11/22/63
11/22/63 անգլ.՝ 11/22/63 | |
---|---|
Առաջին հրատարակության շապիկ | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | time-travel fiction?, այլընտրանքային պատմություն և հակաուտոպիստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 2011 |
Տեսարան | Մեն |
Կերպարներ | Jake Epping? |
Հրատարակչություն | Charles Scribner's Sons |
Հրատարակվել է | նոյեմբերի 8, 2011 |
Նախորդ | Blockade Billy? |
Հաջորդ | Ջոյլենդ |
«11/22/63», Ամերիկացի գրող Սթիվեն Քինգի գիտաֆանտաստիկ վեպը, որը պատմում է ժամանակի մեջ մի ճամփորդողի մասին, ով փորձում է կանխել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը։ Վեպի անոնսը կատարվել է 2011 թվականի մարտի 2-ին հեղինակի պաշտոնական կայքում[1]։ Կարճ հատված է հրապարակվել հունիսի 1-ին[2]։ Վեպը համաշխարհային տպագրության մեջ է հայտնվել 2011 թվականի նոյեմբերի 8-ին[3]։ Բնօրինակ հրատարակության շապիկի վրայի եղած թերթերի վերնագրերը գրվել են հենց իր՝ Քինգի կողմից։
Շատ քննադատների և երկրպագուների կողմից այս վեպը համարվում է Քինգի լավագույնը[4][5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլերենի 35-ամյա ուսուցիչ Ջեյքոբ «Ջեյք» Էփինգը մեծահասակների դասարանում տալիս է շարադրություն «Օր, որը փոխել է իմ կյանքը» վերնագրով։ Աշակերտներից մեկը՝ ծեր, կիսագրագետ և հաշմանդամ հավաքարար Հարրի Դանինգն իր շարադրության մեջ նկարագրում է, թե ինչպես է իր հարբած հայրը Հելոուինի տոնակատարության ժամանակ մուրճով սպանել իր մորը, երկու եղբայրներին և կրտսեր քրոջը, իսկ իրեն ամբողջ կյանքում թողել հաշմանդամ։ Խորապես զգացված Էփինգը Դանինգին դնում է ամենաբարձր գնահատականը և հրավիրում ատեստատի ստանալը նշել իր ծանոթ Էլ Թեմփլթոնի ճաշարանում։
Երկու տարի անց՝ 2011 թվականի հունիսին. Էլ Թեմփլթոնը զանգում է Ջեյքին և խնդրում անհապաղ հանդիպել։ Ճաշարանում Ջեյքին սպասում է անհնարինը։ Դեռ երեկ լիովին առողջ, իսկ այժմ մեռնողի տեսքով Էլ Թեմփլթոնը պատմում է, որ տարածքում առկա է պորտալ, որը հետ է տանում դեպի 1958 թվական։ Ջեյքը հրաժարվում է հավատալ ասվածին, իսկ Էլը ստիպում է կարճատև ճամփորդություն կատարել անցյալում։ 1958 թվականում մեկ ժամ անցկացնելուց հետո Ջեյքը վերադառնում է, որից հետո Էլը հայտնում է նրան օրենքները, որոնց ենթարկվում է պորտալը․
- Պորտալը տանում է միշտ նույն ժամանակ՝ 1958 թվական, սեպտեմբերի 9, 11 ժամ 58 րոպե։
- Անկախ ժամանակից, որքան անցկացվում է անցյալում, ներկայում ճանապարհորդությունը տևում է միայն 2 րոպե։
- Անցյալը կարելի է փոխել, սակայն ամեն նոր ճանպարհորդություն «զրոյացնում է» անցած բոլոր փոփոխությունները։
- Անցյալը դիմակայում է փոփոխություններին։ Որքան մեծ են փոփոխությունները, այդքան ավելի ուժեղ է այն դիմակայում։
Էլ Թեմփլթոնը փորձել է կանխել Ջոն Քենեդու սպանությունը, սակայն չէր կարողացել ապրել մինչև 1963 թվականի նոյեմբեր, քանի որ հիվանդացել էր թոքերի քաղցկեղով։ Անբուժելի հիվանդությամբ նա ստիպված է լինում վերադառնալ 2011 թվական և այժմ խնդրում է Ջեյքին ուղևորվել անցյալ և փրկել Քենեդուն, քանի որ իրեն շատ քիչ է մնացել ապրելու։
