Թվի քերականական կարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թիվ, քերականական կարգ, դրսևորվում է գոյականական, դերանվանական ու բայական համակարգերում, հին հայերենում` նաև ածականների ու թվականների մեջ։ Ժամանակակից հայերենում ունի երկու դրսևորում` եզակի թիվ և հոգնակի թիվ։ Գրաբարում, միջին գրական հայերենում, ինչպես նաև որոշ բարբառներում պահպանվում են նաև երկակի թվի հետքեր[1]։

Գոյականի թվի քերականական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա։ Սովորաբար այն բառի ուղիղ ձևն է։ Եզակին բազմանշանակ է, այն ցույց է տալիս ոչ միայն մեկ առարկա, այլև տվյալ տեսակի առարկաներից յուրաքանչյուրի քանակային հարաբերությունը, նրանց այս կամ այն խումբը և այլն, օրինակ՝ Ծառից խնձոր ընկավ։ Խնձորն օգտակար միրգ է։ Աղջիկը խնձոր էր քաղում։ Առաջին նախադասության մեջ խոսքը վերաբերում է մեկ առարկայի, երկրորդում՝ տվյալ տեսակի բոլոր առարկաներին, իսկ երրորդում եզակի թվով դրված բառը վերաբերում է նույն տեսակի առարկաների մի խմբին։

Հոգնակի թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։

Հոգնակին կարող է կազմվել տարբեր եղանակներով՝

  • Կրկնություն («ճապ.՝ yama» — «լեռ», «yamayama» — «լեռներ»
  • Վերջավորությունների միջոցով՝ (նստարան - նստարաններ, ռուս.՝ «крот» — «խլուրդ», «кроты» — «խլուրդներ»
  • Բառահիմքի փոփոխությամբ - (ռուս.՝ «человек» -մարդ, «люди» - մարդիկ).
  • Հնչյունափոխությամբ - («արաբ․՝ կիտաբ‎‎» — «գիրք», «կուտուբ» — «գրքեր»).

Հայերենում հոգնակին կազմվում է -եր (միավանկ բառերի դեպքում) և -ներ հոգնակերտերով, իսկ որոշ բառերի հոգնակին կազմվում է իկ (մարդիկ), այք (կանայք, տիկնայք, պարոնայք), ինք (անձինք), ք (հատուկ է բարբառներին, օրինակ՝ գյուղացիք) վերջավորություններով։

Հոգնակի թիվը կարող է արտահայտել տարբեր նշանակությւոններ՝

  • «մեկից ավելի» - «Սեղանին գրքեր կան։» = «Սեղանին մեկից ավելի գրքեր կան։»,
  • «յուրաքանչյուրը» - «Էլեկտրոններն ունեն բացասական լիցք։» = «Յուրաքանչյուր էլեկտրոն ունի բացասական լիցք։»,
  • «տիպականություն» - «Թռչունները կարողանում են թռչել։» = «Տիպիկ թռչունը կարող է թռչել։»,
  • «վերոհիշյալներից յուրաքանչյուրը» - «Մեր տուն եկան Արամն ու Արմենը։ Հյուրերը մնացին մինչ երեկո։»,
  • «մեծամասնություն» - «Հայերը քվեարկեցին հանուն անկախության։»,
  • «մեծ խումբ» - «Խավարասերների ներկայությունը տունը դարձնում է անտանելի։»,
  • հարգալից դիմում - «Դուք կարող եք ներս մտնել։» և այլն։

Հավաքական գոյականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։

Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։

Անեզական գոյականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեզական գոյականները (լատին․՝ Pluralia tantum - «միայն հոգնակի»}) գործածվում են միայն հոգնակի ձևով, բայց ունեն եզակիի իմաստ։ Դրանք մեծ մասամբ աշխարհագրական անուններ են, օրինակ՝ Նիդերլանդներ, Ֆիլիպիններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ալպեր, Հիմալայներ և այլն։ Որոշ լեզուներում մի շարք բառեր ունեն մաիյն հոգնակիի ձև, իսկ դրանց հայերեն համարժեքներն ունեն եզակիի ձև, օրինակ՝ ռուսերեն брюки, качели, ножницы, очки, часы, шахматы, шашки, անգլերեն scissors, glasses, trousers բառերը։

Անհոգնական գոյականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհոգնական գոյականները (լատին․՝ Singularia tantum - «միայն եզակի») իրենց արտահայտած հատուկ իմաստների պատճառով (հաշվարկելի չեն) ունեն միայն եզակիի ձև։ Նման բառերը երբեմն կարող են գործածվել նաև հոգնակի թվով, սակայն այս դեպքում հոգնակին ունի որոշակիորեն յուրահատուկ և համեմատաբար հազվադեպ կիրառություն։

Սովորաբար միայն եզակի թվով են գործածվում՝

  • Հատուկ անունները (անձնանունները, ազգանունները, տեղանունները և այլն), օրինակ՝ Արամ, Աշոտ, Արագած, Երևան, Հայաստան և այլն։ Սրանք հոգնակի թվով գործածվում են այն դեպքում, երբ ցույց են տալիս նույն անունը ունեցող անձինք կամ նույն ընտանիքի, տոհմի անդամներ, օրինակ՝ Դասարանում երկու Արամներ կան։ Արշակունիները Հայաստանում թագավորել են համեմատաբար կարճ ժամանակ։
  • Գիտությունների, ուսմունքների, կրոնների անունները՝ ֆիզիկա, լեզվաբանություն, մատերիալիզմ, նատուրալիզմ, քրիստոնեություն և այլն։
  • Վերացական հասկացությունների անուները՝ հպարտություն, խաղաղություն, սեր, զայրույթ և այլն։
  • Նյութերի անուները, օրինակ՝ ջուր, գինի, ավազ, ազոտ, ձավար և այլն։ Հոգնակի թվով գործածվելիս այս բառերը ցույց են տալիս նրա տարբեր տեսակներ (օրինակ՝ գինիներ, հյութեր) կամ առատությունը (օրինակ՝ անձրևներ, ջրեր, ցրտեր
  • Շաբաթվա օրերի, ամիսների անունները՝ երկուշաբթի, կիրակի, հուլիս, մարտ և այլն։
  • Բնության մեջ հանիպող եզակի երևույթների անունները, օրինակ՝ Լուսին, Արև, Երկիր, հյուսիս, հարավ և այլն։

Բայի թվի քերականական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայի թիվը ցույց է տալիս՝ մե՞կ, թե՞ մեկից ավելի անձինք կամ առարկաներ են կատարում գործողությունը։ Ըստ այդմ էլ տարբերում են բայի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։

Բայի եզակի թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի կատարած գործողություն, օրինակ՝ գնում եմ, երգում է, հեռացի՛ր, կանչես և այլն։

Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս երկու կամ ավելի անձերի կամ առարկաների կատարած գործողություն, օրինակ՝ գրել ենք, կհասնեք, պիտի մարտնչեք և այլն։

Հայերենում բայի թվի և դեմքի քերականական կարգերն արտահայտվում են դիմաթվային նույն վերջավորություններով, օրինակ՝ տեսնում եմ, խոսես, կարդանք, հասնեն և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 226։