Մեծ պատրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մեծ պատրանք
La Grande Illusion
Grand-Illusion-1937.jpg
Երկիր Ֆրանսիա
Ժանր դրամա[1][2]
Թեմա օդագնացություն
Թվական հունիսի 4, 1937[3]
Լեզու ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն
Ռեժիսոր Ժան Ռենուար[1][2][4][5]
Պրոդյուսեր Albert Pinkovitch և Frank Rollmer
Սցենարի հեղինակ Ժան Ռենուար և Charles Spaak
Դերակատարներ Ժան Գաբեն[1][4][6][5], Դիթա Պարլո[1][4][6], Էրիխ ֆոն Շտրոհայմ[1][4][6][5], Պիեռ Ֆրենե[1][4][6][5], Մարսել Դալիո[1][6][5], Գաստոն Մոդո[1][6] և Ժյուլիեն Կարետ[1][6]
Օպերատոր Քրիստիան Մատրաս
Երաժշտություն Ժոզեֆ Կոզմա
Մոնտաժ Marguerite Renoir և Renée Lichtig
Կինոընկերություն Réalisation d'art cinématographique
Տևողություն 120 min
Grand Illusion Վիքիպահեստում

Մեծ պատրանք (ֆր.՝ La grande illusion), ֆրանասիական դրամատիկ գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է 1937 թվականին ռեժիսոր Ժան Ռենուարի կողմից: Կոչվել է բրիտանացի տնտեսագետ Ռալֆ Նորման Էնջելի գրքի անունով, ով կարծում էր, որ եվրոպական ազգությունների տնտեսական ընդհանուր շահերը պատերազմն անօգուտ են դարձնում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմն է: Ֆրանսիացի օդաչուներ Մարեշալի և Բոելդյոյի ինքնաթիռը հետախուզական թռիչքի ժամանակ խփվում է գերմանացի աս Ֆոն Ռաուֆենշտայնի կողմից: Նա հրավիրում է ֆրանսիացիներին, «եթե նրանց մեջ կան սպաներ», ընթրիքի, քանի դեռ նրանց չեն վերցրել ռազմագերիների համար նախատեսված համակենտրոնացման ճամբար: Հյուրընկալ ձևով ընդունում է նրանց, սակայն սեղանի շուրջ պարզ, անմիջական Մարեշալին անուշադրության է մատնում, իսկ ազնվական պահվածքով Բոելդյոյի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու է գտնում:

Օդաչուներին ուղարկում են ճամբար, որտեղ արդեն գտնվում են մեծ թվով ֆրանսիացի ռազմագերիներ, այդ թվում` սպա Ռոզենթալը` հրեական հարուստ ընտանիքից: Նրա հարազատներից ստացվող նպարեղենի կապոցները զարդարում են ամբողջ բարաքի կյանքը: Գիշերով բարաքի բանտարկյալները, կյանքները վտանգելով, թունել են փորում փախուստի համար:

Թունելն արդեն պատրաստ է, սակայն ֆրանսիացիներին անսպասելիորեն տեղափոխում են մեկ այլ ճամբար: Բազմաթիվ ճամբարներ փոխելուց ու փախուստի անհաջող փորձերից հետո Մարեշալին ու Բոելդյոյին ուղարկում են ամրոց, որտեղից, ինչպես վկայում են, դեռ ոչ մեկին չէր հաջողվել փախչել: Պարզվում է, որ բանտապահը Ռաուֆենշտայնն է, ով ծանր վիրավորվելուց հետո հաշմանդամ էր դարձել: Նա ջերմորեն է ընդունում ֆրանսիացիներին, նրանց համար ստեղծում ամենալավ պայմաններ` միաժամանակ զգուշանալով նրանց փախուստի փորձերից: Ամրոցում օդաչուները կրկին հանդիպում են Ռոզենթալին:

Մարեշալին ու Ռոզենթալին վերաբերվելով արհամարհանքով` Ռաուֆենշտայնը ավելի վստահում էր Բոելդյոյին` հաճախակի զրուցելով նրա հետ: Նա կարծում էր, որ իրենց միավորում է ընդհանուր ցավը. «Ինչ ելք էլ ունենա պատերազմը, այն կդառնա Ռաուֆենշտայնի և Բոելդյոյի վերջը»: Բոելդյոն էլ, Ռաուֆենշտայնին համակրելով հանդերձ, չի վարանում ընկերների հետ փախուստի հերթական փորձը ծրագրել: Վերջին պահին նա հրաժարվում է ընկերների հետ փախչելուց` պատճառաբանելով, որ փախուստի ծրագիրը լավ է երկուսի համար, և մնում է, որպեսզի շեղի պահակների ուշադրությունը:

