Գլխապտույտ, շրջապատող առարկաների կամ սեփական մարմնի թվացող պտտման և հավասարակշռության խախտման զգացողություն։ Պատճառներն են՝ անդաստակային ապարատի ախտահարումները, գլխուղեղի ուռուցքները, վնասվածքները, բորբոքումները, ակնաշարժ մկանների թերլուծանքները (պարեզ), ուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, հիպերտոնիկ և հիպոտոնիկ հիվանդությունները, ուղեղային արյան շրջանառության սուր և քրոնիկական խանգարումները, անգարը և թունավորումը։ Գլխապտույտ կարող է առաջանալ նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ ներքին օրգանների (թոքեր, լյարդ, լեղապարկ, ստամոքս, աղիքներ) ախտահարումների դեպքում։ Ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումներով, պուլսի դանդաղումով, գունատությամբ, արյան ճնշման փոփոխություններով։ Բուժումը՝ հիմնական պատճառների վերացում, ացետիլ-խոլինոլիզային պատրաստուկներ, վիտամին B6, բուժական մարմնամարզություն։
Հիվանդին թվում է, թե առարկաները պտտվում են իր շուրջը, պատերը և առաստաղը թափվում են, կամ ունենում է «ընկնելու» զգացողություն, քայլելիս երերում է, հավասարակշռությունը դժվար է պահպանում։ Գլխուղեղ հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գունատությամբ, անոթազարկի դանդաղումով։
Գլխապտույտի պատճառ են մարմնի հավասարակշռության՝ հատկապես ներքին ականջում տեղակայված անդաստակային ապարատի կարգավորմանը մասնակցող նյարդային համակարգի բաժինների գործունեության խանգարումները։ Գլխապտույտը կարող է առաջանալ նույնիսկ առողջ մարդկանց մոտ՝ այդ ապարատի ուժեղ գրգռման դեպքում (մարմնի դիրքի կտրուկ փոփոխության, ծովաճոճումների ժամանակ, մեծ բարձրությունների վրա աշխատելիս)։ Սակայն հաճախ գլխապտույտ են ունենում գերզգայուն անդաստակային ապարատ ունեցող մարդիկ, որոնք մանկուց վատ են տանում տատանումները (կարուսել, ճոճանակ, տրանսպորտով երթևեկում)։ Գլխապտույտի պատճառ կարող են լինել հիպերտոնիկ հիվանդությունը, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը, միջին ականջի հիվանդություն, գլխի վնասվածքները, ինչպես նաև ալկոհոլով, նիկոտինով, շմոլ գազով և այլ թունավորումները[1]։
- ↑ Հանրամատչելի բժշկական հանրագիտարան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 2001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 97)։
|