Բիրգիթ Յուրգենսեն
Բիրգիթ Յուրգենսեն գերմ.՝ Birgit Jürgenssen | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1949[1][2][3] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3] |
Մահացել է | սեպտեմբերի 25, 2003[4][1][2][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[3] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Կիրառական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարչուհի, գծանկարիչ, գծանկարիչ և նոր մեդիայի արվեստագետ |
Աշխատավայր | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա և Կիրառական արվեստի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Die Damen? |
Birgit Jürgenssen Վիքիպահեստում |
Բիրգիթ Յուրգենսեն (գերմ.՝ Birgit Jürgenssen, ապրիլի 10, 1949[1][2][3], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3] - սեպտեմբերի 25, 2003[4][1][2][…], Վիեննա, Ավստրիա[3]), ավստրիացի լուսանկարիչ, նաև նկարիչ, գրաֆիկ, կուրատոր և մանկավարժ։ Ապրել է Վիեննայում, մասնագիտացված է բոդի-արտում։ Նրա արվեստին են նվիրված եղել մի շարք անհատական ցուցահանդեսներ։ Դասավանդել է Կիրառական արվեստի ինստիտուտում (1981-1982) և Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում (1982-1997)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրգիթ Յուրգենսենը ծնվել է Վիեննայում 1949 թվականին։ 1968-1971 թվականներին սովորել է տեղի Կիրառական արվեստի ինստիտուտում, իսկ 1980-1981 թվականներին դասավանդել է այդ նույն ինստիտուտում։ 1982-1997 թվականներին դասավանդել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում[6][7]։ Բացի այդ` նա կուրատորի դերում հանդես է եկել ցուցահանդեսների ժամանակ[8]։ Մահացել է 2003 թվականին[6]։
Աշխատանքներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրգիթ Յուրգենսենը ճանաչվել է որպես միջազգային ֆեմինիստական ավանգարդի ակնառու ներկայացուցիչներից մեկը[9]։ 1960-ական թվականների վերջից նա մշակել է ֆոտոարվեստի տարբեր ձևեր. նրա արվեստի հիմնական թեման եղել է կանացի մարմինը և նրա տրանսֆորմացիաները[10]։ Նրա ինքնադիմանկարները և ֆոտոշարքերը լուսաբանել են իրադարձություններ, որոնք նվիրված են եղել կնոջ առօրյա կյանքին, ընդ որում ամենատարբեր ձևերով` ներառյալ «ցնցող վախի ու նախապաշարմունքի մթնոլորտը»[8]։
Յուրգենսենի արվեստում ներկայացված են տարբեր «կանացիության ձևեր», որոնք ստեղծվել կամ փոխանցվել են լուսանկարի միջոցով։ Նրա աշխատանքները արտացոլել են ժամանակի հասարակական բարքերի` կնոջ նկատմամբ ունեցած սահմանափակ ու ճնշող բնույթը։ Նրա աշխատանքների շարքում հանդիպում են նաև նկարներ ու ջրաներկով աշխատանքներ։ Յուրգենսենի արվեստում մեծ դեր է խաղացել Յուբեր Վինտերը (գերմ.՝ Hubert Winter), ով «Յուրգենսենների կալվածք» տուն-թանգարանի կառավարիչն էր, որտեղ ներկայացվել են Բիրգիթի շատ աշխատանքներ։
1972 թվականին, աշխատանքներ ստեղծելով գենդերային թեմայով, Յուրգենսենն իրեն լուսանկարել է չորս դիրքերով, որոնք խորհրդանշում են գերմաներեն կին (գերմ.՝ Frau) բառի չորս տառերը։ Մեկ այլ ինքնադիմանկարում, որ ստեղծվել է 1976 թվականին և կոչվել «Ես ուզում եմ դուրս կորչել այստեղից», Յուրգենսենը հագնվել է որպես «լավ կին»` ճերմակ օձիքով ու ժանյակից կրծքազարդով, սակայն նա իրեն պատկերել է այտերով ու ձեռքերով ապակուն սեղմված։ Դա քննադատների կողմից մեկնաբանվել է որպես «հարձակում կանացի գեղեցկության և առտնին կյանքի ճնշող նորմերի դեմ, ինչին հաճախ ենթարկվում են կանայք»[11]։
