Jump to content

Բարտ Ռեյնոլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծննդյան թիվ՝փետրվարի 11, 1936(1936-02-11)[1][2][3][…]
Ծննդավայր՝Լանսինգ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 6, 2018(2018-09-06)[4][2][3][…] (82 տարեկան)
Վախճանի վայր՝Jupiter, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երգիչ, Ամերիկյան ֆուտբոլիստ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, գրող, ռեժիսոր, կինոդերասան, պրոդյուսեր, հեղինակ, գործարար և հնչյունավորող
Պարգևներ՝
IMDb։ID 0000608
burtreynolds.com

Բարտոն Լեոն Ռեյնոլդս-կրտսեր (անգլ.՝ Burton (Buddy) Leon Reynolds Jr.; փետրվարի 11, 1936(1936-02-11)[1][2][3][…], Լանսինգ - սեպտեմբերի 6, 2018(2018-09-06)[4][2][3][…], Jupiter, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[5][6][7] ), ամերիկացի դերասան, 1970-ական թվականների վերջի ամենահայտնի և բարձր վարձատրվող աստղերից մեկը, երկու «Ոսկե գլոբուս» (1992, 1998) և «Էմմի» (1991) մրցանակների դափնեկիր։ Նա առավել հայտնի է «Ոստիկան և ավազակ» եռերգության մեջ իր գլխավոր դերով և «Գիշերներ բուգի ոճով» դրամայում իր երկրորդական դերով, որի կատարման համար արժանացել է «Օսկար» անվանակարգի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտոն Լեոն Ռեյնոլդսը ծնվել է Միչիգան նահանգի Լենսինգ քաղաքում, Բերթոն Մայլո Ռեյնոլդսի և Ֆերն Միլլերի ընտանիքում։ Նրա ծնողները տեղափոխվել են Ֆլորիդա, երբ նա 5 տարեկան է եղել։ Նա ծագել է հնդկացիների չերոկիների ցեղից։

Ֆլորիդայի համալսարանում սովորելու տարիներին նա սկսել է հետաքրքրվել ամերիկյան ֆուտբոլով, սակայն ծնկի վնասվածքն ու դժբախտ պատահարը վերջ են դրել նրա մարզական գործունեությանը։ Նա թողել է քոլեջը, որպեսզի դառնա դերասան և գնացել է Նյու Յորք, որտեղ մի քանի աշխատատեղեր է փոխել՝ երբեմն երևալով բեմում։

1960-ական թվականներին աշխատել է Նյու Յորքի տարբեր թատերախմբերում։ Քլինթ Իսթվուդի խորհրդով նա նկարահանվել է սպագետտի վեսթերն ֆիլմերում և հաճախ հայտնվել հեռուստատեսային թոք շոուներում։ Նրան նկատել են «Միստեր Ռոբերտսում», ինչից հետո նա պայմանագիր է կնքել Universal-ի հետ, այնուհետև՝ տեղափոխվել Հոլիվուդ։

1959-1960 թվականներին նա նկարահանվել է «Գետային շոգենավ» հեռուստասերիալում, իսկ հետո իր առաջնելույթը կատարել է «Հրեշտակային երեխա» գեղարվեստական ֆիլմում։ Հետագա մոտ տասը տարիների ընթացքում նա խաղացել է հեռուստատեսությունում և կինոյում։ 1962-1965 թվականներին պարբերաբար նկարահանվել է «Ատրճանակի ծուխ» հեռուստասերիալում։ 1966 թվականին նկարահանվել է «Բազե», իսկ 1970-1971 թվականներին՝ «Դան Օգոստոս» ոստիկանական հեռուստաշոուներում։ 1961 թվականին նա նկարահանվել է «Երկաթապատ», իսկ 1965 թվականին՝ «Կենտրոնական հետախուզական վարչության օպերացիա» ֆիլմերում։ 1966 թվականին խաղացել է «Նավախո Ջո», իսկ 1969 թվականին՝ «Սեմ Վիսկի», «100 հրացան», «Մարդակերը» ֆիլմերում։

