Jump to content

Դանուտա Սեձիկուվնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանուտա Սեձիկուվնա
լեհ.՝ Danuta Siedzikówna
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1928(1928-09-03)[1]
ԾննդավայրGuszczewina, Gmina Narewka, Hajnówka County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էօգոստոսի 28, 1946(1946-08-28)[1] (17 տարեկան)
Մահվան վայրԳդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
ԳերեզմանGarnizonowy Cemetery in Gdańsk
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունբուժքույր
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
 Danuta Siedzikówna Վիքիպահեստում

Դանուտա Հելենա Սեձիկուվնա (մարտական անունը՝ Ինկա, ընդհատակյա անունը՝ Դանուտա Օբուխովիչ, սեպտեմբերի 3, 1928(1928-09-03)[1], Guszczewina, Gmina Narewka, Hajnówka County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - օգոստոսի 28, 1946(1946-08-28)[1], Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]), լեհ բուժքույր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կամավորագրվել ու ծառայել է Armia Krajowa-ի (Հայրենի բանակի) Վիլնոյի 5-րդ հեծյալ բրիգադի 4-րդ էսկադրոնում[2], իսկ 1946 թվականին՝ 1-ին էսկադրոնում՝ Լեհաստանի Պոմերանիա երկրամասում։ Հանուն Լեհաստանի ազատագրման՝ մարտնչել է ինչպես գերմանական զավթիչների, այնպես էլ հայրենիքին պարտադրված խորհրդայնացման դեմ և 17 տարեկանում կոմունիստական իշխանությունների կողմից տանջանքների ենթարկվելով՝ դատապարտվել մահապատժի։ Համարվում է Լեհաստանի ազգային հերոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշաքար Սոպոտում
Դանուտային նվիրված հուշահամալիր իր հայրենի Գրուշչևինայում

Դանուտան ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 3-ին Բելսկ Պոդլյասկիի վոևոդության Նարևկա քաղաքի մերձակայքում գտնվող Գուշչևինա գյուղում։ Հայրը՝ անտառապահ Վացլավ Սեձիկը, ցարական իշխանության տարիներին Սիբիր է աքսորվել Լեհաստանի ազատագրման համար պայքարող կազմակերպություններում ընդգրկված լինելու պատճառով։ 1923 թվականին վերադարձել է աքսորավայրից և 1940 թվականին դարձյալ կալանավորվել ու աքսորվել՝ այս անգամ արդեն խորհրդային NKVD-ի (ներքին գործերի ժողկոմատի) կողմից[3]։ 1941 թվականին նա միացել է Վլադիսլավ Անդերսի Լեհական բանակին (մահացել է 1943 թվականին, Թեհրանում։ Դանուտայի մայրը՝ Եվգենյան, Երկրորդ աշխարհամարտի տարիներին անդամագրվել է Լեհաստանի ազատագրման համար մարտնչող Հայրենի բանակին։ 1943 թվականի սեպտեմբերին գեստապոն ձերբակալել է նրան և սպանել։ Վացլավի քրոջ որդին, որ լեհական օդուժի ակադեմիայի շրջանավարտ էր, մասնակցել է Բրիտանիայի պաշտպանության համար նացիստների դեմ մղված օդային ճակատամարտերին[4]։

Դանուտան իր երկու քույրերի հետ հաճախել է Նարևկայի տարրական դպրոցը, այնուհետև 1939-1943 թվականներին ուսումը շարունակել Ռուժանիստոկի Սալեսյան քույրերի դպրոցում[5][6]։ Մոր սպանվելուց հետո քույրերի հետ անդամագրվել է Հայրենի բանակին, ձեռք բերել բուժքրոջ հմտություններ[5] և, չնայած պատանեկան տարիքին, որպես հեծյալ գնդի մարտիկ՝ ներգրավվել է ծառայության մեջ և գործադրել է այդ հմտությունները։

Հուշահամալիր Նարևկայում

Այն բանից հետո, երբ խորհրդային զորքերը, դուրս քշելով գերմանացիներին, մտել են Բելոստոկ, Դանուտան աշխատանքի է անցել Հայնովկայի անտառտնտեսությունում[5]։ 1945 թվականի հունիսին նրան իր մի շարք գործընկերների հետ NKVD-ն և լեհական անվտանգության ծառայությունը ձերբակալել են՝ մեղադրելով հակակոմունիստական ընդհատակի հետ համագործակցելու մեջ։ Դանուտան մի քանի անգամ ձերբակալվել ու ազատ է արձակվել[5]։ 1946 թվականին Գդանսկի դատարանը անչափահաս Դանուտա Սեձիկուվնային, որ ընդամենը 17 տարեկան էր, դատապարտել է մահապատժի։

Բանտում աղջկան տանջել են, կտտանքների ենթարկել, բայց ընդհատակյա կազմակերպության մասին ոչ մի տեղեկություն չեն կարողացել կորզել։ Մահապատիժն ի կատար են ածել 1946 թվականի օգոստոսի 28-ին, Գդանսկի բանտի նկուղում[7]։ Ինչպես հետագայում պատմել է Դանուտային վերջին հաղորդությունը տված քահանան, աղջիկը մինչև վերջ պահպանել է սառնասրտությունը, թույլ չի տվել, որ գնդակահարվելուց առաջ իր աչքերը կապեն, և վերջին պահին գոչել է. «Կեցցե՛ Լեհաստանը»[5][7][8]։

