Ծնվել է Արևմտյան ՀայաստանիՎան քաղաքում։ Հինգ տարեկան հասակում զրկվել է մորից։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Անդրկովկաս։ Գարեգինը տեղավորվել է Էջմիածնի սուրբ Գայանե վանքին կից որբանոցում։ 1907 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907 թվականից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Միաժամանակ աշխատել է Թիֆլիսի «Կարմիր աստղ» օրաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, «Մարտակոչի» խմբագրությունում՝ որպես գրական բաժնի վարիչ, «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար և ոճաբան։ Որոշ ժամանակ դասախոսել է Թիֆլիսի համալսարանի հեռակա բաժնում։ Գրել է «Պետրոս Դուրյանը և իր քնարը» ուսումնասիրությունը, որից մի հատված տպագրվել է «Արշավի» 1938 թվականի թիվ 4-ում։ Գարեգին Մելոյանի գեղարվեստական գործերից՝ «Վերածնված Պետոն» (հատված վեպից) տպագրվել է «Լուսաբացի» 1928 թվականի թիվ 2-ում, «Արևելյան լեգենդը»՝ նույն հանդեսի 1929 թվականի թիվ 3-ում։ Մահացել է Թբիլիսիում[1]։