Jump to content

Ալեքսանդր Կայդանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կայդանովսկի
Ծնվել էհուլիսի 23, 1946(1946-07-23)[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էդեկտեմբերի 3, 1995(1995-12-03) (49 տարեկան) կամ դեկտեմբերի 2, 1995(1995-12-02)[1] (49 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1969), Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1984) և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և կրկնօրինակող
ԱշխատավայրՎախթանգովի թատրոն, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, Մալայա Բրոննայայի թատրոն, Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Ամուսին(ներ)Եվգենիա Սիմոնովա և Իննա Պիվարս
Երեխա(ներ)Զոյա Կայդանովսկայա
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Ալեքսանդր Լեոնիդի Կայդանովսկի (ռուս.՝ Алексадр Леонидович Кайдановский, հուլիսի 23, 1946(1946-07-23)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - դեկտեմբերի 3, 1995(1995-12-03) կամ դեկտեմբերի 2, 1995(1995-12-02)[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային, ռուս դերասան, կինոռեժիսոր։ Լավագույն աշխատանքներն են համարվում «Յուրային՝ օտարների մեջ, օտար՝ յուրայինների մեջ», «Թիկնապահը», «Ստալկեր» կինոնկարներում մարմնավորած կերպարները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Կայդանովսկին ծնվել է 1946 թվականի հուլիսի 23-ին, Դոնի Ռոսստովում։ Դպրոցում ութերորդ դասարանն ավարտելուց հետո, հանգամանքների դրդմամբ, ուսումը շարունակել է Դնեպրոպետրովսկի Ե. Օ. Պատոնի անվան տեխնիկումում, որտեղ միջնակարգ կրթության հետ մեկտեղ՝ ստացել է եռակցողի, զոդողի մասնագիտություն։ Բայց նրա կոչումը արվեստն էր, դերասանությունը և, ունկնդրելով իր սրտի ձայնին, ընդունվել է ծննդավայրի թատերական ուսումնարանը, որն ավարտել է 1965 թվականին։

Մասնագիտական բարձրագույն կրթությունն ստացել է Մոսկվայի Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանում, որն ավարտել է 1969 թվականին (ի դեպ, վերջին կուրսում սովորելիս նկարահանվել է «Խորհրդավոր պատը» կինոնկարում) և աշխատանքի անցել ԽՍՀՄ մայրաքաղաքի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում։ Բայց թատերական կոլեկտիվում տիրող նախանձի, չարակամության, անառողջ մրցակցության մթնոլորտը ստիպել է նրան՝ երկու տարի անց հեռանալ։ Այնուհետև մեկ-երկու տարի աշխատել է Ռուսաստանում լավագույնի համբավ վայելող Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, Մալայա Բրոննայայի վրա գտնվող թատրոնում, որից հետո մեկնել է զինվորական ծառայության. ծառայել է «Մոսֆիլմ» կինոստուդիային առընթեր հեծյալ գնդում։

Կայդանովսկին լայն ճանաչման արժանացավ «Յուրային՝ օտարների մեջ, օտար՝ յուրայինների մեջ» կինոնկարում իր հիանալի դերակատարմամբ, որին հաջորդեցին յուրօրինակ արտիստիզմով կատարված, հաջողված շատ դերեր երկու տասյակից ավելի կինոնկարներում, ներառյալ «Ադամանդներ՝ պրոլետարիատի դիկտատուրայի համար» և «Բեթհովենի կյանքը» կինոնկարները։

1984 թվականին նա ավարտել է սցենարիստների ու ռեժիսորների համամիութենական բարձրագույն դասընթացները (սովորել է տաղանդավոր կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու և ճանաչված այլ ռեժիսորների արվեստանոցում)։ Հատկանշական է, որ Ա. Տարկովսկին ցանկացել է Իտալիայում նկարահանվող իր «Կարոտախտ» («Носталгия») կինոնկարի գլխավոր հերոսի դերակատարումը վստահել Ալեքսանդր Կայդանովսկուն, սակայն խորհրդային իշխանությունները ԽՍՀՄ սահմանը հատելու թույլտվություն չեն տվել վերջինիս։ Այդուհանդերձ՝ Կայդանովսկին նկարահանվեց Տարկովսկու մեկ այլ գլուխգործոցի՝ «Ստալկեր» ֆիլմի գլխավոր հերոսի դերում, որը նա կատարեց փայլուն կերպով՝ արժանիորեն վաստակելով նաև միջազգային ճանաչում։

Կայդանովսկին սովորել է ևս մեկ անվանի կինոռեժիսորի՝ Ս. Ա. Սոլովյովի արվեստանոցում, իսկ 1989 թվականից ինքն է անցել դասախոսական աշխատանքի. Բորիս Շչուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է ռեժիսուրա։

1992 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 1994 թվականին նա ընտրվել է Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ։

Ալեքսանդր Կայդանովսկին վախճանվել է քառասունինը տարեկան հասակում՝ 1995 թվականի դեկտեմբերի 3-ին, երրորդ ինֆարկտից։ Թաղվել է Մոսկվայի Կունցևյան գերեզմանատանը։ Նրա կյանքի և ստեղծագործության մասին է պատմում 1998 թվականին կինոռեժիսոր Ե. Վ. Ցիմբալի նկարահանած «Ստալկերի երազները» կինոնկարը։

Հատընտիր ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1967 – Աննա Կարենինա – Ժյուլ Լանդո
  • 1968 – Առաջին սեր
  • 1973 – Ինժեներ Գարինի կործանումը – դոկտոր Վոլֆ
  • 1974 – Յուրային՝ օտարների մեջ, օտար՝ յուրայինների մեջ – ռոտմիտր Լեմկե
  • 1975 - Ադամանդներ պրոլետարիատի դիկտատուրայի համար - Վորոնցով
  • 1975 – Կորած արշավախումբը – Զիմին
  • 1975 – Մոնմարտրի տանիքների ներքո – Ռաուլ
  • 1978 - Բեթհովենի կյանքը - Բեթհովենի քարտուղար Անտոն Շինդլեր
  • 1979 - Թիկնապահը - Միրզո
  • 1979 – Օդաչու Պիրկսի դատաքննությունը – օդաչու-անդրոիդ Յան Նովակ
  • 1979 – Ստալկեր – Ստալկեր
  • 1987 – Տասը նեգրիկներ – Ֆիլիպ Լոմբարդ
  • 1988 – Յանկիի նոր արկածները Արթուր արքայի պալատում – Լանսելոթ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #124428835 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  • Медведев С. Кайдановский. Диагноз — гений // Кто главный. — 2007. — № 10.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Раззаков Ф. Звездные трагедии: загадки, судьбы и гибели. — М.: Эксмо, 2000. — ISBN 5-04-004335-X, ISBN 5-04-004333-3.
  • Александр Кайдановский. В воспоминаниях и фотографиях. — М.: Искусство. — 2002. — ISBN 5-85200-141-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Свой среди чужих». Огонёк. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  • Александр Кайдановский: статьи, фильмография и фотографии(ռուս.)
  • Могила на Кунцевском кладбище, уч.10(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կայդանովսկի» հոդվածին։