1970 թվականին խաղացել է «Խարդախություն» ֆիլմում։ Իր գործունեության տարբեր ժամանակահատվածներում նա նույն հեշտությամբ խաղացել է ինքնահավան և խելացի տղամարդկանց դերեր։ Նրա արտաքինը՝ մուգ մազերն ու մաշկը, ամուր սեղմված շուրթերը և գործելաոճը նրան շատ հաճախ թույլ են տվել խաղալ հնդկացիների և կիսատոհմիկների դերեր։

Այնուամենայնիվ, արդեն 1980-ականների կեսերին նա դադարել է համարվել բարձրագույն կարգի (անգլ.՝ A-list) դերասան, մասամբ այն պատճառով, որ նրա մասնակցությամբ ֆիլմերի զգալի մասը ցածրակարգ կատակերգություններ են եղել «հիմարն ու ավելի հիմարը» ժանրում։

1972 թվականին նա որոշել է ակտիվացնել իր գործունեությունը և մերկ լուսանկարվել է Cosmopolitan ամսագրի համար, որն այն ժամանակ՝ բուրժուական ֆեմինիզմի դարաշրջանում համարվել է լավ մարզական ոգու ցուցանիշ։ Նրա բնական, թեթև հմայքը և ինքնատիպ հումորը նրան դարձրել են հաճախակի հյուր հեռուստատեսային թոք-շոուներում։ 1972 թվականին նա նկարահանվել է կատակերգական տարրերով դերերում՝ «Աղվամազիկ» և «Այն ամենը, ինչ դուք միշտ ուզել եք իմանալ սեքսի մասին, բայց վախեցել եք հարցնել» ֆիլմերում։ Բայց նրան իսկական գերաստղ է դարձրել նույն թվականին նկարահանված «Ազատում» ֆիլմը, որտեղ նա կատարել է դժվարին դեր՝ մարմնավորելով իրեն ու իր ընկերներին պաշտպանող մարդու մի կերպար։ Այդ դերով նա դարձել է ամենաբարձր եկամուտ ունեցող կինոդերասաններից մեկը։

1973-1983 թվականներին նա մարտահրավեր է նետել Ռոբերտ Ռեդֆորդին՝ «Ամերիկայի ամենահայտնի դերասան» կոչման համար։ Նրա մասնակցությամբ ցանկացած ֆիլմի տոմսարկղային հաջողությունը երաշխավորված է եղել։ Մամուլը քննարկել է նրա հարաբերությունները երգչուհի Թեմմի Վինեթի, դերասանուհի Սալլի Ֆիլդի և թենիսիստուհի Քրիս Էվերտի հետ։

1973 թվականին նկարահանված «Սպիտակ կայծակ» մարտաֆիլմում եղել են մեքենաների մրցարշավներ, ապշեցուցիչ գեղեցկուհիներ, շատ գործողություններ և սակավ մտքեր։ Նա այստեղ խաղացել է կոպիտ տղայի կերպար, որի հետ «գործ ունենալը» վտանգավոր էր։ «Ոստիկանն ու ավազակը» և «Թնդանոթի վազք» ֆիլմերը նրան էլ ավելի ցանկալի են դարձրել «աստղային» շուկայում։

1973 թվականին նա նկարահանվել է «Շեյմասը» և «Մարդը, որը սիրում էր պարող կատուներին» ֆիլմերում, որոնք նրան նույնպես հաջողություն են բերել։ 1974 թվականին նա նկարահանվել է ֆուտբոլի մասին բանտային «Ամենաերկար բակը» դրամայում։ 1975 թվականին՝ «Վերջին երկար սեր» մյուզիքլում ձախողվելուց հետո, նա նկարահանվել է «Հաջողակ լեդի» կատակերգությունում, իսկ 1976 թվականին՝ համր դարաշրջանի մասին «Անուրջներ վաճառողները» սագայում։

1970-ական թվականների վերջին սկսվել է Ռեյնոլդսի ամենահաջող շրջանը։ Այդ ընթացքում նա նկարահանվել է մի շարք զվարճալի և քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած ֆիլմերում։

