Դանուտա Սեձիկուվնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանուտա Սեձիկուվնա
լեհ.՝ Danuta Siedzikówna
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1928(1928-09-03)
ԾննդավայրGuszczewina, Gmina Narewka, Hajnówka County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էօգոստոսի 28, 1946(1946-08-28) (17 տարեկան)
Մահվան վայրԳդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանGarnizonowy Cemetery in Gdańsk
ՔաղաքացիությունFlag of Poland (1927–1980).svg Լեհաստան
Մասնագիտությունբուժքույր
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
Commons-logo.svg Danuta Siedzikówna Վիքիպահեստում

Դանուտա Հելենա Սեձիկուվնա (մարտական անունը՝ Ինկա, ընդհատակյա անունը՝ Դանուտա Օբուխովիչ, սեպտեմբերի 3, 1928(1928-09-03), Guszczewina, Gmina Narewka, Hajnówka County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան - օգոստոսի 28, 1946(1946-08-28), Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ բուժքույր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կամավորագրվել ու ծառայել է Armia Krajowa-ի (Հայրենի բանակի) Վիլնոյի 5-րդ հեծյալ բրիգադի 4-րդ էսկադրոնում[1], իսկ 1946 թվականին՝ 1-ին էսկադրոնում՝ Լեհաստանի Պոմերանիա երկրամասում։ Հանուն Լեհաստանի ազատագրման՝ մարտնչել է ինչպես գերմանական զավթիչների, այնպես էլ հայրենիքին պարտադրված խորհրդայնացման դեմ և 17 տարեկանում կոմունիստական իշխանությունների կողմից տանջանքների ենթարկվելով՝ դատապարտվել մահապատժի։ Համարվում է Լեհաստանի ազգային հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշաքար Սոպոտում
Դանուտային նվիրված հուշահամալիր իր հայրենի Գրուշչևինայում

Դանուտան ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 3-ին Բելսկ Պոդլյասկիի վոևոդության Նարևկա քաղաքի մերձակայքում գտնվող Գուշչևինա գյուղում։ Հայրը՝ անտառապահ Վացլավ Սեձիկը, ցարական իշխանության տարիներին Սիբիր է աքսորվել Լեհաստանի ազատագրման համար պայքարող կազմակերպություններում ընդգրկված լինելու պատճառով։ 1923 թվականին վերադարձել է աքսորավայրից և 1940 թվականին դարձյալ կալանավորվել ու աքսորվել՝ այս անգամ արդեն խորհրդային NKVD-ի (ներքին գործերի ժողկոմատի) կողմից[2]։ 1941 թվականին նա միացել է Վլադիսլավ Անդերսի Լեհական բանակին (մահացել է 1943 թվականին, Թեհրանում։ Դանուտայի մայրը՝ Եվգենյան, Երկրորդ աշխարհամարտի տարիներին անդամագրվել է Լեհաստանի ազատագրման համար մարտնչող Հայրենի բանակին։ 1943 թվականի սեպտեմբերին գեստապոն ձերբակալել է նրան և սպանել։ Վացլավի քրոջ որդին, որ լեհական օդուժի ակադեմիայի շրջանավարտ էր, մասնակցել է Բրիտանիայի պաշտպանության համար նացիստների դեմ մղված օդային ճակատամարտերին[3]։

Դանուտան իր երկու քույրերի հետ հաճախել է Նարևկայի տարրական դպրոցը, այնուհետև 1939-1943 թվականներին ուսումը շարունակել Ռուժանիստոկի Սալեսյան քույրերի դպրոցում[4][5]։ Մոր սպանվելուց հետո քույրերի հետ անդամագրվել է Հայրենի բանակին, ձեռք բերել բուժքրոջ հմտություններ[4] և, չնայած պատանեկան տարիքին, որպես հեծյալ գնդի մարտիկ՝ ներգրավվել է ծառայության մեջ և գործադրել է այդ հմտությունները։

Հուշահամալիր Նարևկայում

Այն բանից հետո, երբ խորհրդային զորքերը, դուրս քշելով գերմանացիներին, մտել են Բելոստոկ, Դանուտան աշխատանքի է անցել Հայնովկայի անտառտնտեսությունում[4]։ 1945 թվականի հունիսին նրան իր մի շարք գործընկերների հետ NKVD-ն և լեհական անվտանգության ծառայությունը ձերբակալել են՝ մեղադրելով հակակոմունիստական ընդհատակի հետ համագործակցելու մեջ։ Դանուտան մի քանի անգամ ձերբակալվել ու ազատ է արձակվել[4]։ 1946 թվականին Գդանսկի դատարանը անչափահաս Դանուտա Սեձիկուվնային, որ ընդամենը 17 տարեկան էր, դատապարտել է մահապատժի։

Բանտում աղջկան տանջել են, կտտանքների ենթարկել, բայց ընդհատակյա կազմակերպության մասին ոչ մի տեղեկություն չեն կարողացել կորզել։ Մահապատիժն ի կատար են ածել 1946 թվականի օգոստոսի 28-ին, Գդանսկի բանտի նկուղում[6]։ Ինչպես հետագայում պատմել է Դանուտային վերջին հաղորդությունը տված քահանան, աղջիկը մինչև վերջ պահպանել է սառնասրտությունը, թույլ չի տվել, որ գնդակահարվելուց առաջ իր աչքերը կապեն, և վերջին պահին գոչել է. «Կեցցե՛ Լեհաստանը»[4][6][7]։

Դանուտա Սեձիկուվնայի շիրիմը Գդանսկում

Մինչև 2014 թվականը նրա աճյունի գտնվելու վայրը մնացել է անհայտ[8], հայտնաբերվել է միայն համազգային որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում, ստուգվել ԴՆԹ թեստով։ 2016 թվականի օգոստոսի 28-ին պետական մակարդակով, հանդիսավոր վերահուղարավորություն է կատարվել՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ[9], Գդանսկի զինվորական գերեզմանատանը[10][11]։

