Անտառային մանկապարտեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային մանկապարտեզ Դյուսելդորֆում

Անտառային մանկապարտեզ (անգլ.՝ Forest kindergarten, գերմ.՝ Waldkindergarten, 3-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ֆորմատ, որի ժամանակ երեխաները ժամանակի մեծ մասն անցկացնում են մաքուր օդում։ Ինչպիսին էլ եղանակը լինի, երեխաներն ու դաստիարակները խաղում են, ուսումնասիրում շրջակա աշխարհը և հետազոտում անտառն ու բնական այլ լանդշաֆտներ։ Դաստիարակները հանդես են գալիս որպես ոչ թե խմբերի ղեկավարներ, այլ օգնականներ։ Մյուս անվանումներն են՝ Մանկապարտեզ մաքուր օդում, Մանկապարտեզ բնության մեջ։

Պարապմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաշեն ճոճանակներ մաքուր օդում (Արևային մանկապարտեզ, Ղրիմ

Անտառային մանկապարտեզը մանկապարտեզ է առանց պատերի ու տանիքի։ Դաստիարակներն ու երեխաները գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում են մաքուր օդում՝ սովորաբար անտառում։ Անտառային մանկապարտեզների առանձնահատկությունն այն է, որ խաղերն ու զվարճանքները կազմակերպվում են բնական օբյեկտների շուրջ (ծառեր, լեռներ, լճակներ)։ Երեխաները խաղում են եղևնու կոներով, ձողերով, թռչնի փետուրներով, ջրով, կավով և ոչ թե գործարանային արտադրության խաղալիքներով։ Չնայած այդ տարբերություններին՝ անտառային մանկապարտեզները լուծում են այն նույն խնդիրները, ինչ-որ նախադպրոցական մյուս հաստատությունները, այսինքն՝ հոգ են տանում երեխաների մասին, կրթում են ու խթանում զարգացումը։ Անտառային մանկապարտեզներն իրարից տարբերվում են, քանի որ հիմնականում կազմակերպվում են անկախ համայնքների կողմից և առանձնանում են նախադպրոցական կրթության պաշտոնական համակարգից։

Անտառային մանկապարտեզների պարապմունքներն ու նպատակները[1].

Պարապմունքներ Երեխաների զարգացման համար ունեցած օգտակարություն
Երևակայության և շրջակա միջավայրի ռեսուրսների ակտիվ օգտագործմամբ խաղեր Երեխաներին օգնում է ուսումնասիրել իրենց սեփական մտքերն ու գաղափարները՝ առանց խաղալիքն ստեղծողի ուղղորդման։
Դերային խաղեր Զարգացնում է երևակայությունը, թատերական հմտությունները, թիմային աշխատանքը, օգնում է իր վրա փորձարկելու վարքի տարբեր մոդելներ։
Մյուս երեխաների ու մեծահասակների օգնությամբ ճյուղերից ապաստանների և այլ կառույցների պատրաստում Պահանջվում է նպատակների որոշման, պլանավորման, նախագծման, համագործակցելու կարողություններ, հաստատակամություն։
Օբյեկտների հաշվում և մաթեմատիկական նմուշների որոնում Մաթեմատիկական հմտությունների և տեսողական մտածողության զարգացում։
Հիշողությունը զարգացնող խաղեր բնական օբյեկտներով Զարգացում են հիշողությունն ու բառապաշարը։
Պատմությունների պատմում, երգերի, բանաստեղծությունների ուսուցում Զարգանում են թատերական հմտությունները, ուշադրությունը և կենտրոնացումը։
Փոքր օբյեկտներից մեծ նկարի հավաքում, խաղալիքների պատրաստում Ձեռքի աշխատանքների և ստեղծագործելու կարողությունների զարգացում։
Նկարել մանկապարտեզի կյանքից Ձեռքի աշխատանքների, ստեղծագործելու, մանրամասներին ուշադրություն դարձնելու և դրանք վերարտադրելու կարողությունների զարգացում։
Ծառերի վրա մագլցում և անտառի ուսումնասիրում Մեծացնում է ուժը, զարգացնում շարժունությունը և հավասարակշռությունը (հավասարակշռության զգացում)։
Պահմտոցի և թիմային այլ խաղեր Զարգացնում է հնարամտությունը, խրախուսում այլ մարդկանց մտքերի ու գործողությունների ճշգրիտ կանխատեսումները։
Զբոսանքներ անտառում և արշավներ Բարձրացնում է ուժը և տոկունությունը, ձևավորում արշավի կազմակերպման հմտություններ, զարգացնում պլանավորման և հաղորդակցման հմտությունները։
Առանձնացում բնության մեջ Զարգացնում է գիտակցությունն ու բնավորությունը։
Հանգիստ Օգնում է տպավորություններն ի մի բերել և նախապատրաստվել հետագա գործունեության համար։

