Ֆրանկոյի անվան հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկոյի անվան հնագիտական թանգարան
Տեսակթանգարան և հնագիտական թանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԼվով
Պատկանում էԼվովի համալսարան
ՀասցեՈւկրաինա, Լվով, Համալսարանական փողոց 1, 337Universytetska Street, Lviv?
Հիմնադրվել է1893
Կայքmuseums.lnu.edu.ua/archeology/(ուկր.)
Քարտեզ
Քարտեզ

Ֆրանկոյի անվան հնագիտական թանգարան, հնագիտական թանգարան է, գտնվում է Լվովի համալսարանում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լվովի համալսարանում հնագիտական հավաքածուի ձևավորումը սկսվել է 1893 թվականին, երբ դասական բանասիրության պրոֆեսոր Լյուդվիգ Ցվիկլինսկու ջանքերով ստեղծվեց հնագիտության կաբինետը։ Այն ֆինանսավորվում էր ի հաշիվ կառավարական դոտացիաների և անհատական ներդրումների։ Այդ ժամանակ ցուցադրությունը բաղկացած էր անտիկ արվեստի բնօրինակներից ու կրկնօրինակներից, լուսանկարներից ու նկարներից, ինչպես նաև պրոֆեսոր Իզիդոր Շարանևիչի պեղումների հավաքածուից (շուրջ 1.5 հազար գտածո)։

Ժամանակի ընթացքում հնագիտական թանգարանի հավաքածուն համալրվեց շնորհիվ համալսարանի գործընկերների, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության բաժանմունքի աշխատակիցների հնագիտական ամենամյա ցուցադրություների, ինչպես նաև ուսանողների և պատմության ուսուցիչների հայտնաբերած իրերի։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս թանգարանի հավաքածուն տեղակայված է չորս սրահում և ներառում է հնագիտական նյութեր, որոնք ընդգրկում են մարդու զարգացման ընթացքը՝ սկսած հին քարի դարից մինչև ուշ միջնադար։

Առաջին սրահ․ հին քարի դար և միջին քարի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սրահում ցուցադրված են հին քարի դարի նյութեր, աշխատանքի բազմաթիվ գործիքներ, նախամարդու կենցաղային իրեր։ Դրանք ցուցադրում են, թե ինչպես է աստիճանաբար կատարելագործվել գործիքների պատրաստման տեխնոլոգիան՝ սկսած ամենատարրական, կոպիտ գործիքներից մինչև քարից և կենդանիների ոսկորներից պատրաստված տարատեսակ մասնագիտացված իրերը։ Այդ ժամանակի ֆաունայի մասին պատկերացում կարելի է կազմել գտնված կենդանիների, մասնավորապես մամոնտի, խավամազ ռնգեղջյուրի, հյուսիսային եղջերուի ցուցադրված ոսկորներից։

Այս սրահում ներկայացված են նաև նյութեր միջին քարի դարի ժամանակաշրջանից։ Դրանք մատնանշում են նախամարդու անցումը դեպի որսի անհատական ձևերին։

Երկրորդ սրահ․ նոր քարի դար, պղնձի դար և բրոնզի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահն արտացոլում է մարդկության պատմությունը նեոլիթի, պղնձի֊քարի դարաշրջանում և բրոնզի դարի վաղ փուլերում։ Նեոլիթյան շրջանը ներկայացված է գծաերիզավոր կերամիկայի մշակույթի գտածոներով։ Դրանցում ներառված են աշխատանքի տարատեսակ գործիքներ և կերամիկական սպասք։

Թանգարանում ներկայացված է հարուստ հավաքածու էնեոլիթի ժամանակաշրջանից։ Ցուցադրված են տարբեր մշակույթների պատկանող կերամիկական սպասքի տարատեսակներ, կայծքարե գործիքներ (կացին, մանգաղ, դանակ, թիակ), ոսկրե իրեր (բիզ, կարի դեկորատիվ պարագաներ)։

Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տրիպոլյան մշակույթին նվիրված բաժինը։ Այստեղ ներկայացված են նկարազարդ կերամիկական տարաներ, կերակրի ամաններ։ Կարևոր տեղ է հատկացված տրիպոլյան կենդանակերպ և մարդակերպ իրերին։

Բրոնզի դարի վաղ շրջանը ևս ներկայացված է տարբեր մշակույթներին պատկանող իրերի ցուցադրությամբ։ Դրանցում առավելապես ընդգրկված են կերամիկական սպասք, զարդեր, աշխատանքային գործիքներ։ Ուշադրություն են գրավում պղնձե ձկնորսական կարթերը Վոլինի մարզի փոքրիկ քաղաքից։

Երրորդ սրահ․ ուշ բրոնզի և վաղ պղնձի դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ սրահի ցուցանմուշներն արտացոլում են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի պատմությունը։ Այդ գտածոները վերաբերում են կոմարովյան, լուժիցյան, Վիսոցկյան, լատենյան մշակույթներին։

Կոմարովյան մշակույթին նվիրված բաժնում ներկայացված է թաղման գույք Սուրբ Իվանի մոտակայքի գերեզմանաթմբից։ Դրանք կավե տարատեսակ և տարբեր չափերի անոթներ են, բրոնզե դանակ, ձեռքի և ոտքի ապարանջաններ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Վիսոցկյան մշակույթին նվիրված ցուցադրությունը, քանի որ դրանց ուսումնասիրությամբ առաջինը զբաղվել են Լվովի համալսարանի գիտնականները։ Այս բաժնում ցուցադրված են կերամիկական սպասք, թռչունների՝ կերամիկայից պատկերներ, կայծքարե իրեր, դանակներ։

Սրահում ցուցադրված են նաև հունական գաղութների նյութական մշակույթին պատկանող կենցաղային իրեր, կավե սպասք։ Դրանք հիմնականում բխում են Օլվիայից, Խերսոնես Տավրիկյանից, Թիրայից։

Չորրորդ սրահ․ հին սլավոններ և Կիևյան Ռուսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահի ցուցադրությունը նվիրված է մինչև 13-րդ դարի կեսերի արևելյան սլավոնների պատմությանը։ Այստեղ ներկայացված են լիպիցյան, պշևորյան, չերնյախովյան, կորչակյան մշակույթներին պատկանող նյութեր։ Ցուցադրված է պշևորյան զինվորների զինամթերքի հավաքածու, չերնյախովյան ցեղերի աշխատանքային երկաթյա իրերի համալիր։

8-13-րդ դարերի կնյաժյան շրջանը ներկայացված է Գալիչի, Պլեսնեսկի գտածոներով։ Պլեսնեսկում հայտնաբերվել են մետաղյա տարատեսակ իրեր՝ զինամթերք, աշխատանքային գործիքներ, զարդեր, ապակյա ապարանջաններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]