Հուշատախտակ Գդանսկի Սուրբ Մարիամ եկեղեցում՝ ի հիշատակ Հայրենի բանակի զոհված մարտիկների

Հիշատակ և մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի անկախության տարելիցի օրը՝ 2006 թվականի նոյեմբերի 11-ին, երկրի այն ժամանակվա նախագահ Լեխ Կաչինսկին Դանուտա Սեձիկուվնային հետմահու պարգևատրել է Polonia RestitutaՎերածնված Լեհաստան») շքանշանով[12]։

2017 թվականին Լեհաստանի ազգային բանկը 10 զլոտի անվանական արժեքով արծաթե հուշադրամ է թողարկել Դանուտա Սեձիկուվնայի պատվին[13]։

Լեհական մի շարք բնակավայրերում Դանուտա Սեձիկուվնայի անունով են կոչվել փողոցներ, դպրոցներ, զբոսայգիներ։ Լիտվական Բուտրիմոնիս քաղաքում հուշատախտակ է փակցվել նրա հիշատակին[14]։

Մշակութային անդրադարձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանուտա Սեձիկուվնայի կիսանդրին Կրակովի Park Jordana զբոսայգում:

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարին թողարկվել է Inka 1946. Ja jedna zginę կինոնկարը, որը պատմում է Դանուտա Սեձիկուվնայի վերջին օրերի մասին[15]։

2015 թվականին լեհական TVP հեռուստաալիքը թողարկել է Inka. Zachowałam się jak trzeba փաստավավերագրական կինոնկարը, որտեղ ներկայացված է Դանուտայի կյանքի պատմությունը[16]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին լեհ հիփ-հոփ արտիստ Տադեկը իր Niewygodna prawda ալբոմում ընդգրկել է "Inka" սինգլը[17]։

2013 թվականին Դարիուշ Մալեյոնեկը, համագործակցելով լեհ անվանի մի շարք երգիչների հետ, իրագործել է Panny wyklęte երաժշտական նախագիծը՝ նվիրված հակակոմունիստական շարժման կին համբավավոր անդամներին։ Այդ ծրագրում ընդգրկված "Walczyk" և "Jedna chwila" երգերը նվիրված են Դանուտա Սեձիկուվնային[18][19]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Տոմաշ Ժակը Nie Teraz թատրոնում բենադրել է Na etapie թատերախաղը՝ ներկայացնելով Դանուտա Սեձիկուվնայի կյանքի դրամատիկ ու ողբերգական դրվագները[20]։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատրժինա Բեդնարսկայի՝ 2011 թվականին լույս ընծայած Ars Lublinica բանաստեղծական ժողովածուում ամփոփված է նաև «Ինկա» պոեմը[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-15-ին։ Վերցված է 2009-06-05 
  2. «Wczesna młodość»։ Արխիվացված է օրիգինալից 12 August 2020-ին։ Վերցված է 7 March 2020 
  3. «Hur Paweł - Lista Krzystka»։ Listakrzystka.pl։ 1 March 2014։ Վերցված է 15 October 2018 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Strona główna - tvp.pl - Telewizja Polska S.A.»։ 2.tvp.pl։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-05-ին։ Վերցված է 15 October 2018 
  5. «NIEZŁOMNA, WYKLĘTA, PRZYWRÓCONA PAMIĘCI. DANUTA SIEDZIKÓWNA "INKA" 1928–1946»։ Վերցված է 7 March 2020 (չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Jerzy Morawski, "Lepiej, że ja jedna zginę" ("It's better if I'm the only one to die"), Rzeczpospolita 11 March 2000; accessed 6 May 2014.
  7. https://inka.ipn.gov.pl/ink/wyrok/14641,Wyrok.html}}(չաշխատող հղում)
  8. «Two Polish resistance fighters killed by communists 71 years ago»։ Վերցված է 7 March 2020 (չաշխատող հղում)
  9. «You have waited a long time, Poland»։ Արխիվացված է օրիգինալից 15 August 2020-ին։ Վերցված է 7 March 2020 
  10. «Grave of Danuta Siedzikówna, alias ‘Inka’»։ Վերցված է 7 March 2020 
  11. «Beata Szydło: We came there to honour you»։ Վերցված է 7 March 2020 
  12. «M.P. 2007 nr 18 poz. 208»։ Արխիվացված է օրիգինալից 5 June 2020-ին։ Վերցված է 7 March 2020 
  13. «Niezlomni Inka»։ Վերցված է 7 March 2020 
  14. «Polish national heroine commemorated in Lithuania»։ Վերցված է 5 March 2020 
  15. «INKA 1946»։ Վերցված է 7 March 2020 
  16. «INKA. ZACHOWAŁAM SIĘ JAK TRZEBA»։ Վերցված է 4 March 2020 
  17. «Tadek Firma Solo będzie rapował o Żołnierzach Wyklętych w Baranowie Sandomierskim»։ Վերցված է 7 March 2020 
  18. «Panny wyklęte»։ Վերցված է 7 March 2020 (չաշխատող հղում)
  19. «Proces jako widowisko. Performatywny wymiar spraw Danuty Siedzikówny, Wiktorii Rudnickiej, Antoniny Dziwisz i Olgi Hepnarovej»։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2020-ին։ Վերցված է 7 March 2020 
  20. «Historia»։ Արխիվացված է օրիգինալից 9 February 2020-ին։ Վերցված է 7 March 2020 
  21. Katarzyna Bednarska (2011)։ Ars Lublinica։ Liber Duo։ ISBN 978-83-62889-01-3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]