Տարածք և կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային մանկապարտեզ խնձորենու լքված այգում

Անտառային մանկապարտեզներն առավել հաճախ հանդիպում են անտառների անմիջական հարևանությամբ, սակայն բնական մյուս տարածքները, օրինակ՝ մարգագետինը կամ լողափը, նույնպես շատ հարմար են։ Մանկապարտեզի տարածքում պետք է լինի մի կառույց, որտեղ երեխաները կարող են պատսպարվել եղանակային ծայրահեղ պայմանների դեպքում։ Որոշ մանկապարտեզներում խումբը հիմնականում կազմակերպչական նպատակներով օրվա մի փոքր մասն անցկացնում է շենքում (օրվա սկզբում երեխաներին հավաքելիս և օրվա վերջում)։

Մանկապարտեզի տարածքը, որպես կանոն, ցանկապատված չէ և կարող է պայմանական լինել։ Որպես «խարիսխ» կարող են ծառայել կանգառները և հարթ տեղերը, որոնց համար դաստիարակներն ու երեխաներն անուններ են մտածում՝ «Ողջույնի անտառ», «Գիհու բլուր», «Սալամանդրի անտառ», «Շոկոլադե բլուր», «Անանուխի բացատ», «Կանգառ ուռենու տակ» և այլն։ Տարածքում կարող են տեղադրվել ինքնաշեն ճոճանակներ, կրակարան, ձեռքի տակ եղած նյութերով պատրաստված հասարակ կահույք (սեղաններ, աթոռներ

Երեխաները պետք է հագնված լինեն եղանակին համապատասխան, հաճախ անհրաժեշտ են լինում անջրանցիկ հագուստներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղերում և փոքր քաղաքներում բնության հետ կապը վաղուց է եղել։ Վերջին 100 տարվա ընթացքում համընդհանուր ուրբանիզացման և բնությունից օտարացման ֆոնին ավելի հաճախ են փորձեր արվում ուսումնական գործընթացի միջոցով երեխաների ու բնության կապը վերականգնելու ուղղությամբ։ 1914 թվականին սոցիալիստ Ռեյչելը և Մարգարետ ՄակՄիլլան հիմնեցին «մանկամսուրներ մաքուր օդում»[2], բայց, ցավոք, այդ պատմության այլ մանրամասները մեզ չեն հասել, բացի այն, որ դրա միջոցով բարելավվում էր երեխաների առողջությունը։

Մուլ՝ շվեդական «Անձրևի և Արևի դպրոցի» (I Ur och Skur) գլխավոր կերպարը

1957 թվականին Շվեդիայի նախկին զինվորական Գ. Ֆրոմը հիմնեց «Սկոգսմուլ» (շվեդերեն «skog»՝ անտառ բառից), որպեսզի երեխաներին ծանոթացնի բնությանը։ Մուլը (Mulle) Ֆրոմի ստեղծած 4 կերպարներից մեկի անունն էր։ Մյուս կերպարներն էին Լաքսեն (Laxe)՝ ջրային կերպարը, Ֆյալֆինան (Fjällfina)՝ լեռնային կերպարը, Նովան (Nova)՝ մաքուր, մարդու կողմից ձեռք չտրված բնության մարմնացումը։ 1985 թվականին Ս. Լինդի հիմնած անտառային դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք հիմնված էին Ֆրոմի գաղափարների վրա, ստացան «Անձրևի և Արևի դպրոց» (I Ur och Skur) անվանումը և պատահական միջոցառումները փոխարինվեցին կանոնավոր մանկապարտեզներով։ Ջ. Ռոբերտսոնն իր էսսեում մանրամասն նկարագրել է Սկոգսմուլի ներկա վիճակը[3][4]։