Յուրգենսենի լուսանկարչական աշխատանքները որոնք մոտ 250-ն են, ներկայացվել են ռետրո-ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր «Հավաքորդների միության» (գերմ.՝ Sammlung Verbund) ու «Ավստրիական բանկի Արվեստի վիեննական համաժողովի» (գերմ.՝ Bank Austria Kunstforum) հետ համատեղ։ Այդ աշխատանքներից 50-ը ներկայացնում էր վիեննական ընկերությունը։ Յուրգենսենի ինքնատիպ աշխատանքներից է «10 օր, 100 լուսանկար» նախագիծը, որը հրապարակվել է 1980 թվականին։ Այս հավաքածուն, որը պարունակում է 100 լուսանկար, իսկապես ստեղծվել է 10 օրվա ընթացքում։ Այն բաղկացած է Polaroid-ով արված ինքնադիմանկարներից, ինչպես նաև դասական լուսանկարներից, որոնց մեջ հերոսուհու դեմքը քողարկված է մորթով։ Այս շարքի մասին Յուրգենսենն ինքն ասել է, որ «կնոջ անհատականությունը ներկայացված է որպես անհետացող. չի մնացել ոչինչ` բացի ֆետիշացված օբյեկտից, որը տղամարդու երևակայության կենտրոնն է»։ Իր մեկ այլ աշխատանքում, որ ստեղծվել էր ավելի շուտ` 1974 թվականին, և կոչվում էր «Ամազոնուհին», Բիրգիթ Յուրգենսենը լուսանկարել է «մորն ու երեխաներին կանգնած դիրքում այնպիսի ձեռքերով, որոնք նման են սրբի կերպարներին շատ բարձր աթոռների վրա»[12]։
Իր շատ նկարներում ու լուսանկարներում Յուրգենսենն ակտիվորեն օգտագործել է մաշկը` որպես կոմպոզիցիայի հիմք, ընդ որում իր աշխատանքներում նրան մասամբ հաջողվել է փոխանցել այդ նյութի հատկությունները[13]։ Այս կոնտեքստում քննադատները հատկապես ընդգծել են այսպես կոչված «կոշիկի շարքը»` ստեղծված 1970-ական թվականներին և բաղկացած տարբեր «կոշիկի քանդակներից»։ Յուրգենսենը ստեղծել է այդպիսի 18 «քանդակ», որոնցից յուրաքանչյուր համար նա օգտագործել է տարբեր նյութեր` ճենապակի, մոմ, ժանգ, հաց և նույնիսկ կենդանիների ծնոտներ` տեղադրված մետաքսե բարձում («Relict Shoe», 1976): Նկարներից մեկում պատկերված են երեք քարեր կնոջ ցայլքի տեսքով, որ ստացել է «Գեղեցկության մրցույթ» անվանումը[12]։
Յուրգենսենի նշանավոր այլ նկարներից են «Տնային տնտեսուհի-գոգնոցը» (Կաղապար:Langden, 1975), «Բույն» (գերմ.՝ Nest, 1979), «Այժմ» (գերմ.՝ Nun, 1979) ինքնադիմանկարները, որոնք արված են ոսկեգույնով։ Դրանցում հերոսուհին սև դիմակ է կրում և ներկայացված է պառկած «թատերական» իրավիճակում[12]։ Մասնավորապես, դրանցից առաջինում Յուրգենսենն իրեն պատկերել է որպես կանացի ձև` միաձուլված խոհանոցային սալիկներին և դրանով իսկ «նոր օրգանիզմ ձևավորելով»[14]։
Բիրգիթ Յուրգենսենին են նվիրված երկու խոշոր մենագրություններ։ Առաջինը հրապարակվել է 2009 թվականին «Հատյե Կանտց» (գերմ.՝ Hatje Cantz) հրատարակչությունում։ Այն պարունակում է նկարչուհու որոշ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա «անկախ մոտեցումը» արվեստին[15]։ Երկրորդ մենագրությունը հրատարակվել է 2010 թվականին Գաբրիել Շորի և Հայկե Էյպելդաուերի (գերմ.՝ Heike Eipeldauer) խմբագրությամբ[16][12]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Retrospective, Bank Austria Kunstforum, Վիեննա (2011)
- Sammlung Verbund, Վիեննա (2009)
- Subversive Aspects of «Feminism», Կիրառական արվեստի թանգարան, Վիեննա (2004)
- XL: 19 New Acquisitions in Photography, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք (2013)
- Privacy, Schirn Kunsthalle, Մայնի Ֆրանկֆուրտ (2013)
- Centre Pompidou, Փարիզ (2010)
- Կիրառական արվեստի թանգարան և Բելվեդեր պատկերասրահ, Վիեննա[12].