Սկզբի համար Ջեյքը որոշում է փրկել Հարրի Դանինգին և նրա ընտանիքին։ Էլից ստանալով կեղծ փաստաթղթեր և 1950-ակաների մեծ քանակությամբ գումար՝ Ջեյքը ուղևորվում է դեպի անցյալ։ Ողբերգությունից մի քանի շաբաթ առաջ նա որոնում է Հարրիի ընտանիքը և հետևում նրանց։ Սպասելով օրվան, երբ պետք է տեղի ունենար սպանությունը, Ջեյքը որոշում է խառնվել և չեզոքացնել Հարրի Դանինգի հորը, սակայն վերջին րոպեին դեմ առ դեմ դուրս է գալիս անցյալի դիմակայությանը։ Կոտորածը հնարավոր է լինում կանխել մասամբ․ վիրավորվում է Հարրիի մայրը և մահանում եղբայրներից մեկը։ Ուրախանալով, որ մնացած երեխաները փրկվել են, Ջեյքը վերադառնում է 2011 թվական և իմանում, որ նրա փորձերն իզուր էին։ Ներկայի այդ տարբերակում Հարրի Դանինգը գնացել էր բանակ և 40 տարի առաջ զոհվել Վիետնամի պատերազմում։
Վերադառնալով Էլ Թեմփլթոնի մոտ՝ Ջեյքը բացահայտում է, որ վերջինս չդիմանալով անտանելի ցավերին, ինքնասպանություն է գործել։ Նա Ջեյքին Լի Հարվի Օսվալդի մասին մանրամասն նշումներ է թողնում, ինչպես նաև սպորտային իրադարձությունների ցուցակ, որպեսզի անցյալի բուքմեքերների մոտ մեծ խաղադրույքներ կատարի, այդպիսով մոտենալով նրա վերջին ցանկությանը՝ փրկել Քենեդուն։
Ջեյքը կրկին վերադառնում է 1958 թվական։ Փնտրելով Հարրի Դանինգի հորը՝ Ջեյքը սպանում է նրան և ուղևորվում Ֆլորիդա։ Կարոտելով իր աշխատանքը՝ նա տեղավորվում է դպրոցում փոխարինող ուսուցչի պաշտոնում և աշխատում մինչև այն պահը, երբ բուքմեքերի մոտ մեծ գումար հաղթելով լքում է Ֆլորիդան։ Դալլասից ոչ շատ հեռու գտնվող Ջոդի փոքրիկ քաղաքում Ջեյքը կեղծ փաստաթղթերով կրկին անցնում է դպրոցի աշխատանքին։ Ջեյքի կյանքը հունի մեջ է ընկնում․ դպրոցի տնօրենը գնահատում է նրան, նա վաստակում է աշակերտների սերն ու հարգանքը, ինչպես նաև սիրավեպ է սկսում գրադարանավարուհի Սեյդի Դանհիլի հետ։
Սակայն առաքելությունը թույլ չի տալիս վայելել կյանքը։ Ստիպված լինելով մշտապես հետևել Օսվալդին՝ Ջեյքը դուրս է գալիս դպրոցից և փորձում բաժանվել Սեյդիից, ով չի հասկանում նրա այդքան տարօրինակ պահվածքը։ Ջեքը նույնիսկ ստիպված է լինում լքել Ջոդին, երբ դպրոցի տնօրենը բացահայտում է, որ նրա փաստաթղթերը կեղծ են։
Կարիբյան ճգնաժամի սկսելու հետ մեկտեղ Ջեյքը զգում է, որ Սեյդիին օգնություն է պետք և վերադառնում է Ջոդի։ Որպեսզի հանգստացնի Սեյդիին, ով սպասելով ատոմային անխուսափելի պատերազմին, համարյա թե ինքնասպանություն էր գործել, Ջեյքը պատմում է այն ամենը, ինչ տեղի է ունենալու ապագայում։ Գլխի ընկնելով, որ Ջեյքը օտարական է ապագայից, Սեյդին վերականգնում է նրա հետ իր հարաբերությունները։
Ջեյքը որոշում է չսպանել Օսվալդին, մինչև լիարժեք վստահ կլինի, որ հենց ինքն է Քենեդուն սպանողը։ Այդ հարցին վերջնական պատասխան կարելի է տալ 1963 թվականի ապրիլի 10-ին, երբ Օսվալդը դավադրություն կկազմակերպի գեներալ Ուոլքերի դեմ․ եթե Օսվալդը կգործի մենակ, ուրեմն նրա մեղավորության կասկածներն ամբողջովին կընկնեն։ Սակայն հենց այդ օրը անցյալը հակազդեցություն է ցուցաբերում. Քլեյթոնը՝ Սեյդիի նախկին խելագար ամուսինը, փորձում է սպանել նրան։ Ջեյքին հաջողվում է փրկել Սեյդիին, սակայն Քլեյթոնին հաջողվում է ինքնասպանությունից առաջ դանակով ծանր հարված հասցնել Սեյդիի այտին։