50-ական թվականներին Էլլա Լատոն անտառային մանկապարտեզ բացեց Դանիայում։ Գաղափարն աստիճանաբար ծագել էր մոտակա անտառում իր ու հարևանների երեխաների հետ հաճախակի կազմակերպվող զբոսանքների և խաղերի ընթացքում, ինչը՝ որպես ցերեկային ժամերին երեխաներին զբաղեցնելու միջոց, մեծ ժողովրդականություն էր գտել տեղի ծնողների շրջանում։ Ծնողները ձևավորեցին խմբեր՝ նախաձեռնելով դանիական առաջին անտառային մանկապարտեզի ստեղծումը։

Գերմանիայում անտառային մանկապարտեզներ (գերմ.՝ Waldkindergarten) գոյություն են ունեցել 1968 թվականից, բայց միայն 1993 թվականին են պաշտոնապես ճանաչվել որպես նախադպրոցական կրթության ձև։ Դա թույլ տվեց պետությունից ստանալ դրամական օգնություն և նվազեցնել ուսման վարձը։ Այդ ժամանակից ի վեր Գերմանիայում անտառային մանկապարտեզներն ավելի մեծ ճանաչում են ձեռք բերել։ 2005 թվականին դրանց մոտավոր թիվը 450 էր, որոնցից մի քանիսն ավանդական մոտեցումը համատեղում էին առավոտյան անտառում կատարվող զբոսանքի հետ։ 2012 թվականի վերջին անտառային մանկապարտեզների թիվը հասավ հազարի[5]։

ԱՄՆ-ում անտառային առաջին մանկապարտեզը բացվել է 1996 թվականին։ «Մեղմ արահետ» (Tender Tracks) մանկապարտեզը Կալիֆորնիայի ծոցում հիմնվել է Վենդոլին Բյորդի կողմից և գործում է մինչ օրս։

2005 թվականին շվեդական ծագմամբ դաստիարակ Հելենա Նիլսոկը Մեծ Բրիտանիայում հիմնեց «Դաշտային ծաղիկներ» (Wildflowers Kindergarten) մանկապարտեզը, որտեղ նախադպրոցականներն առավոտներն անցկացնում էին բնության մեջ։

2008 թվականին Քեթի Բախը պետական ֆինանսավորմամբ և մասնավոր հովանավորների աջակցությամբ Շոտլանդիայում բացեց «Գաղտնի այգի» (Secret Garden) մսուր-մանկապարտեզը[6][7]։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն փաստը, որ անտառային մանկապարտեզների մեծ մասը չի օգտագործում գործարանային արտադրության խաղալիքներ, որոնց իմաստն ու նշանակությունը կանխորոշված են և չեն պահանջում երևակայություն, նպաստում է լեզվական հմտությունների զարգացմանը, քանի որ երեխաները բարձրաձայն անվանում են բնական օբյեկտների պատկերները, որոնք օգտագործում են խաղի ժամանակ։ Անտառային մանկապարտեզները, որպես կանոն, ավելի անաղմուկ են, քան փակ շենքերի մանկապարտեզները, իսկ աղմուկը երեխաների ու դաստիարակների մոտ սթրեսի առկայությունը վկայող գործոն է։

Դաստիարակների կարծիքով բնական օբյեկտների նույնիսկ զուտ ներկայությունը բարելավում է քաղաքաբնակ աղջիկների կարգապահությունը[8]։