Մինչև 2014 թվականը նրա աճյունի գտնվելու վայրը մնացել է անհայտ[9], հայտնաբերվել է միայն համազգային որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում, ստուգվել ԴՆԹ թեստով։ 2016 թվականի օգոստոսի 28-ին պետական մակարդակով, հանդիսավոր վերահուղարավորություն է կատարվել՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ[10], Գդանսկի զինվորական գերեզմանատանը[11][12]։

Հուշատախտակ Գդանսկի Սուրբ Մարիամ եկեղեցում՝ ի հիշատակ Հայրենի բանակի զոհված մարտիկների

Հիշատակ և մեծարանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի անկախության տարելիցի օրը՝ 2006 թվականի նոյեմբերի 11-ին, երկրի այն ժամանակվա նախագահ Լեխ Կաչինսկին Դանուտա Սեձիկուվնային հետմահու պարգևատրել է Polonia RestitutaՎերածնված Լեհաստան») շքանշանով[13]։

2017 թվականին Լեհաստանի ազգային բանկը 10 զլոտի անվանական արժեքով արծաթե հուշադրամ է թողարկել Դանուտա Սեձիկուվնայի պատվին[14]։

Լեհական մի շարք բնակավայրերում Դանուտա Սեձիկուվնայի անունով են կոչվել փողոցներ, դպրոցներ, զբոսայգիներ։ Լիտվական Բուտրիմոնիս քաղաքում հուշատախտակ է փակցվել նրա հիշատակին[15]։

Մշակութային անդրադարձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանուտա Սեձիկուվնայի կիսանդրին Կրակովի Park Jordana զբոսայգում:

2007 թվականի հունվարին թողարկվել է Inka 1946. Ja jedna zginę կինոնկարը, որը պատմում է Դանուտա Սեձիկուվնայի վերջին օրերի մասին[16]։

2015 թվականին լեհական TVP հեռուստաալիքը թողարկել է Inka. Zachowałam się jak trzeba փաստավավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացված է Դանուտայի կյանքի պատմությունը[17]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին լեհ հիփ-հոփ արտիստ Տադեկը իր Niewygodna prawda ալբոմում ընդգրկել է "Inka" սինգլը[18]։

2013 թվականին Դարիուշ Մալեյոնեկը, համագործակցելով լեհ անվանի մի շարք երգիչների հետ, իրագործել է Panny wyklęte երաժշտական նախագիծը՝ նվիրված հակակոմունիստական շարժման կին համբավավոր անդամներին։ Այդ ծրագրում ընդգրկված "Walczyk" և "Jedna chwila" երգերը նվիրված են Դանուտա Սեձիկուվնային[19][20]։

2000 թվականին Տոմաշ Ժակը Nie Teraz թատրոնում բենադրել է Na etapie թատերախաղը՝ ներկայացնելով Դանուտա Սեձիկուվնայի կյանքի դրամատիկ ու ողբերգական դրվագները[21]։

Կատրժինա Բեդնարսկայի՝ 2011 թվականին լույս ընծայած Ars Lublinica բանաստեղծական ժողովածուում ամփոփված է նաև «Ինկա» պոեմը[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #1033253278 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «Wczesna młodość». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  4. «Hur Paweł - Lista Krzystka». Listakrzystka.pl. 2014 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Strona główna - tvp.pl - Telewizja Polska S.A.». 2.tvp.pl. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «NIEZŁOMNA, WYKLĘTA, PRZYWRÓCONA PAMIĘCI. DANUTA SIEDZIKÓWNA "INKA" 1928–1946» (PDF). Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 Jerzy Morawski, "Lepiej, że ja jedna zginę" ("It's better if I'm the only one to die"), Rzeczpospolita 11 March 2000; accessed 6 May 2014.
  8. https://inka.ipn.gov.pl/ink/wyrok/14641,Wyrok.html}}(չաշխատող հղում)
  9. «Two Polish resistance fighters killed by communists 71 years ago». Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.(չաշխատող հղում)
  10. «You have waited a long time, Poland». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  11. «Grave of Danuta Siedzikówna, alias 'Inka'». Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  12. «Beata Szydło: We came there to honour you». Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  13. «M.P. 2007 nr 18 poz. 208». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  14. «Niezlomni Inka» (PDF). Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  15. «Polish national heroine commemorated in Lithuania». Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  16. «INKA 1946». Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  17. «INKA. ZACHOWAŁAM SIĘ JAK TRZEBA». Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  18. «Tadek Firma Solo będzie rapował o Żołnierzach Wyklętych w Baranowie Sandomierskim». Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  19. «Panny wyklęte». Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.(չաշխատող հղում)
  20. «Proces jako widowisko. Performatywny wymiar spraw Danuty Siedzikówny, Wiktorii Rudnickiej, Antoniny Dziwisz i Olgi Hepnarovej». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  21. «Historia». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  22. Katarzyna Bednarska (2011). Ars Lublinica. Liber Duo. ISBN 978-83-62889-01-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանուտա Սեձիկուվնա» հոդվածին։