Արշակ Հարությունյանը ծնվել է 1869 թվականին, Թիֆլիսում։ Եղել է հայ թատրոնի ամենահին դերասաններից մեկը։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Դերասանական գործունեությունն սկսել է 1887 թվականից։ Աշխատել է Թիֆլիսի և Բաքվի թատրոններում, խաղացել է Գևորգ Չմշկյանի և Գ. Տեր-Դավթյանի խմբերում, Դ. Պետրոսյանի, Հովհաննես Աբելյանի, Մայսուրյան-Զարիֆյան և այլ խմբերի հետ հանդես է եկել Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Թուրքիայում։ Հիմնականում խաղացել է ուժեղ խառնվածքի դրամատիկական դերեր, հարազատությամբ վերարտադրել հատկապես սունդուկյանական կերպարները։ 1922 թ. հունվարի 25-ին, Երևանի Առաջին Պետթատրոնի բացման օրը խաղացել է «Պեպո» ներկայացման մեջ, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում[3]։
Հոդվածներով և բանաստեղծություններով հանդես է եկել «Արաքս», «Թատրոն», «Մշակ», «Տարազ» և այլ պարբերականներում։
1897 թվականին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուն։ 1926 թվականից նկարահանվել է կինոյում՝ «Շորն ու Շորշորը», «Զամալլու», «Գիքոր», «Մեր կոլխոզի մարդիկ»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 318)։