Սեյդիի բուժումը մեծ գումարներ արժի։ Ջեյքը կրկին հաղթում է բուքմեքերի մոտ, և կասկածելով նրան անարդար խաղի մեջ, բուքմեքերը հրամայում է իր մարդկանց սպանել Ջեյքին։ Մինչև ուշագնացությունը ծեծված՝ Հարրին գանգուղեղային վնասվածքով տեղափոխվում է հիվանդանոց։ Նա տառապում է հիշողության կորստով և չի կարողանում հիշել Քենեդու սպանողի անունը։ Դավադրությունից ոչ շատ շուտ Ջեյքը վերհիշում է Էլի նշումների մասին, որը գտնվում է բանկի սեյֆում։ Նշումների կարդալն օգնում է նրան վերականգնել հիշողությունը։ Ջեյքը հասցնում է գալ Դալլաս, որտեղ նրան գտնում է Սեյդին։ Նա վախենում է սիրեցյալի անվտանգության համար, սակայն գտնվելով այնպիսի ֆիզիկական վիճակում, որ չի կարող կանգնեցնել Օսվալդին, ստիպված ընդունում է օգնությունը։
Ջեյքը և Սեյդին հաղթահարելով մի շարք դիմադրողականություններ անցյալի կողմից, վերջապես հասնում են Տեխասի դպրոցական գրապահոց, որպեսզի կանխեն սպանությունը։ Ջեյքը շեղում է Օսվալդին, և նա վրիպում է Քենեդու վրա կրակելուց, սակայն սպանում է Սեյդիին։ Նախագահի թիկնապահությունը սպանում է Օսվալդին։
Ջեյքը դառնում է ազգային հերոս, և նրան անձամբ շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի նախագահը։ Սակայն ՀԴԲ-ն (անգլ.՝ FBI) կարծում է, որ Ջեյքը արտասահմանցի լրտես է, ով կանգնեցրել է նախագահի սպանությունը՝ ելնելով իր երկրի հետաքրքրություններից։ Նրանք առաջարկում են Ջեյքին «անհետանալ»։
Վերադառնալով պորտալի մոտ, Ջեյքը հանդիպում է «հետևողին», ով հսկում է ժամանակի շղթաների փոփոխությունները։ Վերջինս զգուշացնում է, որ անցյալի փոփոխությունները շատ վտանգավոր են, քանի որ վերադարձը ամբողջովին չի զրոյացնում դրանք, այլ թողնում է «հետք», ստեղծվում են նոր, այլընտրանքային իրականություններ։ Շատ մեծ փոփոխությունները ավերում են իրականութունը։ Բացի այդ պորտալից կան ուրիշները։ Ժամանակի ընթացքում դրանք անհետանում են, և այս մեկը նույնպես շուտով պետք է վերանա։
Վերադառնալով 2011 թվական, Ջեյքը հայտնվում է մի սարսափելի ապոկալիպտիկ աշխարհ՝ թունավորված ճառագայթմամբ։ Հարրի Դանինգը, ով ներկայի այս տարբերակում դարձել է հաշմանդամ սայլակի վրա, պատմում է, որ Քենեդուն չի հաջողվել 1964 թվականին հաստատել քաղաքացիական իրավունքի մասին օրենքը և չի հանել զորքերը Վիետնամից։ Նրան փոխարինելով՝ ռասիստ Ջորջ Ուոլեսը հրաման է տվել գնդակոծել Հանոյը։ Դրան են հաջորդել բազմաթիվ ատոմային պատերազմներ և տարբեր երկրաշարժեր, որոնք 2080 թվականին պետք է ոչնչացնեն Երկիրը։
Ջեյքը կրկին վերադառնում է 1958 թվական՝ այդպիսով չեղարկելով իր կատարած բոլոր փոփոխությունները։ Այնտեղ նրան հանդիպած «հետևողը» պնդում է, որ նա այլևս չփոխի անցյալը, այլ ուղղակի վերադառնա 2011 թվական, ինչից հետո պորտալը կանհայտանա։ Տատանումներից հետո Ջեյքը վերադառնում է իր ժամանակային շղթա։ Մեկ տարի անց Ջեյքը տեղեկություն է փնտրում Սեյդիի մասին և բացահայտում, որ նա ապրել է երկար ու վառ կյանք։ Ջոդիում Անկախության օրվա առթիվ փառատոնի ժամանակ Սեյդին, ով համարյա 80 տարեկան է, կարժանանա «Դարի քաղաքացի» տիտղոսին։ Ջեյքն ուղևորվում է Ջոդի և հանդիպում Սեյդիին, ով, պարզվում է, հիշում է նրան, չնայած, որ կյանքում առաջին անգամ է տեսնում։ Վեպն ավարտվում է Ջեյքի և Սեյդիի պարով Գլեն Միլլերի «In the Mood» երգի ներքո՝ մեղեդի, որի տակ նրանք համարյա 50 տարի առաջ պարել են առաջին անգամ։
