Գավրիիլ Փոնդոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գավրիիլ Փոնդոև
გაბრიელ პონდოევი. დაახლოებით 1845 წ. თბილისის ისტორიის მუზეუმი.jpg
Ծնվել էհոկտեմբերի 28, 1875(1875-10-28)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1963
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՎրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Գավրիիլ Սերգեևիչ Փոնդոև (ռուս.՝ Гавриил Сергеевич Пондоев, վրաց.՝ გაბრიელ პონდოევი, իրական անունը՝ Գաբրիել Սարգսի Փոնդոյանց, հոկտեմբերի 28, 1875(1875-10-28), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1963, Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ նյարդավիրաբույժ, հոգեբույժ: Բժշկագիտության դոկտոր (1907 թ.): Վրացական ԽՍՀ վաստակավոր բժիշկ (1941 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավրիիլ Փոնդոևը ծնվել է Թիֆլիսում: Սերում է թիֆլիսցի ազնվական Փոնդոյան տոհմից: Հայրը եղել է հարուստ առևտրական: 1895 թվականին ավարտել է Թիֆլիսի արական 3-րդ գիմնազիան: 1895-1900 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժնում և ստացել բժշկի որակավորում: 1901-1907 թվականներին սովորել է Բեռլինի բժշկական ինստիտուտում: 1907 թվականին գերմաներենով պաշտպանել է ավարտական թեզը՝ ստանալով բժշկության դոկտորի աստիճան: 1907-1909 թվականներին մասնագիտացել է Բեռլինի, Մայնի, Ֆրանկֆուրտի, Հայդելբերգի նյարդաբուժական (Օպենհեյմի դպրոց) և հոգեբուժական (Կրեպելինի դպրոց) կլինիկաներում: 1909-1922 թվականներին աշխատել է Թիֆլիսի տարբեր բժշկական հաստատություններում: 1922-1941 թվականներին աշխատել է Վրաստանի կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1935 թվականին նշանակվել է ավագ գիտաշխատող և ձեռնամուխ եղել նյարդային համակարգի վրա Ծղալտուբոյի հանքային ջրերի ուսումնասիրման և Ծղալտուբո առողջարանի նյարդաբուժական պրոֆիլը հայտնաբերելու գործին: Միաժամանակ եղել է ՎԿԳՀԻ-ի նյարդաբուժական բաժանմունքի վարիչ[1]:

1925-1960 թվականներին աշխատել է Վրաստանի առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության հիվանդանոցում՝ որպես նյարդաբուժական բաժանմունքի վարիչ, պոլիկլինիկայում՝ որպես կոնսուլտանտ: Պատերազմի տարիներին եղել է Քաղաքների միության լազարեթների խորհրդատու նյարդաբույժը:

Հին Թիֆլիսում և Նոր Թբիլիսիում հայտնի է եղել որպես պրակտիկ նյարդաբույժ, հոգեբույժ, հոգեթերապևտ: 1910 թվականից եղել է Կովկասյան բժշկական ընկերության (ԿԲԸ) անդամ, 1925 թվականից՝ նախագահ, որի նիստերում հանդես է եկել նյարդա-հոգեբուժական թեմաներով զեկուցումներով: 1928 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել ԿԲԸ և Բնագետների ու բժիշկների վրացական ընկերության միավորման գործերին:

1921 թվականին Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո բժշկական հասարակայնության կողմից առաջադրվել է Արհմիության կազմում՝ դառնալով Վրաստանի Արհմիության առաջին կազմակերպիչներից մեկը: Ակտիվ գործունեություն է ծավալել 1910 թվականին Թիֆլիսում ծագած խոլերայի համաճարակի դեմ պայքարում:

1960 թվականին ընտրվել է նյարդաբույժների և հոգեբույժների Վրաստանի հանրապետական և Թբիլիսիի քաղաքային ընկերությունների պատվավոր անդամ:

Տիրապետել է հայերենի, վրացերենի, ռուսերենի, գերմաներենի, ֆրանսերենի: Տարբեր գիտաժողովներում, մասնագիտական ու պարբերական մամուլում հանդես է եկել ընդհանուր բժշկական, նեղ մասնագիտական, բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի թեմաներով զեկույցներով: Հեղինակ է 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը տպագրվել է «Կովկասյան բժշկական ընկերության աշխատություններում»:

Ունի ավելի քան 10 հատորից բաղկացած «Ծիծաղ և արցունք» վերնագրով չհրատարակված օրագրեր, որոնցում նկարագրված են սեփական, այդ թվում նաև բազմաթիվ հայ, վրացի, այլազգի գրողների, գիտնականների, մտավորականների, հին ու նոր թիֆլիսցիների ճակատագրերը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1963 թվականի ամռանը Թբիլիսիում: Թաղված է Սաբուրթալոյի գերեզմանատանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941-1945 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին էվակոհոսպիտալներում կատարած աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրով և 2 մեդալներով:
  • Լենինի շքանշան, 1931 թ.
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «ՀՄՊ-ում բարեխիղճ աշխատանքի համար» մեդալ
  • Վրացական ԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1941 թ.
  • 1956 թվականին ծննդյան 80-ամյակի և գիտա-բժշկական գործունեության 550-ամյակի առթիվ նյարդաբուժության բնագավառում կատարած բեղուն աշխատանքի և հասարակական ակտիվ գործունեության համար Վրաստանի առողջապահության նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սակավամիտ հիվանդների բարոյական դեֆեկտների մասին (գերմաներեն), 1907 թ.:
  • Թիֆլիսի հոգեբուժական հիմնարկների հարցի մասին (ռուսերեն, Тифлисский листок), 17-06-1912:
  • Լիր արքայի հոգեախտաբանական հիմնարկների խնդրի շուրջ (ռուսերեն), 1958 թ.:
  • Բժշկի նոթեր (ռուսերեն), Թբիլիսի, 1947, 1957, 1961 թթ.: Գրքի պատասխանատու խմբագիրն է Վրացական ԽՍՀ վաստակավոր բժիշկ Ի. Ս. Ֆրանգուլյանը: Հրատարակվել է ռուսերեն (Թբիլիսի, 3 անգամ), վրացերեն (Թբիլիսի, 2 անգամ), անգլերեն (Նյու Յորք, 1959 թ.), իսպաներեն (Մեքսիկա), բուլղարերեն (Սոֆիա), չեխերեն (Պրահա), եվրոպական այլ լեզուներով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002: