Jump to content

Գավրիիլ Փոնդոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավրիիլ Փոնդոև
Ծնվել էհոկտեմբերի 28, 1875(1875-10-28)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1963
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրացական ԽՍՀ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Գավրիիլ Սերգեևիչ Փոնդոև (ռուս.՝ Гавриил Сергеевич Пондоев, վրաց.՝ გაბრიელ პონდოევი, իրական անունը՝ Գաբրիել Սարգսի Փոնդոյանց, հոկտեմբերի 28, 1875(1875-10-28), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1963, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդավիրաբույժ, հոգեբույժ։ Բժշկագիտության դոկտոր (1907)։ Վրացական ԽՍՀ վաստակավոր բժիշկ (1941)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավրիիլ Փոնդոևը ծնվել է Թիֆլիսում։ Սերում է թիֆլիսցի ազնվական Փոնդոյան տոհմից։ Հայրը եղել է հարուստ առևտրական։ 1895 թվականին ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան։ 1895-1900 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժնում և ստացել բժշկի որակավորում։ 1901-1907 թվականներին սովորել է Բեռլինի բժշկական ինստիտուտում։ 1907 թվականին գերմաներենով պաշտպանել է ավարտական թեզը՝ ստանալով բժշկության դոկտորի աստիճան։ 1907-1909 թվականներին մասնագիտացել է Բեռլինի, Մայնի, Ֆրանկֆուրտի, Հայդելբերգի նյարդաբուժական (Օպենհեյմի դպրոց) և հոգեբուժական (Կրեպելինի դպրոց) կլինիկաներում։ 1909-1922 թվականներին աշխատել է Թիֆլիսի տարբեր բժշկական հաստատություններում։ 1922-1941 թվականներին աշխատել է Վրաստանի կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1935 թվականին նշանակվել է ավագ գիտաշխատող և ձեռնամուխ եղել նյարդային համակարգի վրա Ծղալտուբոյի հանքային ջրերի ուսումնասիրման և Ծղալտուբո առողջարանի նյարդաբուժական պրոֆիլը հայտնաբերելու գործին։ Միաժամանակ եղել է ՎԿԳՀԻ-ի նյարդաբուժական բաժանմունքի վարիչ[1]։

1925-1960 թվականներին աշխատել է Վրաստանի առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության հիվանդանոցում՝ որպես նյարդաբուժական բաժանմունքի վարիչ, պոլիկլինիկայում՝ որպես կոնսուլտանտ։ Պատերազմի տարիներին եղել է Քաղաքների միության լազարեթների խորհրդատու նյարդավիրաբույժը։

Հին Թիֆլիսում և Նոր Թբիլիսիում հայտնի է եղել որպես պրակտիկ նյարդավիրաբույժ, հոգեբույժ, հոգեթերապևտ։ 1910 թվականից եղել է Կովկասյան բժշկական ընկերության (ԿԲԸ) անդամ, 1925 թվականից՝ նախագահ, որի նիստերում հանդես է եկել նյարդա-հոգեբուժական թեմաներով զեկուցումներով։ 1928 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել ԿԲԸ և Բնագետների ու բժիշկների վրացական ընկերության միավորման գործերին։

1921 թվականին Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բժշկական հասարակայնության կողմից առաջադրվել է Արհմիության կազմում՝ դառնալով Վրաստանի Արհմիության առաջին կազմակերպիչներից մեկը։ Ակտիվ գործունեություն է ծավալել 1910 թվականին Թիֆլիսում ծագած խոլերայի համաճարակի դեմ պայքարում։

1960 թվականին ընտրվել է նյարդավիրաբույժների և հոգեբույժների Վրաստանի հանրապետական և Թբիլիսիի քաղաքային ընկերությունների պատվավոր անդամ։

Տիրապետել է հայերենի, վրացերենի, ռուսերենի, գերմաներենի, ֆրանսերենի։ Տարբեր գիտաժողովներում, մասնագիտական ու պարբերական մամուլում հանդես է եկել ընդհանուր բժշկական, նեղ մասնագիտական, բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի թեմաներով զեկույցներով։ Հեղինակ է 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը տպագրվել է «Կովկասյան բժշկական ընկերության աշխատություններում»։

Ունի ավելի քան 10 հատորից բաղկացած «Ծիծաղ և արցունք» վերնագրով չհրատարակված օրագրեր, որոնցում նկարագրված են սեփական, այդ թվում նաև բազմաթիվ հայ, վրացի, այլազգի գրողների, գիտնականների, մտավորականների, հին ու նոր թիֆլիսցիների ճակատագրերը։

Մահացել է 1963 թվականի ամռանը Թբիլիսիում։ Թաղված է Սաբուրթալոյի գերեզմանատանը։

  • 1941-1945 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին էվակոհոսպիտալներում կատարած աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրով և 2 մեդալներով։
  • Լենինի շքանշան, 1931
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «ՀՄՊ-ում բարեխիղճ աշխատանքի համար» մեդալ
  • Վրացական ԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1941
  • 1956 թվականին ծննդյան 80-ամյակի և գիտա-բժշկական գործունեության 550-ամյակի առթիվ նյարդաբուժության բնագավառում կատարած բեղուն աշխատանքի և հասարակական ակտիվ գործունեության համար Վրաստանի առողջապահության նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի
  • Սակավամիտ հիվանդների բարոյական դեֆեկտների մասին (գերմաներեն), 1907։
  • Թիֆլիսի հոգեբուժական հիմնարկների հարցի մասին (ռուսերեն, Тифлисский листок), 17-06-1912:
  • Լիր արքայի հոգեախտաբանական հիմնարկների խնդրի շուրջ (ռուսերեն), 1958։
  • Բժշկի նոթեր (ռուսերեն), Թբիլիսի, 1947, 1957, 1961։ Գրքի պատասխանատու խմբագիրն է Վրացական ԽՍՀ վաստակավոր բժիշկ Ի. Ս. Ֆրանգուլյանը։ Հրատարակվել է ռուսերեն (Թբիլիսի, 3 անգամ), վրացերեն (Թբիլիսի, 2 անգամ), անգլերեն (Նյու Յորք, 1959), իսպաներեն (Մեքսիկա), բուլղարերեն (Սոֆիա), չեխերեն (Պրահա), եվրոպական այլ լեզուներով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Пондоев Г.С. — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Книга "Заметки врача" Г. С. Пондоев». Ozon.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։