Բոնավանտյուր Դեպերիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնավանտյուր Դեպերիե
ֆր.՝ Bonaventure Des Périers
Ծնվել էմոտ 1510
ԾննդավայրԱրնե լը Դյուկ
Վախճանվել է1544
Վախճանի վայրԼիոն, Ֆրանսիայի թագավորություն[1]
Գրական անունEutychus[2], Sarcomoros[2] և Thomas Du Clénier[2]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, storyteller, ժողովրդական հեքիաթների բանահավաք և թարգմանիչ
Լեզումիջին ֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա

Բոնավանտյուր Դեպերիե (մոտ 1510, Արնե լը Դյուկ - 1544, Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[1]), Ֆրանսիական վերածննդի դարաշրջանի ռեալիստական արձակի հիմնադիրներից։ Ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի ռեալիստական արձակի հիմնադիրներ են եղել նաև Ֆրանսուա Ռաբլեն և Մարգարիտ Նավառացին։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնավանտյուր Դեպերիեն ծնվել է Բուրգունդիայում։ Նրա աշխարհայացքը ձևավորվել է հումանիստ գրողների շրջապատում։ 1535 թվականին տեղափոխվել է Լիոն, որտեղ ծանոթացել է Կլեման Մարոյի և Ֆրանսուա Ռաբլեի հետ։ Մի տարի հետո փոխադրվում է Մարգարիտ Նավառացու պալատը, նշանակվում թագուհու քարտուղար, դառնում նրա գրական խմբակի աստղերից մեկը։ Այդ տարիներին գրել է իր նովելները, որ լույս է տեսել նրա մահից հետո, «Նոր զվարճանքներ և ուրախ զրույցներ» վերնագրով։ Փարիզյան հրատարակիչ Ժան Մորենը 1537 թվականին տպագրել է Դեպերիեի «Աշխարհի ծնծղան» աշխատությունը, առանց հեղինակի անունը նշելու։ Սորբոնի համալսարանի աստվածաբանները խիստ դատաստան են տեսնում, հրատարակչին բանտարկում են, դատի տալիս և որոշում գրվածքն այրել՝ «վնասակար գիրք» որակելով։ Դեպերիեն ստիպված փախուստի է դիմում։ Մի քանի տարի ապրում է հալածական կյանքով։ 1544 թվականին Լիոնում ինքնասպանություն է գործում՝ նետվելով իր սրի վրա։

«Աշխարհի ծնծղան» ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհի ծնծղան» Վերածննդի դարաշրջանի հիանալի կոթողներից է։ Բաղկացած է չորս դիալոգից։

Առաջին դիալոգին մասնակցում են Մերկուրիոսը, Բիրֆանեսը, Կուրտալիուսը և պանդոկի տիրուհին։ Յուպիտերը Մերկուրիոսին երկիր է ուղարկել ճակատագրերի գիրքը կազմելու համար։ Դիալոգն սկսում է Մերկուրիոսի մենախոսությամբ։ Առաջին խոսքերից երևում է, որ Մերկուրիոսը կոմիկական անձ է, ինչպես նաև՝ խաբեբա, գինեմոլ ու գող։ Զավեշտական գծերով են պատկերված Յուպիտերն ու օլիմպիական աստվածները։ Մերկուրիոսը այնքան է շտապել, որ մոռացել է Յուպիտերի հանձնարարությունները։ Այստեղ դրսևորվում է երկի կոմիկական սրությունը։

Նույնպիսի տեսարանով է սկսվում նաև երկրորդ դիալոգը։ Օլիմպիոսից նոր պատվերներ են գալիս։ Երրորդ դիալոգի հերոսները «փիլիսոփայական քար» որոնող փիլիսոփաներ են՝ միջնադարյան սխոլաստիկ գիտնականներ։ Չորրորդ դիալոգի «հերոսները» մարդկային լեզվով խոսող շներ են։

«Աշխարհի ծնծղան» այլաբանական ձև ունի։ Ավելի քան երկու դար քննադատները զբաղվել են խորհրդապատկերներն ու ծածկանունները պարզաբանելու, բայց մինչ օրս լրիվ վերծանել չի հաջողվել։ Անվիճելի է համարվում հետևյալը. Յուպիտերի համբավաբեր Մերկուրիոսը Հիսուս Քրիստոսն է։ Երկու խաբեբաները՝ Բրիֆանեսը և Կուրտալիուսը, կաթոլիկների ու բողոքականների պարագլուխներն են, իսկ ոմանց ենթադրությամբ՝ Պողոս և Պետրոս առաքյալները։

«Նոր զվարճանքներ և ուրախ զրույցներ» ժողովածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպերիեի նովելների նյութը նրա ժամանակի ֆրանսիական հասարակության կյանքն է։ «Նոր զվարճանքներ և ուրախ զրույցներ» ժողովածուի առաջին նովելում, որը հեղինակը համարել է առաջաբան, Դեպերիեն ասում է, որ այդ պատմվածքների համար չի գնացել «ո'չ Կոստանդնուպոլիս, ո'չ Ֆլորենցիա, ո'չ Վենետիկ, և ո'չ էլ ուրիշ հեռավոր վայրեր», այլ օգտագործել է այնպիսի դեպքեր, որ կատարվել են մեր աչքի առաջ։ Դեպերիեն պատրաստի սյուժեներ է վերցրել «Դեկամերոնից», Պաջո Բրաչոլինիի «Ֆացետիներից», ֆրանսիական «Հարյուր նոր նովելներ» (1481) ժողովածուից, ժողովրդական զրույցներից։ Բոլոր դեպքերում դրանք մշակել է սեփական արվեստով ու ոգով։

Յուրաքանչյուր նովել ավարտված, ամբողջական պատկեր էտալիս՝ կենդանի բնավորություններով, հետաքրքիր ինտրինգներով։ Նկարագրությունները համեմված են սրամիտ, պատկերավոր դարձվածներով, ժողովրդական իմաստություններով ու թևավոր խոսքերով։ Հաճախ նովելի իմաստը ամփոփվում է մի սրամիտ առածի մեջ։

Ժողովածուն աչքի է ընկնում թեմաների ու մոտիվների բազմազանությամբ։ Գործող անձերը ազնվականներ են, հոգևորականներ, առևտրականներ, արհեստավորներ, բժիշկներ, դատավորներ և այլն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118524887 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Ս.Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ էջ 199-206.