Այդ ֆիլմերից են 1977 թվականին նկարահանված «Կիսախուլիգանը»՝ ֆուտբոլային աստղի մասին, 1978 թվականին նկարահանված «Վերջը» բուռն, սև կատակերգությունը, որի ռեժիսորներից մեկը հենց ինքն է եղել։ 1978 և 1979 թվականներին նկարահանվել է համապատասխանաբար «Հուպեր» և «Սկսիր նորի՛ց» ֆիլմերում, որոնցից առաջինը զվարճալի կատակերգություն է եղել կասկադյորի մասին, իսկ երկրորդը՝ ամուսնալուծված տղամարդու, որը փորձում է ոտքի կանգնել։

Այն ժամանակ տրված հարցազրույցներում նա խոսել է իր խաղային ծրագրի մասին, ասելով, որ պլանավորում է սկսել նորից՝ թեթև, զվարճալի կատակերգություններով, սակայն հաջողակ շրջանը ավարտվել է, ֆիլմերի որակն՝ ընկել, իսկ տոմսարկղերում նրա մասնակցությամբ տոմսերը հերթերը՝ անհետացել։

Անհաջող բեմադրությունների, ռեժիսորների փոփոխության, հաճախակի վերանկարահանումների և այլ պատճառներով հաջողություն չեն ունեցել «Կոպիտ կտրվածք» (1980), «Հայրություն» (1981), «Շարքիի մեքենան» (1981) ֆիլմերը (վերջին ֆիլմում նա նաև ռեժիսոր է եղել)։ Անհաջող են ստացվել նաև 1982 թվականին նկարահանված «Լավագույն ընկերներ», «Ամենագեղեցիկ պոռնիկը Տեխասում» և 1983 թվականին նկարահանված «Մարդը, որը սիրում էր կանանց» ֆիլմերը։

Այդ շրջանում նա այնքան թույլ տեսք է ունեցել, որ սկսել են լուրեր տարածվել, թե նա ՁԻԱՀ-ով հիվանդ է։ Այնուհետև պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, բայց նա միայնակ պայքարել է ծանր հիվանդության դեմ, որը թույլ չի տվել նրան հայտնվել հասարակության մեջ ավելի քան մեկ տարի։ Նրա վերադարձի ֆիլմերը, ինչպիսիք են՝ «Մալոնե» (1987) և «Վարձված ոստիկան» (1988), հաջողություն չեն ունեցել։ 1988 թվականին նա ունեցել է իր լավագույն կատարումը՝ «Փոխելով ալիքները» ֆիլմում՝ Քերի Գրանտի դերում, բայց այն հաջողություն չի ունեցել տոմսարկղում։

1989 թվականին Ռեյնոլդսը խաղացել է իր առաջին գլխավոր դերը՝ որպես սեյֆերի ծեր կողոպտիչ՝ Բիլ Ֆորսայթի «Սեյֆ կոտրող-կողոպտողները» ֆիլմում, որտեղ նրա կատարումը հիասքանչ է եղել։ Նույն թվականին նա հնչյունավորել է գլխավոր դերը «Բոլոր շները գնում են դրախտ» մուլտիպլիկացիոն ֆիլմում այն ժամանակվա իր կնոջ՝ Լոնի Անդերսոնի հետ։ Լոնին հնչյունավորել է կանացի գլխավոր դերը։ Այս ամբողջ ժամանակահատվածում Ռեյնոլդսի աստղային կարգավիճակը մնացել է անփոփոխ։ Պարզապես թվում էր, թե նա ոչ մի կերպ չէր կարող հայտնվել բլոկբաստերում։

Անցնելով հիսուն տարեկանի շեմը՝ Ռեյնոլդսը սկսել է աշխատել բացառապես հեռուստատեսության համար։

1988-1990 թվականներին նա նկարահանվել է «Բ․Լ․ Սթրայքեր» կարճ հեռուստասերիալում, այնուհետև՝ 1990-1994 թվականներին նկարահանվել է շատ հայտնի «Երեկոյան ստվերներ» հեռուստասերիալում և արժանացել է Էմմի մրցանակի։

