1909 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Որպես դերասան գործունեությունն սկսել է 1915 թվականից։ Դերասանական և ռեժիսորական աշխատանքներում սարկազմը, գրոտեսկը, երգիծանքը զուգակցել է ռեալիստական վավերագրական ստույգությանը։ Ստեղծել է ցինիկ, դաժան, հաճախ մտագար մարդու կերպարի զանազան տարբերակներ։ Ֆոնի գլուխգործոցը «Ընչաքաղցություն» ֆիլմն է։ Լավագույն կինոնկարներից են նաև «Կույր տղամարդիկ», «Ուրախ այրին», «Հարսանեկան քայլերգ»։ Ֆոնի ֆիլմերը հաճախ հանդիպել են մամուլի և պրոդյուսերների կատաղի դիմադրությանը, կրճատվել ու աղավաղվել։ Անհաշտ արվեստագետը 1930-ական թվականներին հեռացել է ռեժիսորական աշխատանքից և գլխավորապես հանդես եկել որպես դերասան։ Ամենաճանաչված դերերից են՝ Ֆոն Ռաուֆենշտայն «Մեծ պատրանք», Գաղտնի գործակալ («Ջիբրալթար», սովետական էկրանում՝ «Գաղտնի գործակալության ցանցերը», գեներալ Ռոմմել «Հինգ դամբարան Կահիրեի ճանապարհին», դոկտոր ֆեն հարդեն «Հյուսիսային աստղ» և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 581)։