Բարոկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբենս, Մոգերի երկրպագությունը, 1624
Բերնինի, Սուրբ Թերեզայի հափշտակությունը, 1652

Բարոկկո (ենթադրաբար պորտ.՝ perola barroca, արտասովոր ձևի մարգարտահատիկ, կամ լատին․՝ baroco, սխոլաստիկ տրամաբանության սիլլոգիզմներից մեկի մնեմոնիկ անվանումը), 16-րդ դարի վերջի և 18-րդ դարի կեսի եվրոպական արվեստում իշխող ոճ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակառեֆորմացիան է, որ լայնորեն կիրառել է բարոկկոն տաճարային շինարվեստում (ճիզվիտների կառույցները, Լատինական Ամերիկայի «ուլտրաբարոկկո» ճարտարապետություն)։ Սակայն տարածվել է ոչ միայն կաթոլիկական, այլև բողոքական, հետագայում՝ ուղղափառ եկեղեցու երկրներում։ Պալատական և եկեղեցական բարոկկոյի կողքին զարգացել են հակաֆեոդալական բողոքի, ինչպես և Հաբսբուրգների ու օսմանյան լծի դեմ սլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հետ կապված «ստորին բարոկկոյի» ձևերը։ Բարոկկոյին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման հակասությունը, զգայական և մտավոր լարվածությունը, ասկետության կոչերը միահյուսված են գեդոնիզմին, նրբությունը՝ կոպտությանը, վերացական սիմվոլիկան՝ մանրամասների նատուրալիստական մեկնաբանությանը։ Բարոկկոն դինամիկ, աֆեկտացիայի հակամետ ոճ էր, որին հատուկ էին թատերայնությունը, պատրանքայինը։ Բարոկկոն յուրացրել և մշակել է գեղարվեստական տարբեր ավանդույթներ՝ դրանք մտցնելով ազգային ոճերի զարգացման մեջ։ Բարոկկոյին բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը (օպերա), պոեզիայի ընկալումը որպես խոսող գեղանկարչություն, իսկ գեղանկարչությունը որպես համր պոեզիա, էմբլեմներով և այլաբանությամբ հրապուրվելը։ Բարոկկոն հենվել է սխոլաստիկ տրամաբանության և ճարտասանության վրա, կիրառել է բարդ փոխաբերություններ և նմանեցումներ, ժառանգել է միջնադարի և Վերածննդի առավել արտահայտիչ գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել քրիստոնեականին։ Նկատելի է բարոկկոյի յուրացումն ու կիրառումը ռոմանտիզմի և նորագույն մոդեռնիստական հոսանքների կողմից։

Ճարտարապետության մեջ, կերպարվեստում և դեկորատիվ արվեստում 16-րդ դարի կեսից մինչև 18-րդ դարի կեսը բարոկկոն եղել է հիմնական ոճական ուղղություններից մեկը։ Սերտորեն կապված լինելով միապետությանը, արիստոկրատիային և եկեղեցուն՝ բարոկկոյի արվեստը կոչված էր փառաբանելու, պրոպագանդելու նրանց հզորությունը։ Միաժամանակ արտացոլել է աշխարհի անսահմանության, բազմազանության, միասնականության, դրամատիկ բարդության և հավերժ փոփոխելիության նոր պատկերացումները, հետաքրքրությունը միջավայրի, մարդու շրջապատի և բնության տարերքի նկատմամբ։ Բարոկկոն հաջորդել է ինչպես Վերածննդի գեղարվեստական մշակույթին, այնպես էլ մաներիզմի սուբյեկտիվիստական արվեստին։ Բարոկկոյի արվեստին բնորոշ են վիթխարիությունը, ճոխությունն ու դինամիկան, պաթետիկ ոգևորությունը, զգացմունքի լարվածությունը, էֆեկտիվ տեսարանների, պատրանքայինի և իրականի համատեղման հակումը, մասշտաբների ու ռիթմերի, նյութերի ու ֆակտուրաների, լույսի և ստվերի ուժեղ կոնտրաստների հակումը։

Ռուսաստանում բարոկկոյի արվեստը զարգացել է 18-րդ դարի առաջին կեսին և արտացոլել է ազնվականական բացարձակ միապետության աճն ու ամրապնդումը (Պետերբուրգի, Պետերգոֆի, Ցարսկոյե Սելոյի և այլն համալիրները)։

18-րդ դարի առաջին կեսին բարոկկոն վերաճել է ռոկոկո ոճին, գոյակցել և միահյուսվել է նրան, իսկ 1760-ական թվականներին դուրս է մղվել կլասիցիզմի կողմից։

Տրևի շատրվանը Հռոմում

Բարոկկոյի գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարոկկո տերմինը գրականության մեջ կիրառվել է 19-րդ դարի կեսից։ 20-րդ դարի 20-ական թվականները ունեցել է մի շարք սուբյեկտիվիստական մեկնաբանություններ, որոնք սակայն չեն համապատասխանում տերմինի ողջ տարողունակությանը, լայն առումով բարոկկոն դիտվում է որպես եվրոպական գրականության զարգացման պատմականորեն օրինաչափ ընդհանուր ոճ։ Գրական բարոկկոյին բնորոշ են հռետորականությունը և անսպասելի, երևակայությունը ցնցող «հեռավոր» գաղափարների, կերպարների ու պատկերացումների համադրություն պահանջող, «սրամտության սկզբունքի» վրա հենվող բարդ փոխաբերականությունը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտասահմանյան երաժշտագիտության մեջ «Բարոկկո» տերմինը կիրառվում է 20-րդ դարի սկզբից։ Երաժշտական բարոկկոյի դարաշրջան է համարվում նույն 16-րդ դարի վերջից 18-րդ դարի կեսը, երբ Եվրոպայի տարբեր երկրների երաժշտական մշակույթում երևան են եկել կոմպոզիցիոն տեխնիկայի մի շարք ընդհանուր հատկանիշներ՝ հիմնված մաժորա-մինոր համակարգի և ֆունկցիոնալ հարմոնիայի ձևավորման վրա (ակորդների և նրանց ֆունկցիոնալ հարաբերակցության գիտակցում, գեներալ-բասի հաստատում, տակտաբաժանման կիրառում ևն) ու երաժշտական-գործիքային նոր ժանրեր (պարտիա, սոնատ, ռիչերկար, ֆուգա և հատկապես, կոնցերտ)։ Իրականում այդ ժամանակաշրջանը ընդգրկել է միմյանցից տարբեր, երբեմն միմյանց հակասող երևույթներ՝ 16–17-րդ դարերի սահմանագլխի մադրիգալիստների երկերից մինչև Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի և Յոհան Սեբաստիան Բախի որևէ մեկ ոճի շրջանակում չպարփակվող ստեղծագործությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вельфлин Г., Ренессанс и барокко, пер. с нем., СПБ, 1918
  • Его же, Основные понятия истории искусства, пер. с нем., М., 1930
  • Всеобщая история искусств, т 4, М., 1963
  • Ренессанс. Барокко. Классицизм, М., 1966
  • Wi n d f ս h г М., Die Barocfce Bildlichfceit und ihre Kritiker, Stuttg.? 1966
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարոկկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 332