1990-ական թվականներին նա անսպասելիորեն վերադարձել է հոլիվուդյան Օլիմպոս՝ 1993 թվականին նկարահանվելով «Ոստիկան ու կես» աստղային հիթում։ 1995 թվականին նա հաջողությամբ խաղացել է «Խելագարություն» թրիլլերում, իսկ 1996 թվականին նա հիանալի կերպով կատարել է իր դերը «Ծանոթացե՛ք Ուոլլի Սփարքսի հետ» ֆիլմում։

1997 թվականին «Գիշերներ բուգի ոճով» դրամայի համար արժանացել է Օսկար մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։

1978 թվականից Ռեյնոլդսը թատրոն է ղեկավարել Ֆլորիդայում՝ Ջուպիտեր շրջանում՝ հաճախակի հանդես գալով որպես ռեժիսոր և դերասան։

Նա սիրային հարաբերություններ է ունեցել դերասանուհի Սալլի Ֆիլդի հետ։ 1963-1965 թվականներին ամուսնացած է եղել Ջուդի Կարնի, իսկ 1988-1993 թվականներին՝ Լոնի Անդերսոնի հետ։ Նա սեփական երեխաներ չի ունեցել, սակայն Անդերսոնի հետ ամուսնության ընթացքում նրանք որդեգրել են մի տղայի՝ Քուինթոն անունով։

1996 թվականին դերասանը պաշտոնապես սնանկ է ճանաչվել։

2005 թվականին նա նկարահանվել է «Ամենաերկար բակի» ռիմեյքում, որտեղ խաղացել է նախկին ֆուտբոլիստ Նեյթ Սկարբորոյի երկրորդական դերը։