Այլընտրանքային վերջաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 24-ին Սթիվեն Քինգն իր պաշտոնական կայքում հրապարակում է այլընտրանքային վերջաբան։ Ջեյքը 2013 թվականի նոյեմբերին հոդված է գտնում, որտեղ գրված է լինում Սեյդիի մասին։ Նա արդեն 80 տարեկան է։ Նա ամուսնացել է Թրեվոր Անդերսոնի հոտ, ումից ունեցել է հինգ երեխա և դարձել տասնմեկ թոռների և վեց ծոռների տատիկ։ Գրքում տպագրված վերջաբանը փոխարինվել է այս տարբերակով Սթիվենի որդի Ջո Հիլլի խորհրդով[6]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի մասին առաջին անգամ Սթիվեն Քինգը խոսել է 2007 թվականի հունվարի 27-ին, երբ դուրս եկավ «Մուգ աշտարակի» հերթական կոմիքսը։ «Բաց նամակ Սթիվեն Քինգին» անվանմամբ բաժնում գրողը պատմում է[7]․
Ըստ վեպի սյուժեի 1999 թվականի հունիսի 19-ին Վերմոնտում տեղի է ունենում ատոմակայանի պայթյուն։ Ի դեպ, հենց այդ օրն էլ Քինգը ընկել է ճանապարհատրանսպորտային ծանր պատահարի մեջ։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորինված
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյքոբ «Ջեյք» Էփինգ՝ անգլերենի 35-ամյա ուսուցիչ Լիսբոն Ֆոլզի միջնակարդ դպրոցում։ 2011 թվականից ուղևորվում է 1958 թվական և հինգ տարի Ջորջ Ամբերսոն անվան տակ անցյալում ապրելով, կանխում է նախագահ Քենեդու սպանությունը։ Հետ վերադառնալով 2011 թվական, բացահայտում է, որ իր գործողությունները գերել են աղետալի արդյուքներ։ Վերադառնում է անցյալ և չեղարկում բոլոր փոփոխությունները։
- Էլ Թեմփլթոն՝ ճաշարանի տերը և Ջեյքոբ Էփինգի հին ծանոթը։ Բացահայտելով ժամանակի պորտալ դեպի 1958 թվական, երկար նախապատրաստումից հետո ուղևորվում է անցյալ Քենեդու սպանությունը կախնելու նպատակով։ Փորձը ձախողվում է, որովհետև մոլի ծխող Թեմթլթոնը հիվանդանում է թոքերի քաղցկեղով։
- Հարրի Դանինգ՝ ծեր հաշմանդամ, Ջեյքոբ Էփինգի դասարանի աշակերտը։ Մանուկ հասակում նրա հայրը՝ Ֆրենկ Դանինգը սպանել է մորը, եղբայրներին, քրոջը, իսկ իրեն՝ Հարրիին ծեծի ենթարկել մուրճով։ Նրանցցի ողջ է մնացել միայն Հարրին, սակայն դառել հաշմանդամ և չի կարողացել ավարտել դպրոցը։
- Ֆրենկ Դանինգ՝ Հարրիի հայրը։ Սպանել է առաջին կնոջը, սակայն կարողացել է խուսափել պատասխանատվությունից։ Կինը հայտարարվել է անհետ կորած։ Երկրորդ անգամ ամուսնանալուց ունեցել է երկու որդի և մեկ դուստր։ Երբ կինը թողնում է նրան, վերջինս որոշում է սպանել ամբողջ ընտանիքին։ Ողջ է մնում որդիներից միայն մեկը՝ Հարրին։ Ֆրենկ Դանինգը նստում է Շոուշենկի բանտ, որտեղ էլ մահանում է։
- Բիլ Տերկոտ՝ Ֆրենկ Դանինգի առաջին կնոջ եղբայրը։ Նա հասկացել էր, որ Ֆրենկն է սպանել քրոջը, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվել ապացուցել։ Հետևելով նրան, խառնվում է, երբ նա սպանում է ընտանիքին։ Նրա շնորհիվ էլ ողջ է մնում Հարրին․ իսկ Ֆրենկը դառնում է Բիլիի ամբողջ կյանքի նշանակետը։
- Դիկոն «Դեկ» Սիմոնս՝ Տեխասի Ջոդի քաղաքի Դենհոլմյան միացյալ միջնակարդ դպրոցի տնօրենը։ Ընդունում է «Ջորջ Ամբերսոնին» որպես անգլեերնի ուսուցիչ, ամուսնանում Միմի Կորկորանի հետ և անցնում թոշակի։ Ջեյքի միակ ընկերը 1960-ականներում։