Բոելդյոն, ծանր վիրավորում ստանալով Ռաուֆենշտայնի կողմից, մահանում է հենց նրա ձեռքերում, իսկ Մարեշալն ու Ռոզենթալը փորձում են հասնել շվեյցարական սահմանին: Ճանապարհին նրանք հանգրվանում են գերմանուհի Էլզայի տանը, ով պատերազմում կորցրել էր ամուսնուն: Շուտով Էլզայի և Մարեշալի միջև սիրո զգացմունք կամ պարզապես նորմալ մարդկային կյանքի նկատմամբ կարոտ է առաջանում: Ֆրանսիացիներն օգնում են Էլզային տնտեսության գործերում, խաղում նրա փոքր դստեր հետ, կարծես ոչ մի պատերազմ չի էլ եղել:

Սակայն պատերազմը շարունակվում է, և ֆրանսիացիները հեռանում են: Շվեյցարական սահմանի մոտ նրանք բաժանվում են: Բաժանվելիս Մարեշալն ասում է Էլզային, որ պատերազմի ավարտից հետո անպայման կգտնի նրան` հուսալով, որ ներկայիս անիմաստ պատերազմը վերջինն է լինելու: «Դա պատրանք է»,— պատասխանում է Ռոզենթալը: Նրանց նկատում են գերմանացի սահմանապահները և կրակում են: Սակայն փախստականներին հաջողվում է լքել սահմանը, որ վերադառնան Ֆրանսիա և շարունակեն պայքարը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժան Գաբեն - լեյտենանտ Մարեշալ
  • Մարսել Դալիո - լեյտենանտ Ռոզենթալ
  • Պիեռ Ֆրենե - կապիտան Բոելդյո
  • Էրիխ ֆոն Շտրոհայմ - Ռաուֆենշտայն
  • Դիտա Պարլո - Էլզա
  • Ժյուլիեն Կարետ - Կարտյե
  • Ժան Դաստե - ուսուցիչ
  • Սիլվեն Իտկին - լեյտենանտ Դեմոլդե
  • Գաստոն Մոդո - ինժեներ
  • Ժակ Բեքեր - անգլիացի սպա

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտ Քյոնիգսբերգ ամրոցը, որ պատկերված է ֆիլմում

Ժան Ռենուարը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ինչպես իր ֆիլմի հերոսները, եղել է ռազմական օդաչու և կիսել է իր սերնդակիցների պատրանքն այն մասին, որ այդպիսի մեկ ուրիշ պատերազմ այլևս չի լինի: Իր երիտասարդությանն անդրադառնալուն նրան մղել է նոր պատերազմի հասունացումը. Գերմանիայի նացիստական ղեկավարությունն այդ ժամանակ արդեն չէր թաքցնում իր նկրտումները: Հենց Ռենուարի վկայությամբ նա երեք տարի ապարդյուն ֆինանսավորում է փնտրել: Սակայն նույնիսկ այն հովանավորները, ովքեր խոստացել էին օգնել ռեժիսորին, չէին հավատում ֆիլմի հաջողությանը, ինչն ազդում էր ֆինանսավորման վրա[7]:

Երբ 1936 թվականին Ռենուարը վերջապես ձեռնամուխ է լինում «Մեծ պատրանքին», նա արդեն ուներ մոտ երկու տասնյակ համր և հնչուն ֆիլմեր և 1930-ական թվականների բանաստեղծական ռեալիզմի ներկայացուցիչներից էր: Սակայն նրա ֆիլմերը միանշանակ չէին ընդունվում ո՛չ քննադատության և ո՛չ էլ լայն հասարակության կողմից: Ֆրանսուա Տրյուֆոն գրել է, որ եթե «Մեծ պատրանքը» դուր եկավ միանգամից և ամենքին, ապա առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ դա Ռենուարի առաջին ֆիլմն էր, ուր ռեժիսորը հոգեբանությանն ավելի մեծ տեղ էր տվել, քան բանաստեղծականությանը[8]:

«Մեծ պատրանքը» տարբերվում էր հետպատերազմյան շրջանի պրոպագանդիստական ֆիլմերից. այնտեղ բացակայում էր թշնամու կերպարը: Ռենուարը կարծում էր, որ դասային տարբերությունները մարդկանց ավելի շատ են բաժանում, քան ազգային հարցերը: Ավելի ուշ նա գրել է. «Եթե ֆրանսիացի գյուղացին ֆրանսիացի ֆինանսիստի հետ հայտնվի նույն սեղանի շուրջ, նրանք ոչինչ չեն ունենա իրար ասելու: Իսկ եթե ֆրանսիացի գյուղացին հանդիպի չինացի ֆերմերի, նրանք կգտնեն զրուցելու ընդհանուր թեմա»: Այս տեսակետից էլ կառուցված են ֆիլմի հերոսների փոխհարաբերությունները[9]:

