական առաջնության խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողություններ (2009), Մ. Նովիկովի, Ա. Մայիլյանի և «Առսիկա» եռյակի մասնակցությամբ համերգը և այլն։ 2007-2009 թվականներին աշխատել է «Շանթ», «Արմենիա», Հայաստանի հանրային հեռուստաընկերություններում` որպես մշակութային ծրագրերի կազմակերպիչ։ 2007 թվականից հանդիսանում է գերմանահայ մշակութային կենտրոնի ներկայացուցիչը Երևանում։ 2009-2010 թվականներին հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետը։ Նկարահանել է «Հայր Մեր», «Ապրել եմ ուզում» ֆիլմերը, որոնք Ռուսաստանի «Святая Анна», Գերմանիայի «Բեռլինալե» և Հայաստանի «Ես եմ» փառատոներին արժանացել են մրցանակների։ Ախթամարի լեգենդի հիման վրա նկարահանել է ֆիլմ և Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ համատեղ՝ 8 մասանոց «Հույսի, հավատի և սիրո Արցախ» ֆիլմաշարը[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, շնորհակալագրերի և պատվոգրերի ՀՀ նախագահական գրասենյակից, ՀՀ սպորտի և երիտասարդության, մշակույթի նախարարությունների կողմից։ «Ես եմ» կինոփառատոնի կրկնակի, Հայկական երաժշտական և «Armenian Music Awards» մրցանակաբաշխությունների եռակի և հնգակի մրցանակակիր է։ 2009 թվականին մոկովյան «Տաշիր» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին։ USAID-ի կողմից ստացել է հատուկ մրցանակ Խարբերդի մանկատան երեխաների մասին ֆիլմի նկարահանման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]