Ռեյնոլդսը մահացել է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին։ Ըստ TMZ թերթի՝ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1962 ս Փերրի Մեյսոն Perry Mason Չակ Բլեր
1962-1965 ս Ատրճանակի ծուխ Gunsmoke Քուինթ
1965 ֆ Կենտրոնական հետախուզական վարչության օպերացիա Operation C.I.A. Մարկ Էնդրյուս
1969 ֆ 100 հրացան 100 Rifles Յակի Ջո
1969 ֆ Մարդակերը Shark! Քեյն
1972 ֆ Անշնորհքներ Fuzz Սթիվ Քարելլի դետեկտիվը
1972 ֆ Ազատում Deliverance Լյուիս
1972 ֆ Այն ամենը, ինչ դուք միշտ ուզել եք իմանալ սեքսի մասին, բայց վախեցել եք հարցնել Everything You Always Wanted to Know About Sex * (* But Were Afraid to Ask)
1973 ֆ Շեյմաս Shamus Շեյմաս Մաքքոյ
1974 ֆ Ամենաերկար բակը The Longest Yard Պոլ Քրու
1975 ֆ Կեղտոտ գործ Hustle լեյտենանտ Ֆիլ Գեյնս
1976 ֆ Գեյթոր Gator Գեյթոր Մաքքլասքի
1976 ֆ Անուրջներ վաճառողները Nickelodeon Բաք Գրինուեյ
1977 ֆ Ոստիկանն ու ավազակը Smokey and the Bandit Բո Դերվիլ
1977 ֆ Կիսախուլիգան Semi-Tough Բիլլի Քլայդ Փակեթ
1978 ֆ Վերջ The End Ուենդել Սաննի Լուսոն
1978 ֆ Հուպեր Hooper Սաննի Հուպեր
1979 ֆ Սկսել նորից Starting Over Ֆիլ Փոթթեր
1980 ֆ Կոպիտ կտրվածք Rough Cut Ջեք Ռոդս
1980 ֆ Ոստիկանն ու խուլիգանը 2 Smokey and the Bandit II Բո Դերվիլ
1981 ֆ Թնդանոթի վազք The Cannonball Run Ջեյ Մաքլուր
1981 ֆ Շարքիի մեքենան Sharky’s Machine Թոմ Շարկի
1982 ֆ Լավագույն հասարակաց տունը Տեքսասում The Best Little Whorehouse in Texas շերիֆ Էդ Էրլ Դոդդ
1982 ֆ Լավագույն ընկերներ Best Friends Ռիչարդ Բեբսոն
1983 ֆ Ոստիկանն ու ավազակը 3 Smokey and the Bandit Part 3 Բո Դերվիլ
1983 ֆ Տղամարդը, որը սիրում էր կանանց The Man Who Loved Women Դեյվիդ Ֆաուլեր
1984 ֆ Թնդանոթի վազք 2 The Cannonball Run 2 Ջեյ Մաքլուր
1984 ֆ Իրարանցում քաղաքում City Heat Մայք Մերֆի
1986 ֆ Բարկություն Heat Նիք Էսկալանտե
1987 ֆ Մելոուն Malone Ռիչարդ Մելոուն
1987 ֆ Վարձված ոստիկան Rent-a-Cop Թոնի Չերչ
1988 ֆ Փոխելով ալիքները Switching Channels Ջոն Սալլի Սալլիվան
1989 ֆ Ֆիզիկական ապացույց Physical Evidence Ջո Փարիս
1989 ֆ Արջորսեր Breaking In Էրնի Մալլինս
1989 ֆ Բոլոր շները գնում են դրախտ All Dogs Go To Heaven Չարլի Բի Բարքին / հնչյունավորում
1993 ֆ Ոստիկան ու կես Cop & 1/2 Նիք Մաքքեննա
1993 ֆ Տղամարդը՝ձախ դաշտից The Man from Left Field Ջեք Ռոբինսոն
1995 ֆ Խելագարություն The Maddening Ռոյ Սքադդեր
1996 ֆ Ստրիպտիզ Striptease կոնգրեսմեն Դեյվիդ Դիլլբեկ
1996 ֆ Խելագարված շների ժամանակը Mad Dog Time Ջեքի Ջեքսոն
1997 ֆ Ծանոթացե՛ք Ուոլլի Սփարքսի հետ Meet Wally Sparks Լեննի Սպենսեր
1997 ֆ Բուգի ոճով գիշերներ Boogie Nights Ջեք Հորներ
1999 ֆ Այլասկայի գաղտնիքը Mystery, Alaska դատավոր Ուոլթեր Բերնս
2000 ֆ Անձնակազմը The Crew Ջոի Փիսթելլա
2001 ֆ Մրցարշավորդը Driven Կարլ Հենրի
2001 ֆ Գայթակղվածը Tempted Չարլի Լեբլան
2002 ս Գաղտնի նյութեր The X-Files պարոն Բերտ
2002 ֆ Գայլի ժամանակը Time of the Wolf Արչի Մաքգրեգոր
2003 ֆ Ամուր հատակ Hard Ground Ջոն Չիլլ Մաքքեյ
2004 ֆ Առանց թիանիվի Without a Paddle Դել Նոքս
2005 ֆ Ամեն ինչ կամ ոչինչ The Longest Yard մարզիչ Նեյթ Սքարբորո
2005 ֆ Հազարդի դքսերը The Dukes of Hazzard Ջեֆֆերսոն Դեյվիս Հոգգ
2006 ֆ Իններորդ երկինք Cloud 9 Բիլլի Քոուլ
2007 ֆ Թագավորի անունով։ Ներքնատան պաշարման պատմություն In the Name of the King: A Dungeon Siege Tale թագավոր Քոնրեյդ
2008 ֆ Խաղացողները Deal Թոմմի Վինսոն
2011 ֆ Տան ճանապարհին Reel Love Ուեյդ Ուիթման
2012 ս Հատուկ ագենտ Արչեր Archer իր դերում
2017 ֆ Վերջին կինոաստղը The Last Movie Star Վիք Էդվարդս
  • 1996 թվականին Բերթ Ռեյնոլդսը ստացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակ՝ որպես վատագույն դերասանական դուետի անդամ (Դեմի Մուրի հետ) «Սթրիպտիզ» ֆիլմում և առաջադրվել է նույն ֆիլմում երկրորդ պլանի վատագույն դերասանի անվանակարգին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.usmagazine.com/celebrity-news/news/burt-reynolds-dead-actor-dies-at-82/ — 2018.
  5. «Burton Reynolds, Father Of Actor — Sun Sentinel». articles.sun-sentinel.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  6. «Q. What is Burt Reynolds' middle name? His first movie?A… — Orlando Sentinel». articles.orlandosentinel.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  7. «Birthname». Hollywood.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]