Իր հաջողության համար ֆիլմը պարտական էր նաև դերասանական կազմին: Ռաուֆենշտայնի դերը սկզբնապես նախատեսված էր թատրոնի դերասան, ռեժիսոր Լուի Ժուվեի համար, սակայն որոշ հանգամաքներով պայմանավորված` նա հրաժարվում է դերից: Արդյունքում Ռենուարը հրավիրում է իր սիրելի ռեժիսոր Էրիխ ֆոն Շտրոհայմին: Փորձառու ռեժիսորն ու սցենարիստը ստիպում է Ռենուարին որոշակի փոփոխություններ կատարել. հենց նրա խորհրդով են ֆիլմում ոճավորվել որոշ դրվագներ: Շտրոհայմի համար էլ դերը եղավ աստեղային[10]:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում չկան ճակատամարտի տեսարաններ. մահանում է հերոսներից միայն մեկը, այն էլ ոչ կռվի դաշտում: Դրանով հանդերձ` «Մեծ պատրանքը» մինչև օրս էլ համարվում է հակապատերազմական ամենանշանավոր ֆիլմերից մեկը:

Չնայած հանդիսականների շրջանում ունեցած հաջողություններին` Վենետիկի կինոփառատոնի ժյուրին ֆիլմը չարժանացրեց գլխավոր մրցանակի (որոշ տվյալներով ֆիլմը շատ էր դուր եկել Մուսոլինիին)` բավարարվելով նրան հանձնելով միայն լավագույն դերասանի մրցանակը[8]:

Ֆիլմն արգելված է եղել Յոզեֆ Գեբելսի կողմից, ով Ռենուարին համարում էր «կինեմատոգրաֆում №1 թշնամի»: Նա հրամայել էր վերացնել ֆիլմի բոլոր կրկնօրինակները: Վախենալով ֆիլմի` զինվորների մարտական ոգու վրա ունեցած բացասական ազդեցությունից` 1940 թվականին ֆրանսիական կառավարությունը արգելել էր ֆիլմը, քանի դեռ ընթանում էին մարտական գործողություններ: 1940 թվականին գերմանական զորքերը մտան Ֆրանսիա, և ֆիլմի կրկնօրինակները բռնագրավվեցին:

Երկար ժամանակ կարծում էին, որ ֆիլմի բնօրինակը ոչնչացել է 1942 թվականին` դաշնակիցների ռմբակոծության ժամանակ: Ֆիլմի կրկնօրինակներն ի հայտ եկան 1958 թվականին, իսկ 1960-ական թվականներին այն կրկին էկրան բարձրացավ: Ավելի ուշ պարզվեց, որ բնօրինակն ուղարկվել է Բեռլին Ռեյխսֆիլմարխվում պահպանելու համար: 1945 թվականին այն ուղարկվել է Մոսկվա` Գոսֆիլմոֆոնդ: 1960-ական թվականների բնօրինակը վերադարձվել է Ֆրանսիային, սակայն մոտ 30 տարի շարունակել է անտեսված մնալ Թուլուզի սինեմատիկայում, քանի որ ոչ մեկը չէր կարծում, որ պահպանվածը բնօրինակն է: 1990-ական թվականների արխիվի տեղափոխման ժամանակ այն վերջապես հայտնաբերվում է և նույնականացվում: Վերականգնված ֆիլմը էկրան է բարձրացել 1999 թվականի օգոստոսին:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում բարձրացված թեման մեծ արձագանք է ստացել: Ֆիլմը ստացել է Վենետիկի կինոփառատոնի (1937), ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի (1938) մրցանակներ: Այն ներկայացված է եղել Օսկարի լավագույն ֆիլմ անվանակարգում, չնայած այդ անվանակարգում ներկայացվում էին միանյ անգլիալեզու ֆիլմերը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.filmaffinity.com/es/film174723.html
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0028950/
  3. http://www.imdb.com/title/tt0028950/releaseinfo
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.cinematografo.it/cinedatabase/film/la-grande-illusione/2148/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=338.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.imdb.com/title/tt0028950/fullcredits
  7. Цит. по: Arthur Lennig. Stroheim. — Lexington: The University Press of Kentucky, 2000. — С. 365. — ISBN 0-8131-2138-8 (անգլ.)
  8. 8,0 8,1 Франсуа Трюффо. Жан Ренуар. «Великая иллюзия» // Трюффо о Трюффо. Фильмы моей жизни. — М.: Радуга, 1987.
  9. Arthur Lennig. Stroheim. — Lexington: The University Press of Kentucky, 2000. — С. 368. — ISBN 0-8131-2138-8 (անգլ.)
  10. Arthur Lennig. Stroheim. — Lexington: The University Press of Kentucky, 2000. — С. 365—366. — ISBN 0-8131-2138-8 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]