Դմիտրի Նիկոլաևիչ Ուշակով (ռուս.՝ Дмитрий Николаевич Ушаков, հունվարի 12 (24), 1873[1] կամ հունվարի 24, 1873(1873-01-24)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 17, 1942(1942-04-17)[2][3][1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական լեզվաբան։ ԽՍՀՄԳԱ թղթակից անդամ (1939)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1895)։ Եղել է կանանց բարձրագույն դասընթացների, խոսքի ինստիտուտի, Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտի, Մոսկվայի Ն․ Չեռնիշևսկու անվան պատմության, փիլիսոփայության և գրականության ինստիտուտի, Պետական համալսարանի պրոֆեսոր։ Դմիտրի Ուշակովի աշխատությունները՝ «Ռուսական բարբառագիտության ուրվագիծ՝ Եվրոպայում ռուսերենի բարբառների առաջին քարտեզի հավելվածով» (1915), «Լեզվագիտության համառոտ ներածություն» (1913) և այլ գործեր հիմք ծառայեցին ռուսական բարբառագիտության զարգացման համար։ Դմիտրի Ուշակովը եղել է Մոսկվայի բարբառագիտական հանձնաժողովի ստեղծողներից (1903), 1915 թվականից՝ նախագահը, 1904-1931 թթ.՝ հանձնաժողովի հրատարակած գրականության խմբագիրը։ 1901 թվականից մասնակցել է ռուսաստանի ուղղագրության բարեփոխման աշխատանքներին, 30-ական թթ․ գլխավորել լուսժողկոմատի ուղղագրական հանձնաժողովը։ Դմիտրի Ուշակովը նախաձեռնել է Ռուսաստանի ուղղախոսության ուսումնասիրությունը («Ռուսերենի ուղղախոսությունը և նրա խնդիրները», 1928, «Ճիշտ արտասանության հարցի շուրջը», 1936, հրտ․ 1964)։ Նրա խմբագրությամբ և հեղինակային մասնակցությամբ 1935-1940 թթ. լույս է տեսել «Ռուսերենի բացատրական բառարանի» 4 հատոր։ Դմիտրի Ուշակովի մի խումբ աշակերտներ դարձել են «մոսկովյան հնչութաբանական դպրոցի» միջուկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։