- Միմի Կորկորան Սիմոնս («միսս Միմի»)՝ Դենհոլմյան միացյալ միջնակարդ դպրոցի գրադարանավարուհին, Դիկոն Սիմոնսի կինն ու Ջեյքի ընկերը։ Դեկի հետ ամուսնությունից հետո լքում է դպրոցը և մահանում քաղցկեղից։
- Սեյդի Դանհիլ՝ Միմի Կորկորան Սիմոնսից հետո նոր գրադարանավարուհին։ Հեռացել է իրեն վիրավորող և ոչ ադեկվատ ամուսնուց՝ Ջոնիից։ Դառնում է Ջեյքի ընկերուհին։ Որպեսզի ամուսնուց բաժանում ստանա, Սեյդին գնում է Ռինո։ Վերջինս էլ հետևելով հետդարձի ճանապարհին, նրան գերի է վերցնում։ Ջեյքն ազատում է Սեյդիին, ով այլանդակվել է Ջոնիի կողմից, ինչից հետո Ջոնին ինքնասպանություն է գործում։ Բուժումից հետո Սեյդին օգնում է Ջեյքին փրկել Քենեդուն, սակայն ինքն է զոհվում։
- Էլեն Դոքերթի («միսս Էլլի»)՝ Դեկ Սիմոնսի թոշակի անցնելուց հետո դպրոցի նոր տնօրենը։ Սզկբում լավ է վերաբերվում Ջեյքին և գնահատանում նրան որպես ուսուցիչ, սակայն երբ իմանում է, որ բոլոր փաստաթղթերը կեղծ են և նրանից ոչ մի բացատրություն չստանալով, բարկանում է։
Պատմական կերպարներ, հիշատակված գրքում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Քենեդի
- Լի Հարվի Օսվալդ
- Նիկիտա Խրուշչով
- Ժաքլին Քենեդի
- Լինդոն Բ. Ջոնսոն
- Էդգար Գուվեր
- Մարտին Լյութեր Քինգ
- Ֆիդել Կաստրո
- Կառլոս Մարսելո
- Ջորջ դե Մորենշիդտ
- Մարինա Օսվալդ (Պրուսակովա)
- Ռաֆայել Լեոնիդաս Տրուխիլյո Մոլինա
- Էդվին Ուոքեր
- Ջեք Ռուբի
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի օգոստոսի 12-ին Ջոնաթան Դեմմին՝ «Գառնուկների լռությունը» օսկարակիր ֆիլմի ռեժիսորը հայտարարեց, որ սկսել է վեպի ադապտացիայի սցենարի գրումը։ Սթիվեն Քինգը հայտարարվել էր գործադիր պրոդյուսերի պաշտոնում։ Ֆիլմի նկարահանումները ծրագրավորված էին սկսելու 2012 թվականի վերջին[8], սակայն Քինգի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Դեմմին լքեց ծրագիրը[9]։
2016 թվականին տեղի ունեցավ վեպի հիման վրա նկարահանված համանուն սերիալի պրեմիերան, որտեղ գլխավոր դերում է Ջեյմս Ֆրանկոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stephen King follows Delillo, Stone into JFK myth
- ↑ «An excerpt from 11/22/63». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Стивен Кинг напишет роман про убийство Кеннеди
- ↑ «10 Best Books of 2011». The New York Times. 2011 թ․ նոյեմբերի 30.
- ↑ «Stephen King's '11/22/63' his best in a decade». Lvrj.com. 2011 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «11/22/63 Alternate Ending». StephenKing.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Комикс «Тёмная башня», выпуск от 27 января 2007 года, страница 4
- ↑ «Режиссёр «Молчания ягнят» Джонатан Демми экранизирует новый роман Кинга». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Брайан Галлахер (6 декабря 2012). «Stephen King's 11/22/63 Loses Jonathan Demme» (անգլերեն). MovieWeb. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպի պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-28 Wayback Machine
- Հարցազրույց գրքի մասին
- Հարցազրույց գրքի մասին
- Հարցազրույց գրքի մասին
|