Մաքուր օդում անցկացվող երկարատև խաղերը դրական են ազդում երեխայի զարգացման վրա, հատկապես շարժունության և հավասարակշռության զգացման վրա, ինչպես նաև արագաշարժության, ձեռքի մոտորիկայի, համակարգման, շոշափելիքի, ըմբռնման վրա[9][10]։ Այդ ուսումնասիրությունների համաձայն՝ անտառային մանկապարտեզների երեխաները դժբախտ պատահարների ժամանակ ավելի քիչ վնասվածքներ են ստանում, և ընկնելիս վիրավորվելու հավանականությունն ավելի քիչ է։ Երեխաների մեջ զարգանում է ռիսկերն ինքնուրույն գնահատելու կարողությունը[11], օրինակ՝ կրակի և վտանգավոր գործիքների հետ գործ ունենալիս։ Այլ ուսումնասիրություններ էլ ցույց են տալիս, որ բնության մեջ անցկացրած ժամանակը կանանց մոտ բարելավում է ուշադրությունն ու բժշկական կանխատեսումը[12]։ Համարվում է, որ զբոսանքները բարձրացնում են երեխաների ու դաստիարակների իմունիտետը։

Ռոլանդ Գորջեսը նկատել է, որ անտառային մանկապարտեզ հաճախած երեխաները, սովորական մանկապարտեզ հաճախած երեխաների հետ համեմատած, բոլոր ոլորտներում (որոնք ուսումնասիրվել են) ունեն միջինից բարձր ընդունակություններ։ Ստորև տրվում է այդ բնագավառների ցանկը՝ առավել արտահայտվածներից մինչև ավելի քիչ արտահայտվածները.

Գիտելիքներ և կարողություններ կոնկրետ առարկաներից
Ընթերցանություն
Մաթեմատիկա
Սեփական ուսումնական գործընթացին կառուցողական մասնակցություն
Հարցեր տալու կարողություն և ճանաչողական հետաքրքրություն
Մոտիվացիա
Սպորտ
Երաժշտություն
Արվեստ և գյուտարարություն
Դրական սոցիալական վարք
Կրոնասիրություն
Կենտրոնացում
Գրենական և նկարչական պիտույքներն օգտագործելու կարողություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bache, Cathy (2008), Pre-school curriculum, Secret Garden Outdoor Nursery, Արխիվացված է օրիգինալից 2009-02-19-ին, Վերցված է 2017-10-01-ին
  2. Simkin, John (May 2007), Margaret McMillan, Spartacus Education, Արխիվացված է օրիգինալից 2011-08-29-ին, Վերցված է September 2009-ին
  3. Robertson, Juliet (2008), Swedish Forest Kindergartens, Part 1 (PDF), Creative Star Learning Company, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-03-06-ին, Վերցված է 2017-10-01-ին
  4. Robertson, Juliet (2008), Swedish Forest Kindergartens, Part 2 (PDF), Creative Star Learning Company, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-03-06-ին, Վերցված է 2017-10-01-ին
  5. «Die Entstehungsgeschichte der Waldkindergärten». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. Childcare regulations Արխիվացված 2012-10-07 Wayback Machine of the Scottish Government
  7. Tax Free Childcare Regulations, UK government HMRC
  8. Taylor, A.F; Kuo; Sullivan, W.C (2001), «Views of Nature and Self Discipline: Evidence from Inner City Children» (PDF), Journal of Environmental Psychology, vol. 21, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-11-20-ին, Վերցված է 2017-10-01-ին
  9. Benefits of Nature for Children’s Health (PDF), Children Youth and Environments Center for Research and Design, University of Colorado at Denver and Health Sciences Center, April 2007, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010-07-31-ին, Վերցված է 2017-10-01-ին
  10. Grahn, P; Martensson, F; Lindblad, B; Nilsson, P; Ekman, A (1997), «Ute på dagis», Stad and Land, vol. 145, Håssleholm, Sweden: Nora Skåne Offset
  11. Honoré, Carl (2008), Under Pressure: Rescuing Our Children From The Culture Of Hyper-Parenting, Orion, ISBN 978-0-7528-7531-6
  12. Cimprich B. (2007). Attention Restoration Theory: Empirical Work and Practical Applications

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]