Հատընտիր ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- X X, Kunsthal Charlottenborg, Կոպենհագեն (1975)
- MAGNA. Feminismus: Kunst und Kreativität, Galerie nächst St. Stephan, Վիեննա (1975)
- LINEATUREN. Graphische Sammlung, Ալբերտինա պատկերասրահ, Վիեննա, (1978) [6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Birgit Jürgenssen (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 121. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#bild
- ↑ 6,0 6,1 6,2 Alison Jacques Gallery, 2013
- ↑ Bösch, Finta, Hoffer, et al., 2002, էջ 146
- ↑ 8,0 8,1 Kunsthalle Krems, 2009
- ↑ Schor, Eipeldauer, 2010, էջ 12
- ↑ Schor, Eipeldauer, 2010, էջ 12—14
- ↑ The Museum of Modern Art, 2006
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Wall Street International Magazine, 2013
- ↑ Lajer-Burcharth, Söntgen, 2016, էջ 348
- ↑ Mörtenböck, Mooshamme, 2011, էջ 37
- ↑ Schor, Solomon-Godeau, 2009, էջ 2
- ↑ Schor, Eipeldauer, 2010
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքեր
- Schor G., Solomon-Godeau A. Биргит Юргенсен = Birgit Jürgenssen. — Hatje Cantz Verlag, 2009. — 296 с. — ISBN 978-3-7757-2460-9
- Schor G., Eipeldauer H. Birgit Jürgenssen. Exhibition catalogue. — Munich: Prestel Verlag, 2010. — 312 с. — ISBN 978-3-7913-5103-2
- Bösch G., Finta D., Hoffer A., et al. Augenblick Foto-Kunst. — Edition Sammlung Essl, 2002. — 165 с. — ISBN 978-3902001061
- Lajer-Burcharth E., Söntgen B. Interiors and Interiority. — Walter de Gruyter, 2016. — 497 с. — ISBN 978-3-11-034045-7
- Mörtenböck P., Mooshamme H. Space (Re)Solutions. — Transcript. — 2011. — 264 с. — ISBN 978-3-8394-1847-5
- Հոդվածներ
- Retrospective: Birgit Jürgenssen // Kunsthalle Krems. — 2009. Архивировано из первоисточника 3 Հունիսի 2016.
- Birgit Jürgenssen: Woman, 1972 // The Museum of Modern Art (MoMA). —Нью-Йорк, 2006.
- Birgit Jürgenssen. Works from the 1970 // Wall Street International Magazine. — 2013.
- Birgit Jürgenssen // Alison Jacques Gallery. —Лондон, 2013. Архивировано из первоисточника 13 Հուլիսի 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրգիթ Յուրգենսեն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 10 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 25 մահեր
- 2003 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- Ավստրիացի արվեստագետներ
- Ավստրիացի լուսանկարիչներ
- Ավստրիացի կին լուսանկարիչներ
- Ավստրիացի մանկավարժներ
- Ավստրիացի նկարիչներ
- Ավստրիացի նկարչուհիներ
- Ավստրիացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ արվեստագետներ