Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1958 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը և Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարանը։ 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի«Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։ 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ[3]։