Ֆեյթ Ռենե Էվանս (անգլ.՝ Faith Renee Evans. հունիսի 10, 1973(1973-06-10)[1], Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, ինքնակենսագրական գրքի հեղինակ։
Ծնվել է 1973 թվականի հունիսի 10-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում, մեծացել, հասակ առել Նյու Ջերսի նահանգում՝ Նյուարքում։ Երկու տարեկանից երգել է եկեղեցական երգչախմբում, ավագ դպրոցում սովորելիս մասնակցել է երաժշտական ներկայացումների։ Ընդունվել է Ֆորդհեմի համալսարան, լավ սովորել, կրթաթոշակ ստացել, միաժամանակ կատարելագործվել է ջազային և դասական երգեցողությունում։ Համալսարանում մեկ տարի ուսանելուց հետո թողել է բուհը, որպեսզի ամբողջովին նվիրվի երաժիշտի կարիերային[2]։
Աշխատանք փնտրելու վրա Էվանսը երկար ժամանակ չի վատնել, երգակցել է Hi-Five-ին, Mary J. Blige-ին, Pebbles-ին, Al B. Sure!-ին, Usher-ին, Tony Thompson-ին, Christopher Williams-ին, երբեմն էլ երգեր է գրել նրանց համար։ 1994 թվականին իր երաժշտական շնորհներով գրավել է Շոն Քոումզի ուշադրությունը, և վերջինս նրան հրավիրել է ձայնագրման Bad Boy Records ֆիրմա, որի պրոդյուսերական հիմնական թիմի հետ համագործակցելով՝ Էվանսն արդեն իսկ 1995 թվականին թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Faith»-ը։ Հատկապես դրանում ընդգրկված «You Used To Love Me» և «Soon As I Get Home» սինգլների շնորհիվ վաճառքի ցուցանիշը հատել է մեկ միլիոն օրինակի սահմանագիծը[3]։